Երկրի տիեզերական դարպասները

Երկրի տիեզերական դարպասները

Ի՞նչ է սպասում տիեզերագնացությանը Միջազգային տիեզերակայանից հետո

Վերջերս NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է ֆինանսավորել Միջազգային տիեզերակայանի շահագործումն ու սպասարկումը մինչև 2030 թ-ը։ Դրան հաջորդեց գործակալության զեկույցը, համաձայն որի կայանը կարող է դուրս բերվել ուղեծրից ու խորտակվել Խաղաղ օվկիանոսում արդեն 2031թ-ի հունվարին։ Տասնյակ միլիարդավոր դոլարներ արժեցած նախագիծը, սակայն, բնակելի տիեզերական կայանների պատմության միայն սկիզբն է լինելու։ Ամենահավանական շարունակությունը, որն այսօր ակտիվորեն պլանավորվում է, Lunar Orbital Platform-Gateway լուսնային ուղեծրային տիեզերակայանն է։ Այն NASA-ի, Կանադայի ու Եվրոպական տիեզերական գործակալությունների և Աէրոտիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալության համատեղ նախագիծն է։ Ի սկզբանե ներգրավված էր նաև ռուսաստանյան «Ռոսկոսմոս»-ը, որը 2021թ-ինչպես հայտարարեց մասնակցությունից հրաժարվելու մասին։

PanARMENIAN.Net - Ի՞նչ է իրենից ներկայացնելու Lunar Orbital Platform-Gateway-ը (այսուհետ՝ Gateway). եթե շատ կարճ, ապա այն լինելու է փոքր չափերի բնակելի ուղեծրային տիեզերակայան, որը, ի տարբերություն Միջազգային տիեզերակայանի, պտտվելու է ոչ թե Երկիր մոլորակի, այլ Լուսնի շուրջ: Եթե Gateway-ի ստեղծման ծրագիրը կյանքի կոչվի, ապա դա կլինի առաջին բնակելի ուղեծրային կայանը, որը գործունեություն է ծավալելու Երկրի ուղեծրից այն կողմ՝ խորը տիեզերքում: Հեռանկարում կայանն առանցքային նշանակություն է ունենալու դեպի Արեգակնային համակարգի այլ մարմիններ մարդկանց թռիչքների իրականացման համար:

Մի փոքր պատմություն

Լուսնային ուղեծրային կայանների անհրաժեշտությունը լրջորեն քննարկվել է դեռ 60-ականներին՝ ԽՍՀՄ-ում: Նախորդ դարի 60-ականները ամբիցիոզ ու թանկարժեք տիեզերական ծրագրերի իրականացման ժամանակներ էին, երբ առաջարկվում էին անգամ ավելի շատ գիտաֆանտաստիկ, քան այն ժամանակների տեխնոլոգիական հնարավորությունների համար իրատեսական ծրագրեր: Օրինակ, խորհրդային տիեզերագնաց Սերգեյ Կորոլյովն առաջարկում էր կառուցել նման կայան՝ միջմոլորակային տիեզերական համակարգերի սպասարկման համար:

1960-ականների վերջին ու 70-ականների սկզբին Արեգակնային համակարգի մարմինների յուրացումն ու դեպի հեռավոր մոլորակներ մարդկանց թռիչքները դիտարկվում էին որպես մի քանի տարվա խնդիր: Մարդկանց Լուսին իջեցնելուց ոգեշնչված՝ NASA-ն մշակում էր տիեզերքի յուրացման սեփական խոշորամասշտաբ ծրագիրը, որը ենթադրում էր Երկրից հեռու՝ տիեզերական տարածությունում ենթակառուցվածքների լայնամասշտաբ ցանցի կառուցում: Ավելի քան 70 տոննա կշռող բնակելի լուսնային ուղեծրային կայանը դիտարկվում էր, որպես դրա փոքր մաս: Այն պետք է իրականացներ Լուսնի մակերևույթի ավտոմատացված ենթակառուցվածքների կառավարումը, նաև ապահովեր տիեզերագնացների վայրէջքը բնական արբանյակի մակերևույթ ու նրանց վերադարձը:

