Թերրի Դեւիսին Երեւանում չբավականացրեց դիվանագիտական մոտեցումըՔանի դեռ Թերրի Դեւիսի մտածելակերպով պաշտոնյաները ղեկավարում են ԵԽ-ի նման կառույցները, Հարավային Կովկասում դեռ երկար ժամանակ խաղաղություն չի լինի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը մեկ անգամ եւս հաստատեց, որ եվրոպական պաշտոնյաների մտածելակերպում քաղաքական կամ անձնական շահերը գերակշռում են այն արժեքները, որոնք նրանք պետք է պաշտպանեն ի պաշտոնե: Մենք արդեն ընտելացել ենք նրան, որ Դեւիսն իր հայտարարություններում եթե ոչ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրում, ապա ջանում է որքան հնարավոր է քիչ «նեղացնել» Բաքվին: Այդպես եղավ եւ այս անգամ: Եվրոպացի պաշտոնյան թույլ տվեց իրեն շեշտադրումներ անել, որոնք արժանի չեն ոչ իրեն, ոչ ԵՄ-ին: ![]() PanARMENIAN.Net - Երեւանում կայացած իր ելույթում ԵԽ գլխավոր քարտուղարը հնարավոր համարեց սովորեցնել Հայաստանին թե ինչպես նա պետք է իր հարաբերությունները կառուցի հարեւանների հետ: Նրա «խորհուրդներից» հետեւություն կարելի է անել, որ Հայաստանը ոչ իր ապագայի մասին է մտածում, ոչ հարեւանների: «Օրինակը, որն անմիջապես մտքիդ է գալիս, հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը նախկինի պես շարունակում է հիմնական խոչընդոտը մնալ Եվրոպայի այդ մասում դեպի խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն ուղղված ճանապարհին: Այդ հակամարտության կարգավորումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բոլոր բնակիչների շահերից: Եվս մեկ օրինակ` ձեր հարաբերությունները արեւմտյան հարեւանի` Թուրքիայի հետ: Նրանք նախկինի պես բարդ են այն իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել ոչ թե տասը, այլ ավելի քան ինը տասնյակ տարի առաջ: Ես կիսում եմ ձեր ցավը: Բոլորը պետք է խոստովանեն, որ պատմությունը չի կարելի ոչ անտեսել, ոչ էլ փոխել որեւէ մեկի հրամանով: Մենք բոլորս գիտենք, որ շատ մարդիկ են զոհվել: Սակայն պետք է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել զոհերին, այլ նաեւ գիտակցել, որ ժամանակն է նայել դեպի ապագան: Հայաստանում եւ Թուրքիայում բոլորը պետք է անեն դա ոչ իրենց համար, այլ հանուն իրենց երեխաների բարօրության»,-Երեւանում ասել է Դեւիսը: Ասվածն ինքնին կարծես թե ճիշտ է, եթե ոչ մեկ «բայց»: Ըստ չճշտված տվյալների, Թերրի Դեւիսը լուրջ անձնական շահագրգռվածություն ունի ադրբեջանական նավթում եւ այդ պատճառով էլ հանդես է գալիս Հայաստանում հայտարարություններով, որոնց պաշտոնական Երեւանոը պետք է պատասխան տա: Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է, որ Եվրոպայի Խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղարը երիտասարդ տարիներին բավականին երկար ժամանակ զբաղվել է ավտոմոբիլային մասերի վաճառքով: «Ինչպես երեւում է, առեւտրականի հայացքները նա պահպանել է նաեւ քաղաքականության մեջ: Թերրի Դեւիսն այս դեպքում արտահայտում է ոչ թե իր անձնական, կամ ԵԽ-ի կարծիքը, այլ իր տերերի դիրքորոշումը: Սակայն Հայրենիքը ավտոմեքենա չէ եւ վաճառքի չի հանվում, եւ եվրոպացի պաշտոնյաի նման մոտեցումը պետք է անընդունելի լինի Հայաստանի համար»,-ընդգծել է հայ քաղաքագետը: Իրոք, անպարկեշտ է «անջատողականներ» անվանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, որոնք «պայքարում են անկախության համար»: Պաշտոնական Երեւանը չպատասխանեց ԵԽ գլխավոր քարտուղարին, դա արեց պաշտոնական Ստեփանակերտը: ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի խոսքերով, իրավիճակը Ղարաբաղում, իրոք, տարբերվում է Կոսովոյում ստեղծված իրավիճակից, շատ պարամետրերով: «Սակայն Կոսովոյի ձգտումը որպես անկախ պետություն դառնալ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ նույնն է, ինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մոտ: Պարոն Թերրի Դեւիսին պետք է հայտնի լինի, որ ՄԱԿ-ի վարչակազմի կողմից ստեղծված Կոսովոյի ինքնավարության ժամանակավոր ինստիտուտների ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը քննարկան առարկա չէ»,-ընդգծել է Պետրոսյանը: Իր հերթին ԼՂՀ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համոզված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հաջողությամբ ետ մղելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, անցնելով պետական կառավարման որոշակի ուղի եւ այսօր ժողովրդավարական զարգացման ուղու վրա կանգնելով, շատ ավելի օրինական հիմքեր ունի ճանաչված լիենլու համար միջազգային հանրության կողմից, քան այն կազմավորումը, որը նշում է պարոն Դեւիսը»: Հավանաբար, Դեւիսը հասկացել է, որ Երեւանում չափն անցել է: Հենց դրանով կարելի է բացատրել այն հայտարարությունը, որտեղ նա մեղադրել է հայկական ԶԼՄ-ներին «իր խոսքերը սխալ մեկնաբանելում»: «Իմ վերջին այցը բավականին լայնորեն լուսաբանվեց, սակայն, ցավոք, իմ խոսքերի մի մասը սխալ է փոխանցվել: Անկասկած, հայ լրագրողները իրավունք ունեն չհամաձայնվել ինձ հետ եւ քննադատել ինձ այնպիսի հարցում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, սակայն ես կտրականապես դեմ եմ իմ խոսքերի սխալ մեկնաբանմանը: Որոշ թերթեր գրել են, որ ես համեմատել եմ վերջերս Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները համասեռամոլների շքերթի հետ: Դա բացարձակապես սխալ է եւ անհեթեթ: Ես խոսել եմ այն մասին, որ իմ դիրքորոշումը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ, իսկ հետեւաբար, նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, հայտնի է եւ անփոփոխ: Այն, որ ես ամեն անգամ չեմ արձագանքում Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններին, բոլորովին չի նշանակում, թե փոխվել է իմ դիրքորոշումը նրանց լիազորությունների եւ իրավական ուժի մասին: Ես ուղղակի զուգահեռ եմ անցկացրել այն բանի հետ, թե ինչպես է հաճախ սահմանափակվում սեքսուալ փոքրամասնությունների խոսքի ազատությունը եվրոպական երկրներում»,-հայտարարել է Դեւիսը: Արդարացումներն անհաջող են եւ արված կարծես պարտադրաբար: Սակայն մեկ բան կարելի է հաստատ ասել` քանի դեռ Թերրի Դեւիսի մտածելակերպով պաշտոնյաները ղեկավարում են ԵԽ-ի նման կառույցները, Հարավային Կովկասում դեռ երկար ժամանակ խաղաղություն չի լինի: Ցավոք: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |