![]() Մանր չկա ու չի լինելուԻնչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Տեխնոլոգիական հեղափոխությունների այս դարաշրջանի ամեն նոր օր նոր կանոններ է թելադրում: Զարգացող երկրներն էլ, զարգացածների հաջողության օրինակին հետևելով, փորձում են քայլել ժամանակին համընթաց: Մեր առօրյայի մաս դարձած անկանխիկ, արդեն նաև անհպում վճարումերը սրա ամենապարզ դրսևորումն են: ![]() PanARMENIAN.Net - Արդեն այս ամառ, ավելի կոնկրետ՝ հուլիսի մեկից, անկանխիկ գործարքների հայաստանյան «տիրույթում» փոփոխություններ են սպասվում: PanARMENIAN.Net ը պատմում է միջազգային փորձի և անկանխիկ ապագայի տեսլականի մասին: Նախ՝ հակիրճ հասկանանք, թե ինչ է փոխվելու մեր կյանքում, երբ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնի: Ի դեպ, անկանխիկ գործարքն այս դեպքում կարող է ներառել և քարտով վճարումները, և բանկային հաշվից փոխանցումները, և վճարային այլ համակարգով արված վճարումները: Առաջին և հիմնական կետերից մեկն այն է, որ 300,000 դրամը գերազանցող գործարքները պետք է կատարվեն միայն բանկային քարտով կամ փոխանցումով: Նախկինում սահմանային արժեքը 3 միլիոն դրամ էր: Հասկանանք օրինակով: Եթե որոշել եք կահույք կամ էլ կենցաղային տեխնիկա գնել, և եթե դրա արժեքը գերազանցում է 300,000 դրամը, ապա կանխիկ վճարումը բացառվում է: Ի դեպ, եթե գործարքը երկու կազմակերպության միջև է արվում, ապա որևէ նշաձող չկա՝ բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Օրենքի որոշ ժամկետներ տարբեր են Երևանի և մարզերի համար, բայց մեծ հաշվով այս օրենքի վերջնանպատակը մեր երկիրն անկանխիկ գործարքների տիրույթում մի քանի քայլ առաջ տանելն է: Օրինախախտները տուգանվելու են 500,000-ից մինչև 2 միլիոն դրամի չափով: Մեկ տարում նույն խախտումը երկրորդ անգամ անելու դեպքում ստիպված կլինեք վճարել 1-ից 4 մլն դրամ: Հիմա հասկանանք, թե օրենքն առաջարկելու ճանապարհին որոնք էին կառավարության հիմնավորումները: Նախ՝ թափանցիկություն: Անկանխիկ գործարքները հետագծելի են: Սա նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազում են: Նվազում է նաև այսպես կոչված «ստվերը», հարկերից խուսափելը դառնում է շատ ավելի բարդ ու ռիսկային: Կմեծանան նաև ֆինանսական միջնորդության ծավալները: Երկարաժամկետ հեռանկարում էլ նկատելի են դառնում տնտեսական դրական ազդակները: Այս փաստարկների ամրությունն ու արդյունավետությունն ավելի ուշ կչափենք միջազգային փորձի և օրինակների սանդղակով: Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների քանակի և ծավալի հստակ աճ կա և սա նաև փաստում է Կենտրոնական բանկը: Հուլիս 1-ից փուլային ուժի մեջ մտնող անկանխիկի մասին օրենքի փոփոխություններից հետո այս ցուցանիշն անխուսափելիորեն աճելու է: Հայաստանի բանկերի միության տվյալով, օրինակ` ՀՀ-ում 2021-ին վճարային քարտերով կատարվել է 164,349,613 գործարք, որը 2020-ի համեմատ` ավելացել է 75,054,525-ով կամ 84.1%-ով: Վճարային քարտերով 4,291,367 մլն դրամի գործարք է արվել՝ 2020-ի համեմատ ավելանալով 1,540,291 մլն դրամով կամ 56%-ով: Անկանխիկ գործարքների առումով, հայաստանյան բանկերի ցանկում շուկայի առաջատարն Ամերիաբանկն է՝ 2021-ի չորրորդ եռամսյակի դրությամբ բանկի թողարկած քարտերի անկանխիկ գործարքների քանակի (22.7%) և ծավալի (25.8%) մասնաբաժնով: Ի դեպ, 2020-ի համեմատ Ամերիաբանկը ՀՀ-ում ապահովել է անկանխիկ շրջանառության ծավալի 70%, իսկ արտերկրում` շրջանառության 52% աճ: Հիմա անցնենք միջազգային փորձին: Զարգացած մի շարք երկրներում կանխիկ վճարումների մշակույթն արդեն վաղուց որոշել են թողնել անցյալում և հիմա քայլ առ քայլ շարժվում են այդ ուղղությամբ: 2018-2019 թվականներին համաշխարհային անկանխիկ գործարքներն աճել են գրեթե 14%-ով՝ հասնելով 708.5 միլիարդի, ինչը վերջին տասնամյակում գրանցված աճի ամենաբարձր տեմպն է: Հաջողված օրինակները մեկ ընդհանրություն ունեն՝ անկանխիկ գործարքների անցնելու ճանապարհին բազմաշերտ խնդիրներին միակողմանի լուծումներ չեն տալիս: Օրենսդրական կարգավորումներից մինչև տեխնիկական հագեցվածություն, հանրային տրամադրություններից մինչև թվային նոր հարթակների ներմուծում: Նպատակին հասնելու փաթեթային լուծումն ամենաարդյունավետն է: Կրկին խոսենք օրինակներով: Օրենսդրորեն կանխիկ վճարումների սահմանափակումներ կան Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և եվրոպական մի շարք երկրներում: Սրան զուգահեռ՝ Իսլանդիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և ևս մի քանի եվրոպական երկրներում օրենսդրական սահմանափակումներ չկան: Այս երկրներից յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, որ անկանխիկ գործարքների բարձր ցուցանիշն ու հաջողված համակարգը կախված չեն միայն օրենսդրական բաղադրիչից: Իրականում, օրենքով պարտադրվող սահմանափակումները հարցի մի կողմն են միայն: Մինչև հարցի մյուս կողմին հասնելը, երկու բառ՝ օրենսդրական դաշտից: Բելգիայում 2014 թվականից 3000 եվրոյից ավելի գործարքներն արվում են անկանխիկ եղանակով: Օրենքի պահանջը խախտողները կարող են տուգանվել 250-ից մինչև 225,000 եվրո: Հունաստանում կանխիկով վճարելու սահմանափակումը մինչև 1500 եվրո է, կան նաև դեպքեր, օրինակ՝ իրավաբանական անձանց դեպքում, որ առանց բացառության բոլոր գործարքներն արվում են անկանխիկ: Անկանխիկ գործարքների բարձր ցուցանիշով մեկ այլ օրինակ էլ Ֆրանսիան է, որտեղ օրենսդրական փոփոխություններն արեցին 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո: Հաջողության պատմությունների թոփում, անկասկած, Շվեդիան է: Այս երկրի կառավարությունն ու հանրությունը կարծես ընդհանուր հայտարարի են եկել և համերաշխ են այն գաղափարի հետ, որ Շվեդիան պետք է դառնա առաջին երկիրը, որտեղ կանխիկ վճարումները գրեթե ամբողջությամբ բացառված են: Դեռ 2018 թվականին շվեդների միայն 13 տոկոսն է հայտնել, որ վերջին գնումների համար կանխիկ գումար է օգտագործել: Դրանից 8 տարի առաջ՝ 2010-ին, այդ ցուցանիշը 40 տոկոս էր: Մեկ այլ հարցման համաձայն էլ Ստոկհոլմում մարդկանց մեծ մասը դժվարանում է մտաբերել, թե վերջին անգամ երբ է գրպանում մանրադրամի շխշխկոց լսել: Սա այն կետն է, երբ օրենսդրական փոփոխություններից անդին պետք է հասկանանք, թե ինչ այլ մեթոդներ են կիրառել հաջողված փորձ ունեցող երկրները: Շվեդիան, բացի «անկանխիկ պետություն» տիտղոսից, ունի նաև մեկ այլ՝ թվային տեխնոլոգիաների պիոներներից է: Պետական աջակցությամ, Կենտրոնական բանկ և ևս 6 բանկի գործակցությամբ Շվեդիայում ստեղծված թվային Swish հարթակը, օրինակ, անկանխիկ վճարումները դարձրել է արագ, հարմար և անվտանգ: Այս եռյակն այն է, ինչ պետք է սովորական քաղաքացուն՝ առօրյա վճարումներ անելիս: Իսկ ինչո՞վ են հաջողություն գրանցած այս երկրները կարևորում անկանխիկ փոխանցումները և ինչո՞ւ են որոշել, որ թղթադրամները պետք է թողնել անցյալում: Ամենապարզ ու նաև ամենակարևոր պայմաններից մեկը՝ հարմարավետություն: Ֆինանսական գործարքներն արագ և հարմար իրականացնելու ձգտումը, հավանաբար, թվայնացման ամենամեծ շարժառիթն է: Փորձի վրա հիմնված հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ մեկ այլ կարևոր շարժառիթ էլ ծախսերի և եկամուտների հստակ պատկեր ունենալն է, որ ամենակարևորն է, այդ գործարքների հետագիծը տեսանելի է, փաստարկված և ամեն րոպե հասանելի: Տնտեսագետները նաև կարծում են, որ սա կնպաստի այսպես կոչված բյուջետային կարգապահության և գումարն ավելի նպատակաուղղված ծախսելուն: Մեկ այլ հիմնավորում էլ այն է, որ գողության դեպքում ռիսկերը շատ ավելի քիչ են: Քարտը կամ օնլայն դրամապանակը հնարավոր է արգելափակել, իսկ ավտոբուսում կորցրած դրամապանակը գտնելու շանսերը, ինչպես գիտենք, այդքան էլ մեծ չեն: Իհարկե, թվայինի դեպքում էլ կա ֆիշինգի վտանգը և այստեղ ևս անելու շատ բան կա, բայց սա քննարկման այլ թեմա է: Եվ վերջում չմոռանանք, որ մեր անձնական և անհատական հարմարավետությունից ու շահերից բացի անկանխիկ գործարքները նաև ուղիղ ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն տնտեսությունները, որոնք մեծամասամբ հիմնված են կանխիկ միջոցների վրա, հակված են դանդաղ աճի և բաց են թողնում զգալի ֆինանսական օգուտներ: Մյուս կողմից, թվային տարբերակը նախընտրած տնտեսությունները կարող են տարեկան ՀՆԱ-ն բարձրացնել մինչև 3 տոկոսային կետով: Նանե Մանուկյան ![]() ![]() Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը ![]() ![]() ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |