![]() Հնդիկ CEO-ի ֆենոմենըԻնչպես է 1%-ը գրավել ԱՄՆ ՏՏ (ու ոչ միայն) Օլիմպոսը Հնդկաստանի մասին խոսելիս տարիքով կանայք հնդկական սերիալներն են մտաբերում, ավելի երիտասարդները՝ յութուբում քննությունից առաջ իրենց փրկող և թեման դասախոսից ավելի պարզ բացատրող հնդիկ բլոգերներին: Այս ընթացքում աշխարհը քննարկում է համաշխարհային ամենահզոր ընկերություններում հնդիկ ձեռներեցների մեգահաջողությունների գաղտնիքը: ![]() PanARMENIAN.Net - Հնդկական ծագում ունեցող մարդիկ կազմում են ԱՄՆ բնակչության ընդամենը 1%-ը և Սիլիկոնային հովտի աշխատուժի 6%-ը: Այս համամասնության ֆոնին բարձր պաշտոններում հնդիկ մասնագետների թիվն անհամաչափ մեծ է: Միացյալ Նահանգներում IT կազմակերպության հնդիկ տնօրենը պատմում է, թե ինչպես մի անգամ օդանավում հանդիպեց չինացի տարեց կնոջ և սկսվեց միջմշակութային դիսկուրսը: Հնդիկ տղամարդը չինարեն բառարանն էր ուսումնասիրում, երբ կինը խնդրել է լուսանկարել նրան: Խնդրանքը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ Միացյալ Նահանգներում ծնված և մեծացած իր թոռնիկները չեն ուզում չինարեն սովորել, բայց երբ տեսնեն, թե ինչպես է հնդիկ հաջողակ ձեռներեցը սովորում իրենց մայրենի լեզուն, հաստատ կոգևորվեն: Հնդիկները ոգեշնչում են ոչ միայն իրենց հայրենակիցներին, այլև նրանց «մրցակից» համարվող չինացիներին և անկախ ազգությունից՝ հաջողության ձգտող և ամերիկյան երազանքի հետևից գնացող բոլոր երիտասարդներին: Հաջողության այս բանաձևի ամենահեշտ, բայց ոչ համոզիչ պատասխանը կլիներ այն, որ 7 միլիարդ բնակչությամբ աշխարհում Հնդկաստանը 1.3 միլիարդ բնակչությամբ երկիր է: Քանակ-որակ հարաբերակցության մասին վերլուծությունները մասնագետներն անշնորհակալ գործ են համարում և առաջարկում կենտրոնանալ հնդիկների հաջողության 5 օբյեկտիվ պատճառների վրա: Աշխատանքային ի՞նչ ռազմավարություն է որդեգրել Microsoft-ի գործադիր տնօրեն Սատյա Նադելլան, ինչի արդյունքում շուրջ 300 միլիարդ դոլարից Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան հասել է մինչև 2.5 տրիլիոնի: Ի՞նչ մեթոդներով է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայն առավելագույնի հասցրել աշխատողների արդյունավետությունը: Ո՞րն է Adobe-ի ղեկավար Շանտանու Նարայենի, PepsiCo-ի ղեկավար Ինդրա Նույիի և Mastercard-ի արդեն նախկին գործադիր տնօրեն Աջայ Բանգայի հաջողության բանաձևը: Ինչպես 37-ամյա Պարագ Ագրավալը դարձավ Twitter-ի գործադիր տնօրեն և ինչպես են հարյուրավոր հնդիկ մասնագետներ շարունակում այս հաղթարշավը: Այս ֆենոմենը բացատրող բոլոր հոդվածներն առաջին հերթին նշում են, որ կրթությունից բացի առաջնային կարևորություն ունի մշակույթը: Հնդիկ մասնագետների առավելությունների ցուցակում լեզուների իմացությունը վստահաբար առաջին եռյակում է: Հնդկաստանը բազմալեզու մշակութ ունի: Երեխաները մեծանում են նվազագույնը երեք լեզվի ազատ տիրապետելով: Վերլուծաբաններն ասում են, որ մեծ կազմակերպությունների հնդիկ ղեկավարներին լսելիս գրեթե անհնար է տարբերակել, թե որ լեզուն է այդ մարդու համար մայրենի, որը երկրորդ կամ էլ երրորդ: Նրանք ամբողջությամբ տիրապետում են լեզվին և չկա որևէ բան, որ կհուշի, թե այդ մարդիկ պատրաստ չեն արդյունավետ հաղորդակցման: Microsoft-ի և Google-ի մասշտաբներն ունեցող կազմակերպություններում ազատ հաղորդակցվելը ոչ թե պահանջ է, այլ բնականորեն առաջ եկող նախապայման: Հաջորդ նախապայմանը՝ այսպես ասաց սթրեսակայուն լինելն է և անելանելի իրավիճակներում արագ կողմնորոշվելը: Հայտնի փաստ է, որ միլիոնավոր