ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՀԸ ՀՂԻ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Լիբանանի հիմնական համայնքների միջեւ հակամարտության սրման արդյունքում երկրի հայ համայնքը կարող է կորցնել իր ունեցած քաղաքական ազդեցությունը:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կառավարության ղեկավար Ադրանիկ Մարգարյանն իրենց ցավակցություններն են հղել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդին այդ երկրի էքս-վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կապակցությամբ: Լիբանանի առաջատար քաղաքական գործիչը Հայաստանի հետ խիստ բարեկամական կապերով էր կապված, որոնք ամրապնդվեցին նախանցյալ տարի նրա Երեւան այցելության ժամանակ: Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ նախկին վարչապետի ողբերգական մահը կարող է խիստ բացասաբար ազդել Լիբանանի հայկական համայնքի ազդեցության վրա:
PanARMENIAN.Net - 60-ամյա միլիարդատեր Հարիրին, ում 70-ական թվականների վերջին «Ֆորբս» ամսագիրը ներառել էր մոլորակի ամենահարուստ հարյուր անձանց ցուցակում, հսկայական ներդորւմ է ունեցել իր երկրի տնտեսական զարգացման մեջ: Կրկնակի անգամ ղեկավարելով երկրի կառավարությունը` նա թողեց վարչապետի պաշտոնը 2004թ.-ի նոյեմբերին նախագահ Էմիլ Լահուդի հետ ունեցած հակասությունների պատճառով, ով սահմանադրական փոփոխությունների շնորհիվ կարողացավ երրորդ անգամ մնալ նախագահի պաշտոնում: Ընդդիմության շարքերն անցնելով` Հարիրին սկսեց միավորել այն ուժերը, որոնք պահանջում էին Լիբանանից անհապաղ հեռացնել սիրիական զորքերը: Սուննիթ Հարիրիի կողիքն հայտնվեցին տարբեր քաղաքական կուսակցություններ, ազգային խմբավորումներ եւ ուղղություններ ներկայացնող քաղաքական գործիչներ` դրուզական համայնքի առաջնորդները, քրիստոնյաների բանակի նախկին հրամանատար Միշել Աուն, եւ նույնիսկ մարոնիթական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչները: Մեկնաբանները կանխատեսում էին, որ Ռաֆիկ Հարիրիի շնորհիվ ընդդիմությունը կարող էր լիարժեք հաղթանակի հասնել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Ինչ կլինի նրա մահից հետո, ոչ ոք չի համարձակվում ենթադրել:

Հարիրիի հաղթանակը կհանգեցներ աշխարհաքաղաքական իրադրության փոփոխմանը, քանի որ նրա շնորհիվ երկրից դուրս կբերվեին սիրիական զորքերը: Հարիրիի կողմնակիցները, ինչպես նաեւ Իսրաելի եւ ԱՄՆ-ի որոշ ուժեր կատարվածում մեղադրում են Սիրիային: Ակնհայտ է, որ այս ահաբեկչությունը Վաշինգտոնը կօգտագործի Դամասկոսի դեմ: Սիրիայում եւ Լիբանանում ստեղծվող իրադրությունը չի կարող անտարբեր թողնել Հայաստանին, քանի որ այդ երկրներում բնակվում է մի քանի հարյուր հազար հայ:

Լիբանանի հայկական համայնքը մշտապես փորձել է չեզոք դիրք գրավել եւ նորմալ հարաբերությունների մեջ լինել բոլոր քաղաքական ուժերի հետ: Սակայն Էմիլ Լահուդը միշտ էլ ավելի ընդունելի է եղել հայերի համար, քան Ռաֆիկ Հարիրին: Բանն այն չէ, որ Լահուդը քրիստոնյա է, իսկ Հարիրին` մուսուլման: Եվ ոչ նաեւ այն պատճառով, որ Լահուդի մայրը եւ կինը հայեր են: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ վարչապետ Հարիրին խախտեց իշխանության ձեւավորման սկզբուքնների մասին 1976թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ փաստաթղթի հիմքի վրա էլ եւ ստեղծել է Լիբանանի Սահմանադրությունը: Համաձայնագրով նախատեսվում էր ազգային եւ կրոնական համայնքների ներկայացուցիչների առկայություն կառավարությունում: (Ինչպես հայտնի է, բացի արաբ-սուննիթներից, արաբ շիիթներից , արաբ-մարոնիթներից եւ հայերից երկրում բնակվում են նաեւ քրդեր, ասորիներ, ալաններ, հրեաներ): Հայկական համայնքին տրամադրված էր երկու նախարարական պաշտոն եւ հինգ պատգամավորական մանդաթ: Սակայն 2002թ.-ին, վարչապետ Հարիրին որոշեց կրճատել նախարարների քանակը եւ հայկական համայնքին զրկեց մեկ նախարարական պաշտոնից: Կառավարությունում նա թողեց միայն դաշնակ Սեպուհ Հովնանյանին, ում առաջարկեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի աննշան պաշտոնը: Սա հայկական համայնքի մոտ զայրույթ առաջացրեց: Նախանցյալ տարի Հարիրիի Երեւան այցելությունից հետո հակասությունները մեղմվեցին: Այնուհանդերձ, նա այդպես էլ չկատարեց իր խոստումը: Լահուդը հայերին վերադարձրեց նախարարական երկրորդ պորտֆեյլը Հարիրիի հրաժարականից հետո միայն:

Այժմ Լիբանանում ստեղծված իրադրությունը խիստ վտանգավոր է հայ համայնքի համար: Էմիլ Լահուդի դիրքերը նկատելիորեն թուլացել են: Հայտնի չէ, արդյոք նա ի վիճակի կլինի վերահսկել իրադրությունը: Քաղաքացիական նոր պատերազմի իրական վտանգ է ստեղծվել: Սուննիթների եւ մարոնիթների միջեւ հակամարտության լարումը Լիբանանի քաղաքական վերնախավին կստիպի հրաժարվել 76թ.-ին ստորագրված համաձայնագրի պահանջներից: Այդ ժամանակ հայ համայնքին խիստ դժվար կլինի պահպանել այն քաղաքական ազդեցությունը, որն այսօր ունի:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---