Հսկան, որ ճեղքում է երկինքը

Հսկան, որ ճեղքում է երկինքը

Համառոտ, բայց մանրամասն՝ NASA-ի նոր գերծանր հրթիռի մասին

Մարտի 18-ին Ամերիկյան աէրոտիեզերական գործակալությունը մեկնարկային հարթակ հանեց իր հեռանկարային Space Lounch System գերծանր հրթիռը։ Սա վերջին ժամանակների կարևորագույն իրադարձությունն էր տիեզերագնացության ոլորտում։

PanARMENIAN.Net - Երկար տարիների սպասումներից, տասնյակ միլիարդավոր դոլարների ծախսերից ու մեկնարկը բազմաթիվ անգամ հետաձգելուց հետո NASA-ն, կարծես, հույս ունի վերջապես փորձարկել նոր հրթիռը։ Նախագծի, դրա նպատակների ու հեռանկարների, նաև՝ քննադատության մասին պատմում ենք մեր նյութում։

Հրթիռը

Դեռ 2004-ին NASA-ն արդեն պլանավորում էր օգտագործել նոր տիպի գերծանր հրթիռներ՝ Constellation առաքելության շրջանակներում: Նպատակների թվում էին՝ թռիչքները Լուսին, Երկրի բնական արբանյակի վրա մշտական կայանի կառուցումն ու, հեռանկարում, դեպի Մարս թռիչքների կազմակերպումը: Constellation-ի գլխավոր տեխնիկական լուծումներն էին Orion տիեզերանավն ու Ares I/Ares V գերծանր հրթիռները, որոնց միջոցով էլ տիեզերանավը պետք է դուրս բերվեր մերձերկրյա ուղեծիր:

2010-ին առաքելությունը չեղարկվեց, իսկ մեկ տարի անց հայտնի դարձավ, որ NASA-ն մշակում է նոր գերծանր հրթիռ՝ Ares I/Ares V-ի փոխարեն: Space Lounch System (SLS) անվանումը ստացած հրթիռը պետք է դառնար Space Shuttle ծրագրի իրավահաջորդն ու 2020-ականներին հեռավոր տիեզերքի ուսումնասիրության համար Աէրոտիեզերական գործակալության գլխավոր հրթիռ:

SLS-ը տեղադրվել է մեկնարկային հարթակում, Քենեդիի անվան տիեզերական կենտրոնում

SLS-ը 111.25 մետր բարձրություն ունեցող գերծանր հրթիռ է, որի տեխնիկական լուծումները փոխառված են Shuttle ծրագրից: Հրթիռի առաջին աստիճանը արագացման համար սնուցվում է հեղուկ-վառելիքային կենտրոնական աստիճանից ու երկու կողային կոշտ-վառելիքային արագացուցիչներից: Առաջին աստիճանի շարժիչային կայանքը բաղկացած է չորս հատ PC-25 շարժիչներից, որոնք նախկինում օգտագործվում էին Space Shuttle ծրագրում:

SLS-ի չափերի համեմատությունը Saturn V հրթիռի հետ. վերջինն օգտագործվել է Apollo ծրագրի շրջանակներում մարդկանց Լուսին հասցնելու համար

SLS-ը աստիճանական զարգացման ընթացքում ներկայացվելու է երեք տարբեր բլոկերով՝ 1, 1B ու 2: Ուղեծիր հանված օգտակար բեռի զանգվածը Բլոկ-1-ի դեպքում կազմելու է 27 տոննա, Բլոկ-2-ի դեպքում՝ 38 տոննա անձնակազմի առկայության դեպքում ու 42 տոննա առանց անձնակազմի, իսկ Բլոկ-3-ի դեպքում՝ 43 տոննա անձնակազմով ու 46 տոննա առանց անձնակազմի:

Արժեքը

SLS-ը մշակվում է՝ սկսած 2011-ից: Գնաճի հետ միասին ծրագրի վրա արդեն իսկ ծախսվել է ավելի քան 23 միլիարդ դոլար, իսկ առաջին մեկնարկները կարժենան մոտ 2 միլիարդ դոլար:

SLS Բլոկ-1-ի կոնֆիգուրացիան

Նպատակները

Ներկայում SLS-ը դիտարկվում է, որպես մարդկանց Լուսին վերադարձնելու Artemis ծրագրի, նաև՝ ծրագրի շրջանակներում մերձլուսնային Gateway ուղեծրային կայանի սպասարկման կոնտեքստում: Սկզբնական շրջանում հրթիռը պետք է ուղեծիր հանի Orion տիեզերանավը, որով էլ աստրոնավտները հասնելու են Լուսին:

Հետաձգումները

SLS-ի առաջին թռիչքը, սկսած 2016թ-ից, հետաձգվել է 15 անգամ՝ բազմաթիվ պատճառներով:

SLS Բլոկ-1B-ի կոնֆիգուրացիան

Հաջորդ պլանավորված թռիչքը

Հաջորդ թռիչքը պլանավորվում է 2022-ի հունիսին: Եթե այն տեղի ունենա, SLS-ը ուղեծիր է հանելու Artemis 1 ծրագրի սարքավորումները ու cubesat ֆորմատի արբանյակներ՝ CubeSat Launch Initiative (CSLI) ծրագրի շրջանակներում: Հրթիռի օգտակար բեռը ուղղվելու է տրանս-լուսնային հետագծով՝ դեպի Լուսին, ինչը Artemis ծրագրերի փորձարկման փուլերից է:

SLS Բլոկ-2-ի կոնֆիգուրացիան

Մարտի 18-ին SLS-ը հանվեց մեկնարկային հարթակ՝ հետհաշվարկի թեստի համար, որի ընթացքում հրթիռի գլխավոր աստիճանը լցվելու է հեղուկ վառելիքով. դրան հաջորդելու է հետհաշվարկը, որը պետք է դադարեցվի շարժիչների միացումից անմիջապես առաջ: Փորձարկման հաջող անցնելուց հետո SLS-ն ապրիլի 3-ին կվերադարձվի Ուղղահայաց հավաքման շինություն:

Քննադատությունները

Մշակման 11 տարիների ընթացքում ծրագիրը բազմիցս արժանացել է քննադատության: Այն վերաբերում էր ինչպես NASA-ի կողմից մրցակցային մթնոլորտը վտանգելուն՝ հաշվի առնելով, որ հրթիռի համար օգտագործվել են Գործակալության մշակած Space Shuttle-ի տեխնոլոգիաները, այնպես էլ ծրագրի մշակման ընթացքում իրականացված խոշոր ծախսերին: Մի շարք ընկերություններ առաջարկել էին տարբեր այլընտրանքներ SLS-ին, սակայն, NASA-ի համոզմամբ, դրանք չեն կարող ավելի էժան ու արդյունավետ լինել իրենց գերծանր հրթիռից:

 Ամենաընթերցվողը բաժնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---