Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորո՞ւմ է British Petroleum-ը

Չմասնակցելով ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքներին` Մեծ Բրիտանիան փորձում է իր շահերը առաջ տանել տարբեր տեսակի կազմակերպությունների միջոցով:

Պատվիրատուին ամեն գնով գոհացնելու ցանկությունը հաճախ հանգեցնում է շատ տխուր հետեւանքների: Հատկապես դա դրսեւորվում է այն մարդկանց մոտ, որոնք ամեն գնով փորձում են սպիտակը սեւի տեղ ներկայացնել եւ օրինակ հակամարտությունների լուծման ժամանակ համառորեն չեն ցանկանում ընդունել այլ տեսակետ: Ավելին, խոսելով հակամարտությունների մասին, չգիտես ինչու «չեն տեսնում» ժողովրդին, հաջողությամբ քողարկվելով ժողովրդավարությամբ:

PanARMENIAN.Net - Թոմաս դը Վաալը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական «դեղատոմսը». «Ղարաբաղյան ծուղակ. Ղարաբաղյան հակամարտութույան սպառնալիքներն ու երկընտրանքը. Սեւագիր տարբերակ քննարկման համար» անավնումով: Հրապարակվել է` այն, բնականաբար, Mediaforum.az տխրահռչակ կայքում, որը «հռչակվեց» որպես Հայաստանին «ռուսական զենքի վաճառքի» առաստաղից վերցրած պատմութւյան հեղինակ:

Ողջ նյութը, որը մոտ 20 էջ է, կարդալը ձանձրալի է եւ տհաճ, առավել եւս, որ նրա ետեւից պարզ երեւում են British Petroleum-ի եւ մի շարք այլ կազմակերպությունների ականջները, որոնք արդեն շուրջ 20 տարի է, կոպիտ ասած, կերակրվում են ղարաբաղյան հակամարտության հաշվին: Զեկույցն այնքան ադրբեջանամետ է, որ տպավորություն է ստեղծվում, թե այն գրել են ոչ թե Լոնդոնում, այլ Բաքվում: Ի դեպ, գուցե եւ իրականում այդպես էլ լինի: Դատեք ինքներդ:

«Այսօր տանուլ տված կողմը գնալով իրեն ավելի ու ավելի վստահ է զգում եւ անհամբեր սպասում է, թե երբ ստատուս-կվոն կփոխվի իր օգտին: Այսօրվա իրավիճակը, երբ ԼՂ-ից բացի, Ադրբեջանի եւս յոթ շրջաններ լիովին կամ մասնակիորեն գրավված են հայկական զորքերի կողմից, անանց ցավի աղբյուր է ադրբեջանցիների համար, ինչը չի կարող երկար շարունակվել: «Ես չեմ ուզում, որ իմ որդին ժառանգի այս խնդիրը, ուստի կողմ եմ պատերազմին»,-ասաց ինձ 30-ամյա մի կրթված ադրբեջանցի, եւ այդ տեսակետի կողմնակիցների թիվը շարունակում է աճել»: Ի դեպ, նման հղումներ ոմն ադրբեջանցիների կամ հայերի վրա նման տիպի լրագրողության տիպիկ օրինակ են, ինչը մեզ մոտ թյուրիմացաբար արեւմտյան ոճ են համարում, թեեւ իրականում դա այդքան էլ այդպես չէ:

Սակայն առաջ շարժվենք: «ԼՂ-ն հայերի կողմից ընկալվում է որպես զուտ հայկական տարածք, որն ազատագրվել է Ադրբեջանից: Երիտասարդ սերունդը, որը մեծանում է ԼՂ-ում եւ Հայաստանում, այդ կարծիքի է եւ մշտական արտահայտություններ է լսում այն մասին, որ ադրբեջանական յոթ գրավված շրջանները ոչ մի կերպ հնարավոր չէ վերադարձնել: Սակայն Հայաստանը շարունակում է տուժել տնտեսապես եւ քննադատության ենթարկվում միջազգային հանրության կողմից այս հակամարտության պատճառով: «Ղարաբաղը դա այն փայտն է, որը մեզ մշտապես մատնացույց են անում»,-նշել է մի հայ պաշտոնյա»: Նույնիսկ եթե ուշադրություն չդարձնենք շարադրության ոճի վրա, փաստացի մենք այս ամենը կարդում եւ լսում ենք արդեն տարիներ շարունակ: Այս առնչությամբ մտաբերեցի համատեղ կլոր սեղաններից մեկը, երբ Ադրբեջանի ներկայացուցիչներն այնքան խոսեցին իրենց նավթի մասին, որ հայերը չդիմացան եւ միանգամայն տեղին հարց տվեցին. «իսկ նավթից բացի ինչ-որ բան ունե՞ք»:

