ՌՈՒՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

Սերգեյ Լավրովը հրաժարվեց հիշատակի տուրք մատուցել Վրաստանի ամբողջականությունը պաշտպանող զինվորներին, սակայն հարգանքի տուրք մատուցեց Բաքվի հայերին եւ ռուս զինվորներին սպանողներին:

Ավարտվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Հայաստան: Արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում սա նրա առաջին այցն է մոր պատմական հայրենիք: Լավրովը երբեք չի թաքցրել իր հայկական արմատները: Դրանով էլ առավել զարմանալի են նրա հարավ-կովկասյան շրջայցի մի քանի հանգամանքներ:
PanARMENIAN.Net - Երեւանից ռուս նախարարը մեկնեց Թբիլիսի: Սակայն ոչ թե պաշտոնական այցով, ինչպես նախատեսված էր վաղօրոք, այլ` զուտ աշխատանքային: Հիշեցնենք, որ հարեւան երկրի ղեկավարությունը վերանայեց այցի կարգավիճակն այն բանից հետո, երբ Սերգեյ Լավրովը հրաժարվեց ծաղկեպսակ դնել Վրաստանի ամբողջականության պաշտպանման համար զոհված զինվորների հուշահամալիրին: Մեկնաբանները ենթադրում են, որ այս դիվանագիտական դեմարշը կխոչընդոտի Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Ի դեպ, մինչ օրս Վրաստան այցելած ռուս պաշտոնյաները չեն հրաժարվել ծաղկեպսակ դնել հուշահամալիրում, քանի որ դա են պահանջում չգրված արարողակարգի նորմերը: Նկատենք, որ Երեւան այցելող գրեթե բոլոր արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Օսմանյան Թուրքիայում իրականացրած ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Դա արել են նույնիսկ այն երկրների ներկայացուցիչները, որոնք 1915թ.-ի դեպքերը չեն ճանաչում որպես ցեղասպանություն: Մասնավորապես Ղըրղստանի նախագահ Ասկար Ակաեվը չհապաղեց Ծիծեռնակաբերդ այցելել` չնայած գիտակցելով, որ խնդիրներ կունենա «Իսլամական Համագումարում» իր գործընկերներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այդպես էլ եղավ` Անկարան եւ Բաքուն բողոքի նոտա ուղարկեցին Բիշկեքին: Սակայն արարողակարգը արարողակարգ է:

Այն, որ Սերգեյ Լավրովի գործողությունը դեմարշ էր, ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում: Սակայն մեզ համար հատկանշական է մեկ այլ հանգամանք: Կարեւոր է ռուս նախարարի բերած փաստարկը: Նրա խոսքերով, ճիշտ չէր լինի ծաղկեպսակ դնել այն մարդկանց հիշատակին, ովքեր կռվել են Աբխազիայի եւ Օսեթիայի դեմ, քանի որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես աբխազական եւ օսեթական հակամարտությունների կարգավորման միջնորդ: «Որպես հակամարտությունների կարգավորման մեջ ներգրավված երկիր` Ռուսաստանը պետք է հաշվի առնի իր կարգավիճակը: Դժվար թե նման միջոցառումը կնպաստի կռվող կողմերի միջեւ արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Այս փաստարկը բավականին տարօրինակ է թվում, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ` փետրվարի 2-ին, գտնվելով Բաքվում` Լավրովը ծաղկեպսակ դրեց «շեհիդների ծառուղում»: Այստեղ թաղված են Ադրբեջանի կողմից Ղարաբաղին պարտադրված պատերազմից զոհվածները: Եթե Թբիլիսիի հուշահամալիրում թաղված են ռազմական գործողությունների ժամանակ զոհվածները, ապա «շեհիդների ծառուղում» բացի մարտի դաշտում զոհվածներից, թաղված են նաեւ նրանք, ովքեր պատերազմից շատ առաջ սպանել էին Բաքվի խաղաղ հայերին: Ավելին, այնտեղ են թաղված նաեւ 1990թ.-ին հայերին պաշտպանելու եւ կարգուկանոն հաստատելու նպատակով Բաքու մտած ռուս զինվորներին սպանած ավազակները: Այսպիսով, «շեհիդների ծառուղում» ծաղկեպսակ դնելով` Լավրովը պղծեց ոչ միայն հարյուրավոր սպանված հայերի հիշատակը, այլեւ` իրենց զինվորական պարտքը կատարելիս զոհված իր հայրենակիցների:

Չգիտես ինչու, նախարարը մոռացել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ է հանդես գալիս նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հայկական ծագում ունեցող ռուս դիվանագետը չի մտածել այն մասին, որ «նման միջոցառումները չեն կարող նպաստել հակամարտող կողմերի միջեւ արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը»: Իսկ ամենատհաճն այն է, որ նման քայլը թույլ է տալիս այն երկրի ներկայացուցիչը, որը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---