Քնեսեթը գնում է արձակուրդ, սակայն Անկարան արդեն իսկ սկսել է ճնշում գործադրել Իսրայելի վրա Հայոց ցեղասպանության հարցում

Անկարան դեմ է Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, քանի որ գտնում է, որ դա «կվնասի թուրք-իսրայելյան ռազմավարական հարաբերություններին»

Մինչեւ մայիսի 18-ը Իսրայելի Քնեսեթը գնալու է արձակուրդ, եւ այժմ Թուրքիան ամբողջ ուժով ջանում է «մշակել» պատգամավորներին, որպեսզի նրանք մոռանան Հայոց ցեղասպանության քննարկման մասին: Գործի է դրվում արդեն իսկ փորձված շանտաժի մարտավարությունը, որը շատ լավ է գործում ԱՄՆ-ում եւ վատ` Եվրոպայում: Հասկանալի է, որ Իսրայելի հարցում առավել դյուրին է հաջողության հասնել քան որեւէ այլ երկրի դեպքում, հատկապես եվրոպական: Թեեւ հարկ է նշել, որ Թուրքիան, որն իշխող կուսակցություն է ընտրել իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը, շատ հավանական է, որ ցանկանա միանալ մահմեդական աշխարհին, որի հիմնական խնդիրն է երկրի երեսից ջնջել Իսրայելը:
PanARMENIAN.Net - Ներկայումս վերանայվում են թուրքական արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Իրանի հետ վերջերս կնքած էներգետիկ համաձայնագիրը, համագործակցությունն արաբական երկրների հետ` այս ամենը վկայում է, որ Թուրքիան մոտենում է իսլամական աշխարհին: Իսկ այդ աշխարհում բարեկամությունը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ ընկալվում է որպես իսլամի դավաճանություն: Սակայն, այնուամենայնիվ, դեռեւս եւ ԱՄՆ-ն, եւ Իսրայելը պետք են Թուրքիային:

Պաշտոնական Անկարան դեմ է Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը, քանի որ գտնում է, որ դա «կվնասի թուրք-իսրայելյան ռազմավարական հարաբերություններին»: Ինչպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերչանը, այդ հարցը «շատ զգայուն հարց է թուրք հանրության համար, եւ մենք չէինք ցանկանա, որ այն քննարկվեր Իսրայելի խորհրդարանում: Մենք միայն խնդրել ենք մեր իսրայելցի բարեկամներին պարզաբանել որոշ քաղաքական գործիչների, որ հարկ չկա պատմությունը «գրել», հիմնվելով րոպեական քաղաքական հավանությունների վրա, ինչը կարող է վնասել Իսրայելի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերությանը»,-ասել է Մերչանը:

Մուրադ Մերչանը նաեւ հարցապնդումով դիմել է Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտին Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման առնչությամբ: Իսրայելում գտնվող թուրքական խորհրդարանի պատվիրակությունը գտնում է, որ «հայկական հարցի գովազդումը չափազանց զգայուն է Թուրքիայի համար»: Այդ մասին պատվիրակության անդամները հայտարարել են Օլմերտի խորհրդականներ Յորամ Տուրբովիցին եւ Շալոմ Տուրգեմանին: «Մենք կգերադասեինք, որ այդ հարցը չքննարկվեր Իսրայելի խորհրդարանում, քանի որ այն կարող է վնասել թուրք-իսրայելյան հարաբերություներին»,-նշել են թուրք պատգամավորները: Իր հերթին Տուրբովիցն ասել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ` պատմաբանների ներգրավմամբ: «Իսրայելը ճանաչում է Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը, սակայն կան հարցեր եւ խորհրդարանական նախաձեռնություններ, որոնք կապ չունեն կառավարության հետ»,-ասել է Տուրբովիցը` հավելելով, որ Իսրայելի կառավարությունը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում: «Ես համոզված եմ, որ Իսրայելը գիտակցում է այն բացասական նշանակությունը, որ կարող է ունենալ Հայոց ցեղասպանության հարցը երկու երկրների միջեւ կապերում»,-ասել է Մերչանը, գրում է Իսրայելի «Հաարեց» թերթը:

«Քադիմա» կուսակցությունից Քնեսեթի պատգամավոր, «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խմբի նախագահ Զեեւ Էլկինի խոսքերով, այժմ անհնար է գուշակել Քնեսեթում Հայոց ցեղասպանության քննարկման արդյունքը: «Այն, որ հարցը դրված է քննարկման, արդեն իսկ մեծ նվաճում է: Վերջին 20 տարիներին Հայոց ցեղասպանության հարցն Իսրայելում ընդհանրապես չի քննարկվել: Պատգամավորներն արդեն ուժեղ ճնշում են զգում Թուրքական ԱԳՆ-ի եւ լոբբինգի կողմից, որին միացել են նաեւ ադրբեջանցիները: Պաշտոնական Անկարան նույնպես անհանգստության նշաններ է ցույց տալիս: Պետք է նշեմ, որ նրանք շատ օպերատիվ կերպով արձագանքեցին, ինչը, ցավոք, չես ասի Հայաստանի եւ հայկական սփյուռքի մասին: Քննարկումը, բնականաբար, օրինագիծ չի դառնա, սակայն ես կարծում եմ, որ մենք, դրական որոշման դեպքում, կարող ենք հռչակագիր ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ասել է Էլկինը: Նա հիշեցրել է, որ այդ նախաձեռնությունն առաջ է քաշվում ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին, խորհրդարանական գարնանային արձակուրդներից առաջ: «Սակայն այս անգամ ընդդիմության պահանջը ստացավ նաեւ կոալիցիայի մաս կազմող կուսակցության հավանությունը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ղեկավարվել եմ զուտ բարոյական սկզբունքներով, քանի որ լավատեղյակ եմ հարցի պատմությանը»,-նշել է պատգամավորը:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Իսրայելի Քնեսեթում Անկարայի վրա ճնշում գործադրելու գործիք է: «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հազիվ թե ընդունվի, եւ հերթական անգամ այդ հարցը խաղաքարտ է դառնում երեք երկրների միջեւ: Մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցի քննարկման պատճառներից մեկը եղավ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հրեական համայնքի դժգոհությունը Թուրքիայի դիրքորոշմամբ` արաբական երկրների եւ իսրայելա-պաղեստինյան հարցերում»,-նշել է Ռուբեն Սաֆրաստյանը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---