Ռիչարդ Հոգլանդը չի ներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանում

Կարելի է ենթադրել, թե այն, որ ԱՄՆ-ի վարչակազմը հրաժարվեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունից, թելադրված էր Հայոց ցեղասպանությունը հաստատող Կոնգրեսի բանաձեւի ընդունումը կանխելու ցանկությամբ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն այնուամենայնիվ կայացրեց այն որոշումը, որը ԱՄՆ հայ համայնքն ակնկալում էր նրանից արդեն շուրջ մեկ տարի` ետ կանչեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան հայտարարեց, թե «Սպիտակ տան դիրքորոշումը դեսպանի թեկնածության հարցով անփոփոխ է մնում», սակայն օգոստոսի 3-ին Սպիտակ տունն ետ կանչեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:
PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովն երկու անգամ արգելափակեց Ռ.Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար: Երկու անգամ էլ վետոյի իրավունքից օգտվեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունն ուրացող մարդը չի կարող պաշտպանել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովում լսումների ժամանակ Հոգլանդը հայտարարեց, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն չի համարում, որ դա ցեղասպանություն է եղել: Ըստ էության, Հոգլանդն ուղղակի հայտնել էր ԱՄՆ վարչակազմի տեսակետը, որը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ի շահ ամերիկաթուրքական կապերի: Ի դեպ, հենց Հայոց ցեղասպանության հրապարակային ճանաչման պատճառով ետ կանչվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Մենք բավարարված ենք նրանով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը վերջապես ճանաչեց այն, ինչը շուրջ մեկ տարի է պնդում են Ամերիկայի հայ համայնքը եւ ANCA-ն, այն է` Դիք Հոգլանդն իր խոսքերով վարկաբեկեց իրեն ինչպես որպես ամերիկյան արժեքների եւ ԱՄՆ-ի շահերի, այնպես էլ Հայաստանում ԱՄՆ-ի շահերի դեսպանի կողմնակցի: Մենք ցանկանում ենք երախտագիտություն հայտնել սենատոր Ռոբերտ Մենենդեզին իր սկզբունքային դիրքորոշման համար, որի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտող մարդը չպետք է ներկայացնի ԱՄՆ-ի շահերը Հայաստանում»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Դա իրոք լավ նորություն է: Պարզ էր, որ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար վիճահարույց էր: Ես հուսով եմ, որ մեր հաջորդ թեկնածուն ըմբռնումով կմոտենա այդ խնդրին: Նա կնպաստի Հայաստանում մեր բարեկամների հետ լավ հարաբերությունների զարգացմանը»,-հայտարարել է սենատոր Ռ.Մենենդեզը: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով, նախագահն իրավացի էր Հոգլանդին ետ կանչելու հարցում: «ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ Հոգլանդը շարունակում էր ժխտել, որ մեկ եւ կես միլիոն հայերի կոտորածը 1915-1923 թվականներին Ցեղասպանություն է եղել, այդպիսով բորբոքելով հայերի, հատկապես այն սակավաթիվ հայերի վերքը, որոնք վերապրել են 20 դարի առաջին ցեղասպանությունը: Ես հուսով եմ, որ նախագահը շուտով նոր դեսպան կնշանակի, որն ավելի շատ պատրաստ կլինի քննարկել Հայոց ցեղասպանության հարցը»,-ասել է Ադամ Շիֆը:

Կարելի է ենթադրել, թե այն, որ ԱՄՆ-ի վարչակազմը հրաժարվեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունից, թելադրված էր Հայոց ցեղասպանությունը հաստատող Կոնգրեսի բանաձեւի ընդունումը կանխելու ցանկությամբ: Ավելին, հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալու են նախագահական ընտրություններ: Հանրապետականներն արդեն ակնհայտորեն տանուլ են տալիս դեմոկրատներին եւ այս քայլն ուղղված է դիրքերի ամրապնդմանը Ամերիկայի հայ համայնքում, որը բավարար կշիռ ունի ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար: Սակայն դա պատրանք է` միեւնույն է դա չի ապահովի հանրապետականների հաղթանակը: ԱՄՆ-ի հայերի մեծամասնությունը նախապատվությունը տալիս են դեմոկրատներին ոչ միայն այն պատճառով, որ նրանք հանդես են գալիս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Դեմոկրատները, ինչպես կարծում են ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, «առավել կանախտեսելի են»: Սակայն ինչ էլ կարծեն ԱՄՆ-ի հայերը, հայկական լոբբին մեծ հաջողության է հասել: Ջորջ Բուշն այդպես էլ վճռական քայլի չդիմեց` չշրջանցեց Սենատը դեսպանի նշանակման հարցում: Գուցե հենց այդ անվճռականությունը կարող է հանգեցնել նրան, որ ըստ թուրքական մամուլի հաղորդագրությունների, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է «զատվել Բուշի «կաղ» արտաքին քաղաքականությունից»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---