«ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՀԱՐՑՈւՄ ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՀԱՆՋԿՈՏ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ»

- պնդում են արեւմտյան վերլուծաբանները` զարմացած լինելով հակաիրաքյան կոալիցիայի մեջ Ադրբեջանին ներգրավելու փաստով:

Պաշտոնական Բաքուն լիովին աջակցեց Իրաքի դեմ առանց ՄԱԿ-ի թույլտվությամբ ամերիկացիների սկսած ռազմական գործողությունները: Ադրբեջանը դարձավ Վաշինգտոնի կողմից ղեկավարվող կոալիցիայի անդամ 30 պետություններից մեկը: Այսպիսով, կարելի է ասել, որ Ադրբեջանն Իրաքի դեմ պատերազմի մեջ է: Առայժմ միավորման մեջ նրա մասնակցությունը սահմանափակվում է անգլոամերիկյան ռազմական ինքնաթիռներին օդային տարածք տրամադրելով: Բաքվի ԶԼՄ-ների հավաստմամբ, օրեր են լինում, երբ «Բինա» օդակայանում վայրէջք են կատարում 10-ից ավել «Հերկուլես» ինքնաթիռներ:
PanARMENIAN.Net - Ռազմական միության Ադրբեջանի նման երկրների ներգրավումը զարմանք է առաջացնում արեւմտյան երկրների շատ հասարակական գործիչների մոտ: Օրինակ, Վիեննայում գործող Մամուլի միաջազգային ինստիտուտի տնօրեն Յոհան Ֆրիցը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել հրաժարվել համագործակցել ժողովրդավարության չափանիշները ոտնահարող երկրների հետ: «Կոալիցիայի մեջ հայտնված շատ պետությունների կառավարություններ ամեն հնարավոր բան արել են իրենց երկրներում անկախ ԶԼՄ-ները վերացնելու համար»,- պնդում է Ֆրիցը: Այդպիսի երկրների շարքում նա մասնավորապես նշել է Ադրբեջանը, Եթովպիան, Կոլումբիան, Ուսբեկստանը: «Այն դեպքում, երբ Միացյալ նահագները եւ Մեծ Բրիտանիան խոստանում են ժողովրդավարություն հաստատել ետպատերազմյան Իրաքում, բռնապետական պետությունների հետ Վաշինգտոնի եւ Լոնդոնի համագործակցությունն անհանգստություն է առաջացնում»:

Միչիգանում հրապարակվող «Մայրուղի» ամսագիրը նույնպես օրերս իր զարմանքն է արտահայտել զինակիցների ընտրության հարցում Միացյալ նահանգների վարչակարգի անհետեւողական լինելու փաստի վերաբերյալ: Ամսագրի մեկնաբանը հարց է առաջադրում. «ի՞նչ դրական հետեւանքներ կարելի է սպասել ժողովրդավարական չափանիշներով Իրաքից ոչնչով չտարբերվող պետությունների հետ համագործակցելուց»: «Հենց պետդեպարտամենտը չի երաշխավորում Ամերիկայի քաղաքացիներին այցելել զինակիցների ցուցակում ընդգրկված 7 պետություններ, քանի որ վերջիններս այնտեղ կարող են սպանվել կամ գողացվել»,- գրում է «Մայրուղին»: «Հնարավոր է արդյո՞ք իրական օգնություն ակնկալել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Պանաման, Կոստա-Ռիկան, Սալվադորը եւ Ադրբեջանը»,- հարցնում է լրագրողը:

Նախկինում եւս ամերիկյան վերլուծաբանները կասկած էին հայտնել «գործընկերների թեկնածուներին» Սպիտակ տան կողմից տրվող չափանիշների օբյեկտիվության առնչությամբ: Հունվարին պետդեպարտամենտը հրապարակել էր անկախ փորձագետների խմբի զեկույցը, որտեղ քննված էր զարգացող երկրների` Վաշինգտոնին տրամադրած օգնության համապատասխանության հարցերը Միացյալ նահանգների շահերին: Զեկույցի հեղինակներն Ադրբեջանը դասել էին այն երկրների շարքին, որտեղ ոտնահարվում են ժողովրդավարական սկզբունքները, եւ որոնք օգտագործում են ամերիկյան օգնությունը բռնապետական կարգն ամրապնդելու համար: Ուսումնասիրողների եզրակացությունը միանշանակ է` Ադրբեջանի, Կամբոջայի, Կամերոնի, Եգիպտոսի, Հաիթիի, Քենիայի եւ Մարոկոյի հետ Միացյալ նահանգների համագործակցությունը կարող է հակասել Ամերիկայի շահերին եւ ազգային անվտանգությանը: Համաձայն պետդեպարտամենտի փորձագետների, թվարկված պետություններն ունեն «կեղծ ժողովրդավարական վարչակարգեր» եւ առանձնանում են քաղաքացիական ազատության մակարդակի ամենացածր ցուցանիշներով: Ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանին, ապա զեկույցում ասվում է, որ այդ պետության իշխանությունը «դժվարությամբ է համակերպվում բազմակուսակցական ընտրությունների, մի փոքր անգամ այլակարծության կամ ազատության հետ»: Նրանց գնահատականներով, «այստեղ խորհրդարանը գոյություն ունի միայն շղարշելու համար բռնապետական վարչակարգը եւ ծառայում է որպես միջոց միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար»:

Վաշինգտոնի կողմից հակաիրաքյան կոալիցիայում ներգրավված շատ պետությունների վարչակարգերն ամենեւին չեն տարբերվում Սադդամի վարչակարգից: «Ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու» հայտնի ասացվածքը տվյալ դեպքում ամերիկացիներին լավագույնս չի բնութագրում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---