Ժամանակները փոխվել են, ու ներկայում տիեզերական նախագծերին հավանություն են տալիս՝ ելնելով միայն դրանց պրակտիկ օգտակարությունից, տնտեսական նպատակահարմարությունից ու խնայողությունից:

Ինչո՞ւ է մեզ պետք բնակելի կայան Լուսնի ուղեծրին

Առաջին հերթին՝ փորձի պահպանման, զարգացման ու փոխանակման համար: Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ գիտահետազոտական արդյունքն ու դրա կիրառումը a priori չեն մնում մարդկանց մոտ, դրանք անհրաժեշտ է պահպանել, զարգացնել ու փոխանցել: Օրինակ, գիտելիքը չփոխանցելու հետևանք էր այն, որ Հռոմեական կայսրության ուշ ժամանակահատվածում կորսվել էր ջրամատակարարման համակարգի՝ ակվեդուկների և այլ ինժեներական լուծումների կառուցման փորձը։ Սովորական պայմաններում գիտելիքի փոխանցման ֆունկցիան իրականացնում են դպրոցներն ու բուհերը, սակայն տիեզերքի հետազոտության ոլորտում հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են:

(Լուսանկար 1. Gateway կայանի ամբողջական պատկերը, որը ներառում է միջազգային գործընկերների մոդուլները։ NASA-ի պաշտոնական կայքից)։

Միջազգային տիեզերակայանի շահագործման 24 տարիների ընթացքում կուտակվել է տիեզերքում համագործակցության ահռելի փորձ, որը կարող է կորել նոր, ավելի բարդ ու հավակնոտ ծրագիր չիրականացնելու դեպքում: Լուսնային կայանը կարող է լինել այդ համագործակցության բնական շարունակությունը, որը թույլ կտա ոչ միայն պահպանել, այլև զարգացնել կուտակված փորձը: Gateway-ի առանցքային տարբերությունը Միջազգային տիեզերակայանից այն է, որ կայանը ծառայելու է առաջին հերթին որպես միջանկյալ հանգույց՝ դեպի Լուսնի մակերևույթ, իսկ հեռանկարում՝ նաև Մարս ու Արեգակնային համակարգի այլ մարմիններ մարդկանց թռիչքների համար: Մասնագետների ճնշող մեծամասնությունը համաձայն է, որ մարսյան թռիչքը այսօր չափազանց բարդ է ու թանկարժեք, ու այն պլանավորելու, տեխնիկական լուծումներ գտնելու, հնարավոր անկանխատեսելի հետևանքներին դիմակայելու համար անհրաժեշտ է միջանկյալ, «մինիմալիստական» լուծում: Լուսնային ուղեծրային կայանը կարող է դառնալ նման լուծումներից:

Դեպի հեռավոր տիեզերք թռիչքների համար ֆորպոստ ծառայելուց բացի, Gateway-ը գործելու է նաև որպես տիեզերական լաբորատորիա. անձնակազմը զբաղվելու է գիտական հետազոտություններով մոլորակագիտության, Երկրի ու Լուսնի դիտարկման, Արևի ֆիզիկայի, ինչպես նաև՝ մարդու առողջության վրա տիեզերական տարածությունում երկար ժամանակ մնալու ազդեցության ոլորտներում: Միջազգային տիեզերակայանում մարդիկ հիմնականում պաշտպանված են ճառագայթումից Երկրի մագնիսական դաշտի ու մթնոլորտի վերին շերտերի շնորհիվ, սակայն լուսնային կայանում այդ առավելությունները չկան: Անհրաժեշտ կլինի կիրառել ռադիացիոն պաշտպանության նոր մեթոդներ, որոնց ստեղծման փորձը հետագայում օգտակար կլինի դեպի Մարս երկարաժամկետ թռիչքների համար:

(Լուսանկար 2. Միջազգային տիեզերակայանի ու Gateway-ի չափերի համեմատությունը։ NASA-ի մասնագետների հեղինակած Gateway Program Status and Overview հոդվածից)։

Միաժամանակ, Gateway-ը կարևոր դեր է կատարելու մարդուն Լուսին վերադարձնելու՝ NASA-ի Artemis ծրագրում: Կայանը կծառայի որպես հարթակ՝ Լուսնի մարևույթ մարդկանց ու ռոբոտացված համակարգեր ուղարկելու ու վերադարձնելու համար:

Ի՞նչ է իրենից ներկայացնելու Gateway-ը

Ինչպես նշեցինք, լուսնային ուղեծրային կայանը պետք է լինի հնարավորինս փոքր, սակայն բնակելի տեխնիկական լուծում: Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում այն բաղկացած է լինելու երկու մասից՝ էլեկտրաշարժիչ մոդուլից (Power and Propulsion Element կամ PPE) ու բնակելի մոդուլից (Habitation and Logistics Outpost կամ HALO):

Էլեկտրաշարժիչ մոդուլը հիմնված է նախկինում մշակվող Asteroid Redirect Mission (ARM) արևային էներգիայով աշխատող ավտոմատացված տիեզերանավի վրա, որը մշակվում էր աստերոիդներից մոնոլիտ կտորներ պոկելու ու հետազոտման համար լուսնային ուղեծիր տեղափոխելու համար: Նախագծից հրաժարվելուց հետո NASA-ն պայմանագիր կնքեց Maxar Technologies ընկերության հետ՝ ARM-ի հիման վրա Gateway-ի էլեկտրաշարժիչ մոդուլի մշակման մասին: 8-ից 9 տոննա զանգված ունեցող մոդուլը համալրված է լինելու 6 կիլովատանոց արևային մարտկոցներով, այն ապահովելու է ամբողջ կայանի էլեկտրամատակարարումը, կապը և ուղեծրային դիրքի կառավարումը:

Բնակելի մոդուլը մշակելու է Northrop Grumman ընկերությունը՝ Cygnus տիեզերանավի բազայի վրա: Այս մոդուլում են բնակվելու տիեզերագնացները, այստեղից էլ իրականացվելու է ամբողջ կայանի կառավարումը, ստացված տվյալների վերլուծությունը, կապը և այլն: Մոդուլում են գտնվելու նաև կայանի կենսապահովման համակարգերը: Մոդուլը նախատեսված է չորս տիեզերագնացի համար, ովքեր ապրելու են այնտեղ 30 օր:

(Լուսանկար 3. PPE ու HALO մոդուլները՝ կցված վիճակում։ NASA-ի Flickr-ի էջից)։

Ժամանակի ընթացքում Gateway-ը կարող է ընդլայնվել նաև այլ մոդուլներով, որոնք ստեղծելու են նախագծի շրջանակներում ընդգրկված միջազգային գործընկերներն ու մասնավոր ընկերությունները: Օրինակ, Եվրոպական տիեզերական գործակալությունը պլանավորում է 2027թ-ին լուսնային ուղեծրային կայան ուղարկել ESPRIT մոդուլը, որը կներառի կայանի իոնային շարժիչներին անհրաժեշտ քսենոնի ու հիդրազինի լրացուցիչ հզորություններ, կապի լրացուցիչ միջոցներ ու հավելյալ շլյուզ գիտական բեռների համար: Եվրոպական տիեզերական գործակալությունը Ճապոնիայի հետ համատեղ նախատեսում է կառուցել նաև միջազգային բնակելի մոդուլ՝ միջազգային գործընկերների տիեզերագնացների աշխատանքի համար:

Ե՞րբ է կառուցվելու կայանը

Եթե ամեն ինչ տեղի ունենա պլանավորվածի համաձայն, առաջին երկու մոդուլները՝ PPE-ն և HALO-ն Լուսին կուղևորվեն 2024թ-ի նոյեմբերից ոչ շուտ: Թռիչքի համար կօգտագործվի SpaceX ընկերության Falcon Heavy գերծանր հրթիռը: Gateway-ը նաև առաջին ուղեծրային կայանն է, որը երկար ժամանակ կարող է աշխատել ավտոմատ ռեժիմում, այնպես որ առաջին տիեզերագնացները կայան կայցելեն 2025թ-ից ոչ շուտ՝ Artemis 3 առաքելության շրջանակներում: Gateway-ը կծառայի որպես միջանկյալ հարթակ՝ Լուսնի մակերևույթ տիեզերագնացների վայրէջքի համար:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---