մարդկանց համար Հնդկաստանում գոյատևելու ամենօրյա պայքարը բնազդներ է արթնացնում, որոնք դառնում են այդ ընտանիքի, համայնքի կամ էլ երկրի մշակույթի մի մասը: Այդ մարդիկ անընդհատ փորձույմ են բոլոր ստանդարտներից դուրս լուծումներ գտնել, գոյատևելու ճանապարհին մյուսներից առաջ անցնելու և իրենց առավելություններն ընդգծելու մեխանիզմներ մշակել: Վերլուծաբանների խոսքով, նույնիսկ եթե հաջողակ հնդիկները չեն էլ ծնվել Հնդկաստանում, նրանց ընտանիքի ավանդույթներն ու հայրենիքի՝ սոցիալական դժվարությունների ֆոնին ձևավորված աշխատանքային մշակույթն ամեն դեպքում թողնում են իրենց հետքը: Սա օգնում է նպատակին հասնելու ճանապարհին միջոցներ գտնել նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակներում: Երրորդ՝ հնդիկները գիտեն, թե ինչ է քաոսը և ինչպես է հնարավոր կառավարել ու զսպել այն: Հնդկաստանը ծայրահեղությունների երկիր է: Ճանապարհներին, խանութներում կամ բիզնեսում վարքագծի միասնական կանոնները ոչ միշտ են արդյունավետ, որովհետև ոչ բոլորն են հետևում դրանց: Հնդկաստան առաջին անգամ այցելողներից շատերը փորձում են հասկանալ, թե ինչպես կարող է հասարակությունն անկազմակերպ լինել, բայց ինչ-որ հրաշքով միասնաբար առաջ շարժվել: Այս երկբևեռությունը հնդիկների համար նորմալ երևույթ է և սա արտացոլվում է նաև գործարար աշխարհում: Հնդիկ ղեկավարները արդյունավետ լինելու և լավ արդյունքներ ցույց տալու համար հույսը չեն դնում կարգապահ միջավայրի վրա: Կարողանում են որոշումներ կայացնել նույնիսկ երբ հստակություն չկա, հարցեր լուծել՝ ամենաքաոսային իրավիճակներում: Հնդիկ մասնագետները բազմազգ կազմակերպություններն արդյունավետ ղեկավարելու պոտենցիալ ունեն: Կարևորում են կարծիքների բազմազանությունը, կարողանում են նաև լսել և հաշվի առնել նույնիսկ այն տեսակետները, որոնց, գուցե, սկզբունքորեն դեմ են: Հնդկաստանի բազմազգ միջավայրում հակադարձող կարծիքների առատությունը սովորական երևույթ է: Մյուս կողմից, ամենևին էլ կարևոր չէ՝ ապրում ես Հնդկաստանում, թե մեկ այլ երկրի հնդկական համայնքում: Քաղաքականությունից մինչև մշակույթ, սոցիալական հարցերից մինչև կրոն. Հակադիր կարծիքների պակաս երկու դեպքում էլ չկա: Ժամանակակից կորպորացիաները բազմամշակութային միջավայրի ամենավառ օրինակն են, որովհետև կազմակերպություններն իրենց նախագծերում ներգրավում են տաղանդներ՝ ամբողջ աշխարհից: Հնդիկ ղեկավարների համար սա սովորական երևույթ է: Նրանք սեփական փորձով գիտեն նման միջավայրներում չթշնամանալու գաղտնիքները և գործակցելու հմտությունները: Եվ վերջապես՝ հնդիկներն ունեն ցանկություն և կարողություն շատ արագ ինտեգրվելու նոր երկրների նիստուկացին: Նրանք քամելեոնի նման նոր միջավայրում հարմարվելու և գոյատևելու ունակություն ունեն, նաև պատրաստակամություն՝ իրենց հյուրընկալած երկիրը սեփական տան պես ընդունել: Նաև այս հատկանիշների շնորհիվ է, որ տեղացիներն ավելի հեշտ են ընդունում հնդիկներին իրենց միջավայրում: Հնդիկները Միացյալ Նահանգներում ամենակրթված միգրանտներն են: 2016-ի տվյալով նրանց 77 տոկոսն ունի նվազագույնը բակալավրի աստիճան: Հատկապես տարածված են գիտական, ինժեներական և տեխնոլոգիական ուղղությամբ ֆակուլտետները: Փորձագետները հնդիկների հաջողությունը բանաձևում են որպես ամերիկյան և հնդկական լավագույն արժեքների ու ավանդույթների միավորում: ![]() ![]() Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները ![]() ![]() ![]() Խաղային ամառ ![]() Վերջին սլոուփոքը ![]() Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |