Մեծածախ Ինտերնետի օպերատորները Հայաստանում մասնակիորեն անցկացրել են գլխավոր լայնաշերտ ցանցը

Ապրիլի 19-26-ը հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված հիմնական իրադարձությունների ամփոփում

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը միացել է "Արմիքս" Ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամին, որը ստեղծվել է ապրիլի սկզբին Հայաստանում: Ինտերնետ eXchange-կենտրոնի օգնությամբ ծրագրվում է "պահել" Ինտերնետի թրաֆիքի 20-30% Հայաստանում, ինչն իր հերթին թույլ կտա մոտավորապես նույնքանով նվազեցնել Ինտերնետի գները: "Արմիքսի" հիմնադիրներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունն ու "Ինտերնետ հասարակություն" հասարակական կազմակերպությունը: Նախաձեռնողական խմբի մեջ մտել են նաև Հայաստանի հեռահաղորդակցման սեկտորի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Orange Armenia, ADC, Ucom, iCon, Web, Apaga Technologies, GNC Alfa, Shirak Technologies և այլն:

PanARMENIAN.Net - Այդ միջոցին, ինչպես հայտնեց "ԱրմենՏել" ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, "ԱրմենՏելը" չի կարող որպես հրավիրված հանդիսատես մասնակցել "Արմիքս" Ինտերնետ-թրաֆիքի փոխանակման հիմնադրամի ստեղծման մասին հայտարարման հրապարակային արարողությանը: Դրա հետ մեկտեղ նա նշեց. "Հաշվի առնելով այդ խնդրի խորությունն ու բարդությունը` մենք բաց ենք առաջարկների համար: Կենտրոնի ստեղծման գաղափարը բազմիցս հնչեցվել է իմ կողմից հարցազրույցներում և Ինտերնետ-շուկայի մասնակիցների հետ անձնական հանդիպումների ժամանակ: Թրաֆիքի փոխանակման հարցում "ԱրմենՏելը" միշտ խնդրի ունիվերսալ լուծման կողմից է եղել, որն արդեն կայացավ տեղական թրաֆիքի փոխանակման կարգի հաստատման մասին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից որոշման ընդունմամբ": Նրա խոսքով, այդ հարցի կարգավորման անհրաժեշտություն չէր առաջանա, եթե որոշ օպերատորներ պիրինգային միացությունների սահմանափակումները չօգտագործեին որպես մրցակցության միջոց: "Այժմ, երբ հարցը լուծված է Կարգավորիչի միջամտության շնորհիվ, "ԱրմենՏելի", ինչպես նաև նախաձեռնությանը չմասնակցող (իսկ դրանց թիվը շատ է) այլ խոշոր օպերատորների միացումը բացառապես կոմերցիոն շահի հարց է",- գտնում է Իգոր Կլիմկոն: DETECON-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետի ենթակառույցի դիտարկման արդյունքները: Եվրոպայի DETECON ամենախոշոր քոնսալթինգային ընկերություններից մեկը (Գերմանիա) առաջարկում է Հայաստանում ցանցի եռաստիճան հիերարխիա նախագծել: Ընթացիկ ամսվա վերջին ընկերությունը վերջնական զեկույց կներկայացնի, որն իր մեջ ներառում է Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառույցի համակողմանի հետազոտությունը: Վերջինս անցկացվում է մեծ արագությամբ լայնաշերտ Ինտերնետ-ցանցի ստեղծման նախագծի շրջանակներում: Հետազոտելով շուկան` ընկերությունը հանգել է այն եզրակացությանն, որ մեծածախ ինտերնետի երեք օպերատորներ Հայաստանում արդեն մասնակիորեն անցկացրել են գլխավոր լայնաշերտ ցանցը: DETECON-ն առաջարկում է զարգացնել ներտարածաշրջանային օղակային ցանցը, իսկ հետո արդեն կապը հասցնել վերջնական սպառողներին հասանելիության ցանցերի օգնությամբ:

Բարձր արագությամբ լայնաշերտ Ինտերնետ-ցանցի ստեղծման ծրագրի նպատակն է ապահովել Ինտերնետի թափանցումը Հայաստանի ողջ տարածք: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացումը կսկսվի 2010թ. վերջին և 3-ից 5 տարի կշարունակվի, իսկ դրա իրագործման համար ծրագրվում է $24 մլն հատկացնել: Հայաստանում բարձր արագությամբ լայնաշերտ Ինտերնետ-ցանցի շինարարությունը տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման` Համաշխարհային Բանկի հետ համատեղ իրագործվող ծրագրի մի մասն է: Ցանցի շինարարության տենդերը կհայտարարվի ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներից ոչ շուտ:

Դրա հետ մեկտեղ Հայաստանում անցկացվում է հաճախականական սպեկտրի ցուցակագրում, որի կարևոր նպատակն է ի հայտ բերել "թվային դիվիդենտը" - այն հաճախականական դիապազոնը, որը հասանելի կլինի թվային հաղորդակցությանը անցնելուց հետո: Այս մասին PanARMENAIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Ազգային մրցունակության հիմնադրամի նախագծերի ղեկավար Արմեն Ղալումյանը: ”2015 թ. թվային հեռուստա և ռադիոհաղորդակցության անցնելուց հետո, հաճախականությունների նշանակալի դիապազոնը կարող է գտնել այլընտրանքային կիրառում, այդ թվում WiMax կապը մինչև վերջնական սպառողը հասցնելու համար”, - ասել է նա:

"ՎիմպելԿոմ" ընկերությունն առաջին անգամ հետխորհրդային տարածքում` Ղազախստանի Ալմաթա և Աստանա քաղաքներում 4G ստանդարտի կապի հաջող թեստավորում է անցկացրել LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի հիման վրա: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, Ղազախստանի փորձը 4G ցանցերի տարածման ժամանակ կօգտագործվի "ՎիմպելԿոմի" ներկայության մյուս տարածաշրջաններում: Ավելի վաղ PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում "ԱրմենՏելի"` Հայաստանում "ՎիմպելԿոմի" դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել էր, որ թեստային ցանցի հաջող գործարկման դեպքում "ՎիմպելԿոմը" տեխնոլոգիան կտեղափոխի իր ներկայության երկրներ, այդ թվում` Հայաստան: Նրա խոսքով, Հայաստանում LTE ցանցի շինարարության ծրագրերի վրա ազդելու է նաև Հայաստանում ցանցի կառուցման թույլատրելի հաճախականության դիապազոնի մասին կարգավորիչի որոշումը:

Orange Armenia-ի բաժանորդների թիվը հասել է 250 հազարի: Այդ մասին լրագրողներին հաղորդեց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Դրա հետ մեկտեղ մինչև 2010թ. առաջին կիսամյակի ավարտը ընկերությունը ծրագրում է երկու անգամ հզորացնել բջջային Ինտերնետի ցանցերը:

NeoMedia ընկերությունը թողարկել է Armenix միկրոբլոգինգի ծառայությունը: NeoMedia նախագծի ղեկավար Վարդան Պապիկյանի խոսքով, Միկրոբլոգինգի անհրաժեշտությունը հայկական համակարգում ամենից առաջ կապված է տեղական իրադարձություններին հետևելու հետ, քանի որ Հայաստանը դեռ ներգրավված չէ trending topics Twitter-ում (ամենաքննարկվող թեմաներ): Նոր ծառայությունը նպաստելու է Ինտերնետ-բովանդակության զարգացմանը և հայկական բլոգոսֆերայի ակտիվացմանը:

Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող Facebook սոցիալական ցանցում ինտերնետ-գովազդը հասանելի է դարձել հայկական ընկերությունների համար: Իր գովազդատուներին Facebook-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն, Հայաստանում ավելի քան 50 680 մարդ Facebook սոցիալական ցանցից են օգտվում: 22 220 օգտվողներ արական սեռին են պատկանում, 26 500-ը` իգական: Alexa.com վարկանիշային համակարգի վիճակագրության համաձայն, Facebook.com ամերիկյան սոցիալական ցանցը Հայաստանում ամենաշատ այցելվող սոցիալական ցանցերի շարքում երկրորդն է: Ամբողջ աշխարհում Facebook.com-ից օգտվում են ավելի քան 400 միլիոն մարդ, որոնց 70%-ը ԱՄՆ սահմաններից դուրս են բնակվում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում Odnoklassniki.ru ռուսական սոցիալական ցանցից օգտվողների թիվը գերազանցում է 300 000-ը, իսկ մեկ այլ ռուսական սոցիալական ցանցից` Vkontakte.ru-ից օգտվում են 155 083 մարդ:

Հայաստանի կառավարությունը գրեթե 10 անգամ դիմել է Google-ին իր որոնման ինդեքսից այս կամ այն Ինտերնետ-աղբյուրը ջնջելու խնդրանքով, բայց և այնպես դիմումներից ոչ մեկը չի բավարարվել: Նման տեղեկատվություն է տրամադրել Google ընկերակցությունը "Կառավարական հարցադրումներ" (Government Requests) անունը կրող իր նոր գործիքի միջոցով: Online-գործիքը հիմնված է Google Map հավելվածի վրա, էլեկտրոնային քարտեզի վրա նշվում է 2009 թվականի հուլիսից դեկտեմբեր ամիսներին Google ընկերակցությանն ուղղված կառավարությունների դիմումների քանակը` օգտվողների անհատական տեղեկատվության տրամադրման կամ Google որոնումից տեղեկատվություն ջնջելու մասին հարցադրումներով: Այդպիսով ընկերակցությունը շարունակում է պայքարել Ինտերնետ-ցենզուրայի հետ: Երկրների մեծ մասի դիմումները Google-ին, այդ թվում նաև Հայաստանի դեպքում տասից պակաս են: Օգտվողների մասին տեղեկատվության հարցադրումների ցուցակում առաջատարներն են Բրազիլիայի կառավարությունը` 3663, ԱՄՆ` 3580, Մեծ Բրիտանիայի` 1166, Հնդկաստանի` 1061 և Ֆրանսիայի կառավարությունը` 846 հարցադրում:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---