Իրանն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել` մի կողմ թողնելով իսրայելա-թուրքական գործոնը

Իրանն ամբողջ ուժով փորձում է վերադառնալ քաղաքակիրթ ժողովրդների ընտանիք եւ եթե նրան հաջողվի կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ապա կարելի կլինի խոսել առաջընթացի մասին տարածաշրջանում

Ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ նախագահական ընտրություններից հետո Ջորջ Բուշը կարող է հայտարարել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին` խզումից գրեթե 30 տարի անց: Եթե դա տեղի ունենա, ապա Բուշը, գոնե, հանդարտ եւ խաղաղ կհեռանա: Ավելին, նա վերջապես կստանա նրան այդքան անհրաժեշտ «խաղաղապահի» կերպարը: Դեռեւս վաղ ամռանը ԱՄՆ-ի վարչակազմը չէր ժխտում Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու հնարավորությունը, որոնք ըստ հրեական լոբբիի սպառնում էին Իսրայելի պետությանը:
PanARMENIAN.Net - Սակայն Օբամայի եւ ՄըքՔեյնի միջեւ աճող խզման պայմաններում հանրապետականների նման դիրքորոշումը բոլորովին ամերիկացիների սրտով չէ, առավել եւս խորացող ֆինանսական ճգնաժամի պայմաններում, որին անխուսափելիորեն կհաջորդի արդյունաբերության անկումը: Բնականաբար, նման պայմաններում հարաբերություններ փչացնելը նավթ եւ գազ ունեցող երկրի հետ, որը նաեւ բավականին մեծ կշիռ ունի նավթ արդյունահանող երկրների շրջանում, ուղղակի մահացու է: Այո, իհարկե, Իսրայելը մեծ տեղ է զբաղեցնում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, սակայն ԱՄՆ-ի համար առաջնային են սեփական շահերը: Իսկ այժմ նրանք խոսում են այն մասին, որ Իրանի, եւ ընդհանրապես իսլամական աշխարհի հետ պետք չէ կտրուկ շարժումներ անել, ինչը հաստատում է Իրաքում եւ Աֆղանստանում տարվող քաղաքականությունը:

Ջորջ Բուշը գտնում է, եւ միանգամայն հիմնավորված, որ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցի լուծումը պետք է հետաձգել, որպեսզի դա չբարդացնի նախընտրական արշավի ընթացքը:

Իր հերթին, Թեհրանն արդեն վաղուց է տեղեկացվել այդ նախաձեռնության մասին, սակայն նրա կարծիքն այդ հարցի շուրջ մշուշոտ է մնում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սեպտեմբերին Նյու Յորքում հայտարարեց, որ պատրաստ է քննարկել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը: Սակայն սրանք դեռեւս ընդամենը հայտարարություններ են, որ հարկավոր են երկու երկրներին:

Իրանն ամբողջ ուժով փորձում է վերադառնալ քաղաքակիրթ ժողովրդների ընտանիք եւ եթե նրան հաջողվի կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ապա կարելի կլինի խոսել առաջընթացի մասին տարածաշրջանում: Պատահական չէ, որ բոլոր այդ խոսակցությունները սկսվեցին հենց այն բանից հետո, երբ մի փոքր մարեցին օգոստոսյան կրքերը: Իրանը դուրս մնաց տարածաշրջանի ձեւաչափի փոփոխությունից, սակայն առանց Թեհրանի մասնակցության ոչ մի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության մասին խոսք լինել չի կարող: Ճիշտ է, եթե ԱՄՆ-ն ու Իրանը վերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, ապա Անկարան ստիպված կլինի բավարարվել երկրորդական դերերով, քանի որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնվի երկրորդ տեղին եւ դրա համար մի շարք պատճառներ կան: Սակայն նրանցից գլխավորը տարածաշրջանի երկրների հետ նորմալ հարաբերությունների առկայությունն է, ներառյալ նույն Թուրքիան: Նորմալ հարաբերությունները երբեմն լոկ հռչակվում են եւ հեռու են ցանկալիից, սակայն Իրանն անմիջական առճակատման մեջ չէ նույնիսկ Ադրբեջանի հետ, ինչը չես ասի Թուրքիայի մասին, որի վրա դամոկլյան սրի պես կախված են հայ-թուրքական հարաբերությունները: Չնայած Երեւանի ու Անկարայի «ջերմ» հայտարարություններին «լավատեսության» եւ «առաջընթացի» մասին, գործը դատարկ հայտարարություններից այն կողմ չի գնում, եւ չի էլ կարող գնալ:

Իրանը նաեւ կարող է լուրջ օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Իրանը գործնականում չեզոք է: Բոլոր խոսակցությունները «եղբայրական ադրբեջանական ժողովրդի» մասին լոկ սին խոսքեր են, ամենից շատ Թեհրանը չի ցանկանում, որ տարածաշրջանում աճի թուրքական ազդեցությունը, ինչը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Կովկասում նորմալ հարաբերությունների հաստատման համար: Վրաստանն, որպես քաղաքական միավոր, հաշվի չի առնվում` ոչ ոք ի զորու չէ գուշակել, թե ինչով կավարտվի Միխաիլ Սահակաշվիլիի դիմակայությունը նախկին զինակիցների հետ: Հավանաբար, Կովկասում եւ տարածաշրջանում ընդհանուր առմամբ փոփոխություններ են սպասվում ոչ միայն երկրների միջեւ հարաբերություններում, այլ նաեւ տերությունների հետ հարաբերություններում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---