Սակայն շարունակենք մեջբերումները դը Վաալից: «Ադրբեջանն օրեցօր փոխվում է նավթի իր հարուստ պաշարների շնորհիվ: Սա անհերքելի փաստ է, սակայն ոչ ոք չգիտի, թե ուր կհասնի երկիրը նման դինամիկ փոփոխությունների շնորհիվ: Երկրի միջազգային վարկն այսօր շատ ավելի ծանրակշիռ է, քան տասը տարի առաջ, եւ այսօր Ադրբեջանի հասարակական գործիչները հարյուրապատիկ լրացնում են հարգանքի այն պակասը, որն, իրենց կարծիքով, նրանք տարիներ շարունակ ունեցել են: Այսօր Բաքվում ապրող մի միջազգային ներկայացուցչի խոսքերով, «դիվանագետների, արտերկրի խորհրդարանականների եւ ՈԿԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներում ադրբեջանցի կառավարական պաշտոնյաները հետեւյալ արտահայտություններն են իրենց թույլ տալիս. «դուք մեր կարիքն ավելի շատ ունեք, քան մենք ձերը», կամ «մեզ հետ արդեն չի կարելի խոսել նման տոնայնությամբ»: Հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցավ մեծ ռազմական շքերթ, որն առաջինն էր 1992թ. ի վեր, եւ որը թույլ տվեց Ադրբեջանին ցույց տալ աշխարհին իր նոր ձեռք բերված ռազմական հզորությունը:

Ադրբեջանի նավթային եկամուտները կտրուկ աճեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի գործարկումից հետո 2006 թվականին: British Petroleum ընկերության վերջին կանխատեսումներով, լրացուցիչ ներդրումների դեպքում Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքում «նավթի արդյունահանման գագաթնակետը« կգրանցվի միայն 6-7 տարի անց, շատ ավելի ուշ, քան ենթադրում էին գագաթնակետի նախորդ կանխատեսումները 2012թ.»: Ճիշտ է, հեղինակը նշում է գների անկումը, համաշխարհային ճգնաժամը, սակայն այնպես, որ չես հասկանում` կամ Ադրբեջանն այլ մոլորակի վրա է, կամ հեղինակն իրոք չի հասկանում, թե ինչ է գրում: Համենայնդեպս:

Հայաստանում, իհարկե, ամեն ինչ վատ է: Մենք էլ դա գիտենք: «Հայաստանը 2008թ, մեծ մասն անցկացրեց քաղաքական ճգնաժամի մեջ: Փետրվարին նախագահական ընտրությունների շարունակվող բացասական արձագանքները եւ ողբերգական հաշվեհարդարը 2008թ. մարտի 1-ին Երեւանում հանգեցրին հասարակության պառակտման եւ շարունակում են խնդիր հանդիսանալ նոր նախագահ Սերժ Սարգսյանի համար»: Ստացվում է, որ Բաքվում հանրահավաքների ցրումն ու արգելումը, արտասահմանյան ռադիոկայանների փակումը, լրագրողների ձերբակալություններն ու ծեծը նորմալ ժողովրդավարություն են, իսկ իշխանությունների 10-օրյա համբերությունից հետո անկառավարելի դարձած հանրահավաքի ցրումը դա հաշվեհարդար է: Եթե դա այդպես է, ուրեմն, իհարկե, դը Վաալըն իրավացի է: Ցավոք, մարտի 1-ի զոհվածներին շահարկում են գրեթե բոլոր իրավապաշտպանները, չտեսնելով կատարվածի գլխավոր մեղավորին: Սակայն ղարաբաղյան հակամարտությանը դա միայն անուղղակի կերպով է առնչվում:

Եվս մեկ, վերջին մեջբերումը բրիտանացի «փորձագետից»: «Ողջ 2008թ. ընթացքում համաշխարահային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելը ազդանշան էր այն մասին, որ ԼՂ-ն չի կարող ճանաչում ստանալ Կոսովոյի օրինակով եւ որ նրա կարգավիճակն անկայուն է մնում, քանի դեռ խաղաղ պայմանագիր չի կնքվել»,-գրում է դը Վաալը:

Սկզբունքորեն, ըստ մեզ,. հենց սրանից էր պետք սկսել: Ինչ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ կամ ճանաչել նման փորձագետները, այն է, որ ԼՂՀ-ն կայացած, ինքնիշխան պետություն է: ԼՂՀ-ն իրողություն է, դա արցախյան հանրությունն է ,որն ունի իր աշխարհայացքը` առավել կոշտ ու համարժեք: Որքան կարելի է այդքան տարի զբաղվել տարածաշրջանով եւ ակնհայտ բաներ չհասկանալ, կամ գոնե հարկավոր է պատմությունն ուսումնասիրել: Ըստ ղարաբաղցի փորձագետների, բազում կայսրություններ են «շրջվել», թերագնահատելով Արցախը: Ինչո՞ւ պետք է բացառություն արվի Արեւմուտքի համար: Մյուսները գոնե հոտառություն ունեին, զգալու համար, որ այս կամ այն կերպ հարկավոր է ճանաչել Արցախի սուբյեկտ լինելը: Նույնիսկ ԽՍՀՄ-ը, որի հզորությունն ու հնարավորությունները մեր տարածաշրաջնում ոչ մի համեմատության մեջ չեն կարող մտնել մյուս «հավակնորդների» հետ, գիտակցելով դա, գնաց ինքնավար մարզի ստեղծման: Ինչն էլ կարելի էլ ակնակալել:

Մնում է հավելել, որ չմասնակցելով ԵԱՀԿ ՄԽ ղարաբաղյան հակամարտութւան կարգավորմանն ուղղված աշխատանքներին` Մեծ Բրիտանիան փորձում է իր շահերը առաջ տանել տարբեր տեսակի կազմակերպությունների միջոցով, որոնք իբր խաղաղապահությամբ են զբաղվում....

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---