Հայաստանի հավաքականն արծաթե մեդալներ նվաճեց 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի Աշխարհի առաջնությունում

Ապրիլի 15-ից 22-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Հոկեյ. Ապրիլի 14-18-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության վերջին խաղերը: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, ՀԱՀ և Մոնղոլիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը 3 հանդիպումներում հաղթանակ տարավ և պարտություն կրեց միայն եզրափակչում` հյուսիսկորեացիներից: Նրանց հետ առաջին խաղում հայ հոկեիստները կարողացել էին տանել շատ դժվար հաղթանակ` 7:6 հաշվով: Բայց եզրափակչում ավելի ուժեղ էր Հյուսիսային Կորեայի հավաքականը և հաղթեց 5:2 հաշվով: Վերջինս նվաճեց ոսկե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը` արծաթե:

PanARMENIAN.Net - 3-րդ տեղի համար խաղում ՀԱՀ-ը պարտության է մատնել Մոնղոլիայի հավաքականին և նվաճել բրոնզե մեդալներ: Առաջնության լավագույն դարպասապահ է ճանաչվել Դևիդ Բերգերը (ՀԱՀ), լավագույն պաշտպան և հարձակվող են ճանաչվել հայ հոկեիստներ Դավիթ Թագվորյանը և Հակոբ Ավետիսյանը, իսկ լավագույն խաղացող` Կիմ Կվանգ-Հոն (Հյուսիսային Կորեա):

Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Դուգլաս Դե Չեզարեն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր սաները եզրափակչում ցույց չտվեցին իրենց բոլոր խաղարկային որակները: "Չնայած, որ թիմը երիտասարդ է, այն շատ հաջող ելույթ ունեցավ: Կարծում եմ` մենք մեծ ձեռքբերումներ կունենանք և կկարողանանք բարելավել խաղարկային որակները",- գտնում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Պետրոս Ժամկոչյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջնությունը շատ ջերմ մթնոլորտում է անցել: "Չէինք սպասում, որ Հայաստանում այդպիսի ակտիվ ու լավ երկրպագուներ կան: Դա մեզ ուժ տվեց,- ասաց Ժամկոչյանը:- Եզրափակչում մենք հոգնած էինք, բայց արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթեինք: Հաջորդ տարի կփորձենք ոսկե մեդալներ նվաճել և երկրորդ դիվիզիոն անցնել": Իսկ հարձակվող Մանուկ Բալյանի խոսքով, որպեսզի հոկեյը Հայաստանում զանգվածային բնույթ ստանա, հարկավոր է հոկեյի շատ դպրոցներ և սահադաշտեր կառուցել: "Մենք արդեն 5 տարի զբաղվում ենք հոկեյով, և կարծում ե, որ կկարողանանք հաջողության հասնել, քանի որ մեր թիմի մարզիկները երիտասարդ են ու տաղանդավոր",- նշեց Բալյանը:

Արդեն մեկ օր անց` ապրիլի 19-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականի հետ: Հանդիպման ընթացքում Հակոբյանը շնորհավորեց հոկեիստներին հաջողության առթիվ և նոր ձեռքբերումներ մաղթեց: "Ձեր շնորհիվ հոկեյը սիրելի դարձավ Հայաստանում: Ցավում եմ, որ արծաթե մեդալներ եք նվաճել, բայց ամենակարևորը, որ դուք կամք ունեք և կարող եք շատ բանի հասնել",- ասաց նախարարը:

Նույն օրը հոկեիստներին ընդունեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա շնորհավորեց հոկեիստներին հոյակապ ելույթի առթիվ: "Մենք չէինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կարող է այդպես լավ խաղալ, բայց մեր հոկեիստներն ապացուցեցին, որ հոկեյը` որպես սպորտաձև, կա Հայաստանում և աստիճանաբար զարգանում է",- ասաց Ծառուկյանը:

Շախմատ. ՖԻԴԵ-ի (շախմատի միջազգային Ֆեդերացիա) նախագահ Կիրսան Իլյումժինովը Օլիմպիադայի բողոքարկման հանձնաժողովի անդամ է նշանակել Հայաստանի շախմատի Ֆեդերացիայի պատվավոր նախագահ և ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին: 2010 թվականի շախմատի Օլիմպիադան տեղի կունենա Խանտի-Մանսիյսկում սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը: Իսկ օգոստոսի 2-17-ը Լեհաստանի Խոտովա քաղաքում տեղի կունենա աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն, որին կմասնակցի 168 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոբերտ Հովհաննիսյանը և Անի Խանամիրյանը: Հայ գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն ապրիլի 25-ից մայիսի 8-ը ՌԴ Նալչիկ քաղաքում կայանալիք "Գրան պրի" մրցաշարի 3-րդ փուլին:

Թենիս. Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Monte-Carlo Rolex Masters-2010 մրցաշարի “Մաստերս” սերիայի 1/4 եզրափակիչում հանդիպեց աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Ջոկովիչը 6:2, 6:3 հաշվով հաղթանակ տարավ: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բաց կթողնի Barcelona Open Banc Sabadell-2010 (Բարսելոնա) և Internazionali BNL d'Italia-2010 (Հռոմ) առաջնությունները: Նալբանդյանը ձախ ոտքին ծնկից ներքև ընկած ջլի պատռվածքի պատճառով չի մասնակցի Barcelona Open Banc Sabadell-2010 (Բարսելոնա) և Internazionali BNL d'Italia-2010 (Հռոմ) առաջնություններին: Նրա փոխարեն Բարսելոնայի առաջնությանը կմասնակցի Էկվադորից թենիսիստ Նիկոլաս Լապենտին:

Ֆուտբոլ. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում մայիսի 20-ին Տալլինում կհանդիպի Էստոնիայի հավաքականի հետ: Առաջին խաղը երկրորդ խմբում այդ թիմերի միջև տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 14-ին Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում; Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ էստոնացիները 9 միավորով 3-րդ տեղում են: Խմբի առաջատարը Շվեյցարիայի հավաքականն է` 16 միավորով: ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարի B խմբի խաղացանկում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պայմանավորվել են տեղափոխել Հայաստան-Ռուսաստան և Ռուսաստան-Հայաստան հանդիպումների անցկացման վայրերը: Այսպիսով, 2011թ. մարտի 26-ին կկայանա Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, իսկ 2011թ. հունիսի 4-ին` Ռուսաստան-Հայաստան հանդիպումը: Բ խմբի մնացած խաղերում փոփոխություն չկա: Հանգստյան օրերին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ փուլը: “Միկա” ՖԱ-ը Գյումրիի քաղաքային մարզադաշտում կարոցացել է պարտության մատնել “Շիրակին” 1:0 հաշվով: 53-րդ րոպեին գոլ է խփել Վիգեն Համբարձումյանը: Իսկ առաջնության նորեկ Դիլիջանի “Իմպուլսը” 1:0 հաշվով հաղթանակ է տարել “Կիլիկիայի” նկատմամբ: Գոլի հեղինակ է դարձել Ռոմեո Ջենեբյանը: Ընթացիկ առաջնությունում շարունակում է վստահ ելույթ ունենալ 2009-ի Հայաստանի չեմպիոն “Փյունիկը”, որն իր 3-րդ հաղթանակը տարել է “Ուլիսի” նկատմամբ: “Գանձասար”- “Բանանց” հանդիպումն ավարտվեց “Բանանցի” հաղթանակով 1:2 հաշվով: 4-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է “Փյունիկը”, որից 1 միավորով ետ է մնում “Միկան”, իսկ “Բանանցը” 7 միավորով 3-րդ տեղում է: Իսկ ապրիլի 20-ին և 21-ին կայացան Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները: "Փյունիկ" - "Ուլիս" խաղում Հայաստանի 2009թ. գավաթակիր "Փյունիկը" 1:0 հաշվով հաղթանակ տարավ: Իսկ "Բանանց" - "Միկա" խաղն ավարտվեց հօգուտ "Բանանցի"` 2:0: Այդպիսով, ինչպես և 2009 թվականին, եզրափակչում կհանդիպեն "Փյունիկն" ու "Բանանցը": Նախորդ անգամ Հենրիկ Մխիթարյանի գոլի շնորհիվ "Փյունիկը" հաղթանակ տարվա և նվաճեց Հայաստանի Գավաթը:

Լող. Ապրիլի 21-ից 23-ը Երևանում` Դավիթ Համբարձումյանի սպորտդպրոցում ընթանում է Հայաստանի լողի բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են 110 լողորդներ և լողորդուհիներ Երևանից ու Գյումրիից, ինչպես նաև սահմանափակ հնարավորություններով 5 լողորդներ: "Առաջնության ավարտից հետո մեր լողորդները կպատրաստվեն միջազգային մրցաշարերին: Պատանիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա Դուբայում",- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայաստանի Լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:

Ձյուդո. Ապրիլի 22-25-ը Վիեննայում (Ավստրիա) ընթանում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ ձյուդոիստներ: Գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնության ժամանակ ելույթ կունենան 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), 2010թ. Աշխարհի գավաթի մրցանակակիր Արմեն Նազարյանը (66 կգ ք/կ) և Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ ք/կ): Նազարյանն իր ելույթն ավարտել է 7-րդ տեղում, իսկ Դավթյանը` 5-րդ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---