Կազմվել է EURO-2012 ընտրական մրցումներին մասնակցելու Հայաստանի հավաքականի խաղացանկի օրացույցը

Մարտի 18-25-ը տեղի ունեցած սպորտային իրադարձությունների ամփոփում

Ֆուտբոլ. ՈւԵՖԱ-ում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ֆուտբոլի եվրոպական միության 53 անդամների ներկայացուցիչները, կազմվել է EURO-2012 ընտրական մրցաշարի չորս խմբերի խաղացանկը. «B» խումբ` Հայաստան, Ռուսաստան, Սլովակիա, Մակեդոնիա, Իռլանդիա եւ Անդորա: «F» խումբ` Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Lատվիա, Վրաստան, Մալթա: «G» խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա եւ «H» խումբ` Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա:

PanARMENIAN.Net - Վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականը խաղալու է հետեւյալ խաղացանկով`

03.09.10 Հայաստան - Իռլանդիա 07.09.10 Մակեդոնիա - Հայաստան 08.10.10 Հայաստան - Սլովակիա 12.10.10 Հայաստան - Անդորա 26.03.11 Ռուսաստան-Հայաստան 04.06.11 Հայաստան- Ռուսաստան 02.09.11 Անդորա - Հայաստան 6.09.11 Սլովակիա - Հայաստան 07.10.11 Հայաստան - Մակեդոնիա 11.10.11 Իռլանդիա - Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, որ EURO-2012 ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը հաջող է Հայաստանի հավաքականի համար: «Հենց այդպիսի խաղացանկով մենք կցանկանայինք խաղալ ընտրական մրցաշարում»,- ասել է Մինասյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով EURO-2012 ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ մարզչական շտաբն առաջին հանդիպումը կցանկանար անցկացնել Իռլանդիայի հավաքականի հետ:

Վիճակահանությամբ այդպես էլ դասավորվել է: «Մարտին մենք կհանդիպենք Ռուսաստանի հավաքականի հետ` հավասար պայմաններում, քանի որ երկու երկրների մրցախաղերն էլ մեկնարկելու են մարտին, - ասել է Մինասյանը: - Առաջին խաղերը կանցկացնենք տանը եւ եթե սկիզբը լավ լինի` այդպես էլ կշարունակենք»:

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը մարտի 26-ին կմեկնի Սլովենիա, որտեղ մարտի 27-ին կանցկացնի 2011 թ. Աշխարհի գավաթի կանանց ընտրական մրցախաղը` Սլովենիայի հավաքականի հետ: Հավաքականը Սլովենիայից կմեկնի Պորտուգալիա, որտեղ մարտի 31-ին կխաղա դաշտի տերերի հետ: Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի մարզիչների կենտրոնակայանը Վաղարշակ Ասլանյանի գլխավորությամբ հավաքական է հրավիրել 18 ֆուտբոլիստների:

Մարտի 22-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է թիմերի նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ, ովքեր հանդես են գալու Հայաստանի Առաջին եւ Բարձրագույն լիգաներում: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ 2010 թ. Հայաստանի բարձրագույն լիգայի 8 թիմերը խաղալու են միեւնույն ֆիրմայի գնդակով:

Մարտի 23-24-ին տեղի ունեցան 2010 թ. Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ խաղերը: «Գանձասարը» նույնանուն մարզադաշտում (Կապան) ընդունել է «Ուլիսին», 47-րդ րոպեին հաշիվը բացել է Արսեն Ավետիսյանը: «Ուլիսը» կարողացավ հաշիվը հավասարեցնել միայն 78-րդ րոպեին: Տասնմեկ մետրանոց տուգանային հարվածով գոլը խփել է Արտեմ Ադամյանը: Մրցախաղն ավարտվել է ոչ ոքի` 1:1:

«Փյունիկը» Մարկոս Պիզելիի գոլի շնորհիվ հաղթել է «Իմպուլս» (Դիլիջան) թիմին` 1:0 հաշվով: «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Բանանցին»: Մրցախաղն ավարտվել է Երեւանի ակումբի հաղթանակով, հաշիվը` 1:0: Մրցախաղի միակ գոլը խփել է «Բանանցի լեգեոներ Դարկո Լովրիչը` 61-րդ րոպեին:

«Միկան» ընդունել է «Կիլիկիային» եւ հաղթել 3:0 հաշվով: Տասնմեկ մետրանոց հարվածով առաջին գոլը 21-րդ րոպեին խփել է իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն: «Միկայի» երկրորդ գոլը 37-րդ րոպեին խփել է Էդիլսոն Ժունիորը: Դա բրազիլացու առաջին պաշտոնական խաղն էր երեւանյան ակումբի կազմում: Խաղի վերջնական արդյունքը որոշել է Վիգեն Համբարձումյանի գոլը, որը խփել է 88-րդ րոպեին` տուգանայինից:

Պատասխան խաղերը տեղի կունենան ապրիլի 6-ին եւ 7-ին: Կիսաեզրափակիչում կհանդիպեն այս հանդիպումների հաղթողները: Խաղերը տեղի կունենան ապրիլի 13-14-ին եւ 20-21-ին: Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 9-ին:

Մարտի 24-ին Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի գավաթի 1/2 եզրափակչում խաղացել է «Շախտյորի» (Դոնեցկ) դեմ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթել է 2:1 հաշվով եւ մայիսի 16-ին խաղալու է Ուկրաինայի գավաթի եզրափակչում «Տավրիայի» դեմ:

Նույն օրը Բելառուսի «ԲԱՏԵ»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, Բելառուսի գավաթի կիսաեզրափակչում հանդիպել է «Շախտյորի» (Սոլիգորսկ) հետ եւ հաղթել 2:1 հաշվով: Այս թիմերի միջեւ պատասխան խաղը տեղի կունենա մարտի 28-ին:

Շախմատ. Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց շախմատի 11-րդ անհատական առաջնությունում խաղարկվում էին Աշխարհի գավաթի 22 ուղեգրեր: Մարտի 17-ին առաջնությունն ավարտվեց եւ 10 մասնակիցներ արդեն շահել են ուղեգրերը, որոնց թվում է նաեւ հայ շախմատիստ Արման Փաշիկյանը: Նա 8 միավոր էր հավաքել եւ զբաղեցրել 10-րդ տեղը:

Ֆրանսիական Նիցցա քաղաքում շարունակվում է արագ շախմատի եւ կույր շախմատի «Ամբեր» մրցախաղը: Մարտի 24-ին նախավերջին` 10-րդ մրցախաղում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղացել է Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ: Արոնյանը հաղթել է կույր շախմատի խաղում, իսկ արագ շախմատի խաղն ավարտվել է ոչ ոքի: Այս մենամարտերի արդյունքներն են` 1,5:0,5 հօգուտ Արոնյանի:

10-րդ խաղից հետո հայ գրոսմայստերը 9,5 միավորով գրավում է 9-րդ տեղը: Մրցախաղի առաջատարը Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա), որը 13,5 միավոր ունի: «Ամբերի» վերջին խաղում Արոնյանի հակառակորդն է լինելու Լենյեր Դոմինգեսը (Կուբա):

Աշխարհի գավաթը տեղի կունենա հուլիսի 11-12-ին Աբու-Դաբիում (ԱՄԷ):

Բռնցքամարտ. Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրայի գործակալները մոտ են երկրոդ անգամ ռեւանշ անցկացնելու համաձայնությանը:

Սպասվում է, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում խաղ-ռեւանշը կայանալու է օգոստոի 7-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ): Կրկնակի մարտի անցկացման համար Դոնեյրան մտադիր է մայիսի 15-ին անցկացնել նախավարժանքային մենամարտ:

WBC/WBA վարկածներով չեմպիոն Վիկ Դարչինյանի եւ WBA վարկածով ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոնեյրայի առաջին հանդիպումը կայացել է 2007թ.-ի հուլիսին եւ ավարտվել 5-րդ ռաունդում` Դոնեյրայի նոկաուտով:

Մեկ այլ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն ասել է, որ իր սանը պատրաստ է հաղթել Անդրե Դիրելին, որի հետ կհանդիպի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում: «Դիրելն իրոք շատ ուժեղ բռնցքամարտիկ է,-հայտարարել է Վեգները fightnesw.com-ին: - Նրա հանկարծահաս հարձակումները շատ վտանգավոր են, ուստի Արթուրը պետք է հետեւողականորեն կատարի իր ծրագիրը, որը մենք բարելավել ենք վերջին շաբաթներին, եւ այդ դեպքում նա կհաղթի»:

Մարզիչը նշել է նաեւ, որ մենամարտի տեղափոխումը մարտի 6-27-ը, օգտակար եղավ Արթուրի համար: «Երբ մենք մարզվում էինք Փալմ Սփրինգսում, Արթուրը ոչ մի կերպ չէր կարողանում լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Նա ուղղակի չէր հասցնում հանգստանալ: Նրան մշտապես մեծ թվով ընկերներ էին այցելում: Նրանք շատ հաճելի այցելուներ էին, սակայն այդ ամենն այնքան էլ համատեղելի չէ մենամարտին պատրաստվելու հետ»,-ասել է Վեգները:

Նա նշել է, որ երբ նրանք տեղափոխեցին մարզական ճամբարը Քինբաում, Աբրահամն ավելի կենտրոնացավ մենամարտի վրա: «Սկզբում ես դժգոհ էի մենամարտի հետաձգումից, սակայն, ճիշտն ասած, դա լավ անդրադարձավ նաեւ մեզ վրա: Քինբաումում Արթուրը կարողացավ կենտրոնանալ նախապատրաստման վրա եւ բարելավել իր մարզավիճակը»,-ասել է Վեգները:

Թենիս. Մարտի 22-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ԹՄԱ) հրատարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների նոր վարկանիշը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 300 միավորով զբաղեցնում է 161-րդ տեղը: Փետրվարի վարկանիշի համեմատ 2 հորիզոնականով զիջել է դիրքերը:

Առաջին տեղում է Ռոջեր Ֆեդեռերը (Շվեյցարիա), երկրորդում` Նովակ Ջոկովիչը (Սերբիա): Իսպանացի Ռաֆայել Նադալը չորրորդ տեղում է, Էնդի Մարրեյը` երրորդը:

Մարտի 24-ին առաջին շրջանում հաղթել է Լուկաշ Կուբոտին (Լեհաստան)` 6;3, 6;2 հաշվով:

Երրորդ շրջան դուրս գալիս արգենտինահայ թենիսիստը կմրցի Վիկտոր Տրոիցկու հետ, ով առաջին ռաունդը բաց էր թողել: Նալբանդյանն ու Տրոիցկին երեք անգամ խաղացել են եւ առաջատարը Նալբանդյանն է` 2:1 հաշվով:

Հանդբոլ. Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականը մարտի 18-21-ն Իսրայելում մասնակցել է «Չելենջ տրոֆի» միջազգային մրցաշարին, որին մասնակցել են նաեւ Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականները:

2-րդ փուլում հայ հանդբոլիստուհիները 9:32 հաշվով զիջել են Իսրայելի հավաքականին: Ինչպես հայտնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականի դարպասները պաշտպանել է 16-ամյա Նելլի Ֆիդանյանը, որը փոխարինել է վնասվածք ստացած Աստղիկ Գյուրջինյանին: Իսկ Կիպրոսի հավաքականը 2-րդ փուլում 29:10 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին:

Վերջին փուլում Հայաստանի հավաքականը 21:12 հաշվով պարտության է մատնել Մալթայի հավաքականին եւ զբաղեցրել 3-րդ տեղը: Եզրափակչում հանդիպել են Իսրայելի եւ Կիպրոսի հավաքականները, հաղթել է Իսրայելի հավաքականը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ Արմինե Անտոնյանը 23 գնդակներով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն եւ մտել մրցաշարի խորհրդանշական հավաքականի մեջ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---