ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈւՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԷԿԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ

Այսպիսի եզրակացության կարելի է հանգել օրերս վրացական խորհրդարանական հանձնաժողովի հրապարակած հաշվետվությունից:

Անցյալ շաբաթ Վրաստանի խարհրդարանի մի խումբ պատգամավորներ հանդես եկան սենսացիոն հայտարարությամբ: Նրանց հաջողվել է բացահայտել վերջին տաս տարում Վրաստանի տարած էներգետիկ ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը: Օրենսդիրների ստեղծած ճգնաժամի պատճառները քննող հատուկ հանձնաժողովը պարզել է, որ Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարի գիտությամբ շատ կազմակերպություններ գաղտնի էլեկտրաէներգիա են վաճառում Ադրբեջանին:
PanARMENIAN.Net - «Ճգնաժամի պատճառներից մեկը էլեկտրաէներգիայի անօրինական արտահանումն է Ադրբեջան»,- օրենսդիր մարմնի նիստի ժամանակ հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հերակլ Չուբինիշվիլին: Գործընկերներին ներկայացնելով բացահայտված խախտումների մասին հաշվետվությունը` նա իրավապաշտպան մարմիններին կոչ է արել անցկացնել գործի առավել մանրամասն քննություն եւ պատժել մեղավորներին: Պատգամավորները երկրի նախագահից պահանջել են պաշտոնից ազատել Վառելիքի եւ էներգետիկայի նախարար Դավիթ Մուրտսկուլավին, որը հովանավորել է էլեկտրաէներգիայի գաղտնի վաճառքը:

Էլեկտրաէներգիայի անօրինական արտահանումն Ադրբեջան կարելի էր դիտել որպես կոռուպցիայի հերթական դրսեւորում, որն ամենեւին առնչություն չունի քաղաքականության հետ: Բայց հարցն այն է, որ Վրաստանը հարեւան երկրին վաճառում էր Հայաստանից գնված էլեկտրաէներգիան: Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանը անուղղակիորեն օգնել է Ադրբեջանին հաղթահարելու էներգետիկ ճգնաժամը, այդպիսով նպաստել ադրբեջանական տնտեսության զարգացմանը եւ մեղմացրել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանը Հայաստանից ամսեկան գնում է 50-ից մինչեւ 120 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Փետրվարին Թբիլիսիի էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականատեր ամերիկյան «AES-Թելասի» ընկերությունն ինչ-որ պատճառով որոշեց Հայաստանի հետ պայմանագիրը չերկարեցնել եւ նախընտրեց էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից: Սակայն Վրաստանի տարածքում էլեկտրաէներգիայի գողացման պատճառով ռուսական էլեկտրաէներգիայի զգալի մասն այդպես էլ չհասավ Թբիլիսի: Արդյունքում վրացական մայրաքաղաքի շատ թաղամասերում վերսկսվեցին հովհարային անջատումները: Նման պայմաններում «AES-Թելասի»-ին ստիպված եղավ կրկին անգամ դիմել հայկական «Արմէներգո» ընկերության օգնությանը, որն էլ կարճ ժամկետներում վերսկսեց էլեկտրաէներգիայի մատակարարումը` ժամում 60 միլիոն կիլովատ ծավալով եւ կանխարգելեց ճգնաժամի խորացումը:

Նկատենք, որ հաշվի առնելով հարեւան պետության առջեւ ծառացած լուրջ հիմնախնդիրը, հայկական կողմը մատակարարումը չպայմանավորեց պարտքերի մարմամբ: (Վրաստանի պարտքը հասնում է մոտ 5 միլիոն դոլարի): Հայաստանի էներգետիկայի նախարարությունը նույնպես արդեն մի քանի տարի է չի փոփոխում էլեկտրաէներգիայի գները, չնայած որ այլընտրանքի բացակայությունը նրան լիովին թույլ է տալիս թելադրել գները: «Արմէներգոն» նախկինի պես վրացիներին էլեկտրաէներգիան վաճառում է մեկ կիլովատ ժամի համար 25 ցենտով, այն դեպքում, երբ հայ սպառողը ստանում է նույնչափ կլիովատը 4.3 ցենտով:

Երեւանում ոչ ոք էլ գլխի չէր ընկել, որ Վրաստանին տրամադրվող էլեկտրաէներգիայի մի մասը կանցնի Ադրբեջան: Սենսացիոն տեղեկությունն, իհարկե, կարող է բացասական ազդեցություն ունենալ հայ եւ վրացի էներգետիկների հարաբերությունների վրա: Բայց այն փաստը, որ Ադրբեջան է մտնում հայկական էլեկտրաէներգիա, Հայաստանում զայրույթ չի առաջացրել: Ի տարբերություն պաշտոնական Բաքվի, պաշտոնական Երեւանն ամենեւին դատապարտելի չի համարում հակամարտող երկրների միջեւ ձեւավորվող փախշահավետ տնտեսական, առեւտրական եւ էներգետիկ կապերը: Եթե Ադրբեջանն էլեկտրաէներգիայի այդչափ կարիք ունի, ապա ընդհանուր առմամբ Հայաստանը դեմ չի լինի անմիջական մատակարարման: Հիշեցնենք, որ Ադրբեջանին սահմանակից հայկական մարզերի վարչական մարմինները մեկ անգամ չէ, որ դրական պատասխան են տվել հարեւան ադրբեջանական շրջանների խնդրանքին` սահմանային գծով խմելու եւ տեխնիկական ջրի տրամադրմանը: Եւ միայն Բաքվի «անգղների» հանդեպ ունեցած վախն է ստիպել գյուղացիներին հրաժարվելու Հայաստանից ջուր վերցնել` վերացման դատապարտելով իրենց բերքը:

Պարտվածի բարդույթն ադրբեջանական ղեկավարության մոտ տարօրինակ կերպով է դրսեւորվում: Պաշտոնական քարոզիչները ժողովրդի թշնամի են հայտարարում այն ձեռներեցներին, որոնք կապի մեջ են մտնում հայ արտադրողների հետ կամ վրացի միջնորդներով հայկական ապրանք են ներկրում: Չնայած դրան, Բաքվի խանութների շատ ցուցափեղկերում նախկինի պես հանդիպում են երեւանյան արտադրության ծխախոտներ, կոնֆետներ, կոշիկ, սննդամթերք: Ադրբեջանի դատախազությունը նույնիսկ այս փաստի առնչությամբ քննություն է անցկացրել եւ պարզել, ու մեծիմասամբ ապրանքը ներկրվում է վրացական մեծածածախ շուկաներից: Մաքսային կոմիտեի նախագահ Քյամալլեդին Հեյդարովը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն անկարող է պայքարել հայկական արտադրանքի ներկրման դեմ եւ իր համերկրացիներին կոչ է արել «հայրենասիրություն ցուցաբերել եւ թշնամական երկրում արտադրված ապրանքը չգնել»:

Այս ամենով հանդերձ, սակայն, Ադրբեջանը Վրաստանից գաղտնի էլեկտրաէներգիա է գնում, պահվածք ընդունելով, թե տեղյակ չէ դրա ծագման մասին: Իհարկե հնարավոր չէ ապացուցել, որ Բաքու է ներկրվել հենց հայկական էլեկտրաէներգիան: Սակայն Վրաստանից էլեկտրաէներգիայի ձեռք բերումը հանգեցնում է նրան, որ «AES-Թելասի» ընկերությունը ստիպված մեծացնում է Հայստանից գնվող էլեկտրաէներգիայի ծավալները: Այսպիսով, ըստ էության, ստացվում է, որ Ադրբեջանը էլեկտրաէներգիա է ձեռք բերում հենց Հայաստանից: Հատկանշական է, որ դեռեւս մեկ տարի առաջ ադրբեջանցի չինովնիկները կտրանակապես մերժեցին Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ձեռք բերումը, նույնիսկ այն դեպքում, եթե այն մատակարեր ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությունը: «Մենք Հրազդանի էլեկտրաէներգիայի կարիքը չունենք: Նշանակություն չունի, թե ՀԷԿ-ը կպատկանի Հայաստանին, թե Ռուսաստանին»,- այն ժամանակ հայտարարեց Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարի էներգետիկ հարցերով խորհրդական Կերիմ Ռամանազովը: Նրան աջակցեց նաեւ «Ազերէներժի» ընկերության նախագահ Ակշին Քյազիմզաձեն` նշելով, որ մինչ ղարաբաղյան հարցի կարգավորումը Ադրբեջանը Հայաստանին ձեռնտու քայլեր չի ձեռնարկի: Իսկ վառելիքի եւ էներգետիկայի նախարար Նազիմ Բայրամովը հայտարարեց, որ «ոչ մի չափի շահույթը չի կարող Ադրբեջանին ստիպել գործընկերային հարաբերություններ հաստատել հայերի հետ»:

Վրացական խորհրդարանականների ուսումնասիրությունների արդյունքներից դատելով` այդ բոլոր ամբոխավարական կարգախոսները տեղացիներին հանգստացնելու համար էին միայն: Ակնհայտ է, որ ադրբեջանցի ղեկավարներն ամեն դեպքում համոզվել են, որ հնարավոր չի լինի հաղթահարել ճգնաժամն առանց Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության: Հայտնի է, որ Ադրբեջանի էներգահամակարգի փաստացի հզորությունը կազմում է ժամում շուրջ 3 միլիարդ կիլովատ, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի իրական պահանջարկը կազմում է 4 միլիարդ: Ակնհայտ է, որ եթե երբեւէ Բաքվում որոշեն բավարարվել սեփական էներգաաղբյուրներով, ապա տնտեսության ճգնաժամն անխուսափելի կլինի: Այս տեսանկյունից, կարելի է ասել, որ Ադրբեջանի բախտը բերել է, որ Հայաստանը, էներգետիկ հսկայական կարողություններ ունենալով, չի խորշում նրա հետ գործ ունենալուց:

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---