Ապագա կռվախնձո՞ր

Թուրքական կողմի բարձրագոչ հայտարարություններն այն մասին, որ «Նախիջևանի ապագան միշտ առաջնահերթ հետաքրքրություն է ներկայացրել Թուրքիայի համար», ընդամենը խոսքի բանաձև է

85 տարի առաջ ձևավորվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (ՆԻՀ), որը տեսանելի ապագայում կարող է լարվածության ևս մեկ օջախի վերածվել և պարզապես պայթեցնել տարածաշրջանը: Չնայած Նախիջևանի` Ադրբեջանին պատկանելության հարցում թվացյալ համաձայնությանը, Թուրքիան ու Իրանը սկսել են հիմք շոշափել և կուլիսային պայքար մղել Բաքվին, իսկ ավելի ճիշտ Նախիջևանին իրենց ցանկությունները թելադրելու իրավունքի համար: Այնուհետև այդ ցանկությունները կարող են վերածվել պայմանների. տվյալ դեպքում ամեն ինչ կախված է Ադրբեջանի «վարքից», որը միատեսակ ուժեղ կախվածություն ունի և Թուրքիայից, և Իրանից: Բայց առավել կախված է Ռուսաստանից, որքան էլ Բաքվի «փորձագետներն» ու «քաղաքագետներն» իրենց ժողովրդին հակառակում համոզեն:

PanARMENIAN.Net - Ամենից հավանական է, որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարություններն այն մասին, որ «Նախիջևանի ապագան միշտ առաջին հերթին հետաքրքրել և հետաքրքրում է Թուրքիային», ընդամենը խոսքի բանաձև է, առավել ևս, եթե այն կիրառում է Թուրքիայի արտգործնախարարը: «Կարսի պայմանագիրը, որն ապահովում է Նախիջևանի անվտանգությունն արտաքին սպառնալիքներից, ուժի մեջ է մնում: Ոչ ոք չի կարող կասկած ունենալ դրանում: Այդ պայմանագիրը միջազգային իրավունքի անբաժան մասն է: Թուրքիան Նախիջևանի անվտանգության երաշխավորն է: Միջազգային իրավունքի համաձայն, դա Թուրքիայի պարտավորությունն է: Նախիջևանի անվտանգությունը մեր անվտանգությունն է, նրա բարեկեցությունը մեր բարեկեցությունն է»,- ասել է Ահմեդ Դավութօղլուն` ավելացնելով, որ Նախիջևանն ու Թուրքիան անբաժան են:

1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ՌԽՍՖՀ մասնակցությամբ մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԽՍՀ, մյուս կողմից Թուրքիայի միջև բարեկամության մասին Պայմանագրի համաձայն Նախիջևանի մարզն ինքնավար տարածք է կազմավորում Ադրբեջանի հովանու ներքո` առանց երրորդ երկրին հանձնելու իրավունքի: Երրորդ երկրի անվան տակ ենթադրվում էր և այժմ էլ ենթադրվում է Հայաստանը: Սակայն հարկ է ասել, որ մարզին տիրանալու հավակնություններ ունի նաև Իրանը: 2005 թվականին Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադն ու Իլհամ Ալիևը հանդիսավոր կերպով բացեցին գազատարը, որը ձգվում է Իրանից Ադրբեջանի ինքնավար հանրապետություն: Առաջին մատակարարումները սկսվեցին 2005 թվականի նոյեմբերի 1-ին: 25 տարի ժամկետով պայմանավորվածությունների համաձայն, Իրանը ՆԻՀ-ին մատակարարում է Ադրբեջանից այդ երկիր հասնող ծավալի 85%: Մնացած 15%-ը Բաքվի վճարն է Թեհրանի ծառայությունների համար: Գործարքում «կենդանի» դրամով վճար նախատեսված չէ:

Տվյալ դեպքում յուրաքանչյուրը վաճառում է այն, ինչ ունի. Թուրքիան` անվտանգության երաշխիքը, Իրանը` գազը: Ադրբեջանն առայժմ օգտվում է թե մեկից, և թե մյուսից, բայց որքա՞ն ժամանակ է դա շարունակվելու: Բնական է, որ Թուրքիան տվյալ դեպքում ավելի շատ շանսեր ունի, քան Իրանը. նա ավելի մոտ է Բաքվի քաղաքական վերնախավին, որը այաթոլլաների վարչակարգի «երկրպագու» չի: Սակայն հենց Նախիջևանից է սկսվելու տարածաշրջանային տիրապետության համար պայքարը երկու երկրների միջև: Եվ այն բանից, թե ով կկարողանա ավելի արագ իրեն ենթարկել Ադրբեջանը, նա էլ կարող է ասել, որ առաջին քայլն արդեն կատարված է: Բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ հակառակ կողմն արագ կհանձնվի: Տարածաշրջանային գործընթացները միայն թափ են հավաքում, և հարկ է նշել, որ դրանցում Հայաստանը, իսկ ավելի ճիշտ` ղարաբաղյան հակամարտությունը վերջին դերը չի խաղում: Եթե հանկարծ Բաքուն մտադրվի պատերազմ սկսել, ոչ Թուրքիան, ոչ էլ Իրանը օգնության չեն հասնի տարբեր պատճառներով. Թուրքիան չի օժանդակի ագրեսորին, իսկ Իրանը պարզապես չի միջամտի: Ճիշտ է նաև այն, որ առավելագույն ժամանակը, որի ընթացքում Ալիևը կկարողանա դիմանալ պատերազմ ծավալելուց հետո, մեկ ամիսն է: Մեկ ամսվա ընթացքում կարելի է լուծել նաև Նախիջևանի հարցը, քանի որ Կարսի պայմանագրում ասվում է Թուրքիայի` որպես մարզի անվտանգության երաշխավորի մասին: Համենայնդեպս, մոտակա մի քանի տարիներին մենք տարածաշրջանում մեծ փոփոխությունների ականատեսն ենք դառնալու: Պատահական չէ, որ այժմ Նախիջևանի թեման ակտիվորեն սկսել է լուսաբանվել թուրքական լրատվամիջոցների կողմից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---