Թուրքիայում քրդերի դեմ պայքարը, նույնիսկ օտար տարածքում, համարում են երկրի ներքին քաղաքականություն

Այն, ինչ կատարվում է հիմա, հերթական փորձն է ճնշելու հանուն Քրդստանի անկախության քրդական շարժումը

Չնայած Վաշինգթոնից հնչող կոչերին, թուրքական բանակը ռազմական գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքի սահմանամերձ գոտում` զանգվածային ռմբակոծման ենթարկելով քրդական գյուղերը: Ռումբերը, բնականաբար, հասնում են նաեւ Իրաքի տարածք, սակայն դա բացարձակ չի կաշկանդում Թուրքիայի Գլխավոր շտաբին, որը որոշել է վերջնականապես վերջ տալ Քրդական աշխատանքային կուսակցությանը (PKK):
PanARMENIAN.Net - «Թուրքիայի Զինված ուժերը վճառական են տրամադրված ահաբեկչության դեմ պայքարում եւ համապատասխան կվերաբերվեն բռնություններին: Նրանք թուրք ժողովրդից զանգվածային ռեակցիա են ակնկալում` ի պատասխան ահաբեկչությանը»,- ասվում է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Այն հրապարակվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը Իրաքի հետ Թուրքիայի հարավ-արեւելյան սահմանը «անվտանգության ժամանակավոր գոտի» հայտարարեց: Այդ գոտին գործելու է Շիրնակ, Խակյարի եւ Սիիրտ շրջաններում հունիսի 9-սեպտեմբերի 9-ը, որտեղ թուրքական բանակը ակտիվացրել է գործողությունները քրդական անջատողականների դեմ:

Այս դիմակայության պատմությունը վաղուց է սկսվել, դեռ Աբդուլ Համիդի ժամանակ, որի օորոք ստեղծվել էին «համիդե» գնդերը, որոնք մասնակցում էին հայկական ջարդերին: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի հայերի սպանդին եւ տեղահանմանը ակտիվորեն մասնակցած քրդերին խոստացել էին, որ նրանց կբնակեցնեն հայկական վիլայեթներում: Սակայն խոստումն այդպես էլ չիրագործվեց: Առաջին քրդական ապստամբությունը Թուրքիայի դեմ կայացել է արդեն 1919 թվականին Դերսին շրջանում: Ապա նորից որոշ ելույթներ եղան 1922-23 թթ: Մինչ 1971 թվականը ելույթները կրում էին հատուկենտ բնույթ, քանի դեռ չէր հայտնվել Քրդական աշխատանքային կուսակցությունը (PKK): Արժէ նշել, որ PKK-ն դարձել է առաջին քրդական միավորումը, որի վտանգը Թուրքիան անմիջապես զգաց եւ սկսեց երկար տքնաջան պայքար, սակայն անհաջող: Այն, ինչ կատարվում է հիմա, հերթական փորձն է ճնշելու հանուն Քրդստանի անկախության քրդական շարժումը: Սակայն Հյուսիսային Իրաքի տարածքում գոյություն ունի Քրդական պետություն, որն ունի անկախության բոլոր տարրերը: ԱՄՆ-ն Իրաքի, Իրանի, Սիրիայի եւ Հայաստանի տարածքում Քրդստան ստեղծելու որոշ ծրագրեր ունեն: «Սակայն մոտ ապագայում այդ ծրագրերի իրագործումն անիրական է: Սակայն եթե Թուրքիան չկարողանա դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը, ապա վաղ թե ուշ Իրաքի Քրդստանը պաշտոնապես անկախություն կստանա»,- գտնում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Իրաք ներխուժելու դեմ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ով զգուշացրել է թուրք իշխանություններին այն մասին, որ այդ ներխուժումը կարող է վատթարացնել իրավիճակը տարածաշրջանում, հաղորդում է Associated Press-ը: Ռայսի խոսքերով, Վաշինգթոնը ողջունում է անհրաժեշտության դեպքում Թուրքիայի կողմից սահամանափակ ռազմական գործողությունների անցկացումը Իրաքի հետ սահմանի վրա:

Պաշտոնական Բաղդադի ռեակցիան չի ուշացել: Հունիսի 9-ին Իրաքը բողոքել է Թուրքիային թուրքական բանակի կողմից Հյուսիսային Իրաքի մի շարք բնակավայրեր ռմբակոծելու կապակցությամբ: Այդ նպատակով Բաղդադում Թուրքիայի դեսպանը հրավիրվել էր Իրաքի ԱԳՆ, հաղրոդում է CNN-Turk-ը: Թուրքական կողմը դեռ պատասխան չի տվել այդ բողոքին: Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանին հայտարարել է, որ պաշտոնական Բաղդադը թուրքական կողմից Իրաքի հյուիսում ռազմական գործողությունների անցկացումը որակելու է որպես ագրեսիա իր երկրի նկատմամբ:

Քրդական Firat գործակալության հաղորդմամբ, թուրքական հրետանին երեկ երեկոյան ռմբակոծել է Հյուսիսային Իրաքի մի շարք գյուղեր: Ռմբակոծման արդյունքում, ըստ հաղորդագրությունների, դրանցից երեքը այրվել են: Թուրքական ռազմական աղբյուրների համաձայն, Իրաքի հյուսիսում կենտրոնացած են շուրջ 3,5 հազար քուրդ անջատողական, որոնք ժամանակ առ ժամանակ զինված հարձակումներ են իրականացնում թուրքական տարածք: Ներկա դրությամբ, Իրաքի հետ սահմանին 50 հազար զինվոր ու ծանր տեխնիկա է կենտրոնացած:

Մինչ դեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտի կտրուկ հայտարարություններին զուգահեռ, Պենտագոնը ավելի լոյալ է տրամադրված քրդերի դեմ ռազմական գործողությունների հարցում: «Որեւէ նշան չկա, որ Թուրքիան անցկացրել է կամ պատրաստվում է ռազմական գործողություն անցկացնել Հյուսիսային Իրաքում: Թուրքիան միշտ եղել է ԱՄՆ-ի գործընկերը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում»,- Turkiye թերթը մեջբերում է գեներալ Պերի Վիգինսի` տարածաշրջանային գործողությունների տնօրենի ներկայացուցչի խոսքերը: Թուրքական ընդդիմության առաջնորդներից Դենիզ Բայկալը գտնում է, որ քրդերի դեմ պայքարը Թուրքիայի ներքին քաղաքականությունն է, ով ահաբեկչության դեմ պայքարելու իրավունք ունի: «Թուրքիան իրավունք ունի պահանջել PKK-ից վերջ դնել ահաբեկչությանը»,- ասել է նա Aksam թերթին տված հարցազրույցում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---