Այս տարի հայ գյուղացիների աշխատանքն ակնկալվող արդյունքը չի տա

Անտոկոս բանկային վարկերը մասնակիորեն կլուծեն գյուղացիների խնդիրները և թույլ կտան նախապատրաստվել հաջորդ սեզոնին

Այս տարի հայ գյուղացիների աշխատանքն ակնկալվող արդյունքը չի տա` ցրտահարությունների, հորդառատ անձրևների և կարկուտի պատճառով արդեն վնասվել է ծիրանի բերքի 30-40 տոկոսը և կհավաքվի 30 000-45 000 տոննա նախորդ տարվա 85 000 տոննա ծիրանի դիմաց, չհաշված կեռասի, բալի, մյուս մրգերի ու բանջարեղենի բերքի կորուստները: 1 կգ ծիրանի գինը Երևանի շուկաներում այս տարի հասնում է 2000 դրամի, ինչը համարժեք է շուրջ 5 ԱՄՆ դոլարին, կեռասի գինը 700-900 դրամ է, նորահաս խնձորինը` 700-800 դրամ, ինչն այնքան էլ ընդունելի չէ շարքային սպառողի համար: Բանջարեղենի գինը նույնպես դեռևս բարձր է` լոլիկի արժեքը 600-800 դրամ է, վարունգինը` 300-400 դրամ:

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը մտահոգված է և դիտարկում է անցկացնում երկրի բոլոր մարզերում` գնահատելու համար վնասի չափերը, որի արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Հարկ է նշել, որ բնակլիմայական պայմանները բացասաբար են անդրադարձել երկրի գյուղատնտեսության ոլորտում իրագործվող աշխատանքների վրա, ինչպես հացահատիկային կուլտուրաների գծով, այնպես էլ` հատապտուղների և բանջարաբոստանային կուլտուրաների: Առավել շատ են տուժել Արմավիրի, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի մարզերը: «Արդյունքում մենք մեկ ամսով ուշացրել ենք գարնանացանի աշխատանքները»,- ասել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Դրա հետ կապված նա նշել է, որ 2009-ին բնակլիմայական պայմանների հասցրած վնասը կազմել է 12 մլրդ դրամ, որոնցից միայն 6 մլրդ դրամը կարկուտի հասցրած վնասն է եղել: Միաժամանակ նախարարը նշեց, որ ընթացիկ տարում լինելու են ներքին շուկայի պահանջմունքները բավարարելու հետ կապված խնդիրներ: Սակայն, շուկայում գյուղատնտեսական մթերքների գների թռիչքային աճ չի սպասվում: «Երկրում գնաճ կա, բայց այն կառավարվում է իշխանությունների կողմից, ուստի Հայաստանում գյուղատնտեսական մթերքների գների թռիչքային աճ չի սպասվում»,- նշել է նա, ավելացնելով, որ այնուամենայնիվ «գինը որոշում է շուկան»:Հուսանք, որ վերջին շաբաթում հաստատված արևշող եղանակը թույլ կտա որոշ չափով լրացնել կորուստները ու շուկաներն, ինչպես միշտ, լի կլինեն հյութեղ, հասուն և էկոլոգիապես մաքուր բանջարեղենով ու մրգերով:

Սակայն, երեկ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի որոշ ջերմոցային տնտեսություններում Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի (ՍԱԱ) կողմից կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ խախտվում են բանջարեղենում ու մրգերում թունաքիմիկատների պահպանման նորմերը: Թունաքիմիկատներ պարունակող դեղորայքը Հայաստանում չի հսկվում: Բույսերի ցողման և շուկա բերքի առաքման միջև պետք է երեքից յոթ օր անցնի, բայց հաճախ հաջորդ իսկ օրը բերքը հավաքվում և վաճառվում է: Հավանաբար, գյուղացիները թունաքիմիկատների գերածախս են թույլ տվել անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով` ավելի մեծ բերք ստանալու ակնկալիքով:

Վատ բնակլիմայական պայմաններին ավելացան նաև բերքը պահպանելու հետ կապված խնդիրներ, քանի որ արդեն նկատվում են որոշ հիվանդությունների համաճարակներ, այդ թվում հացահատիկային կուլտուրաների մոտ` «ժանգի» հիվանդությունը, մեծ տարածում են ստացել նաև կրծողները: Այս առնչությամբ գյուղնախարարը նշել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ կառավարությունը վնասատուների հետ պայքարի համար 300 մլն դրամ բյուջետային միջոց է հատկացրել: Սակայն այլ բան է պարզվում` Հայաստանի Ախուրյանի շրջանում նկատվում է խլուրդների տարածում, ինչը կարող է հանգեցնել կարտոֆիլի և շաքարի ճակնդեղի բերքի մեծ կորուստների: Ըստ Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի, կրծողների տարածումը շարունակվում է ողջ Շիրակի մարզում: Միաժամանակ, նրա խոսքերով, խլուրդների դեմ պայքարելը բարդ է, քանի որ նրանք սուր հոտառություն ունեն և զգում են թույնի հոտն ու չեն մոտենում դրան: Նախկինում Հայաստանում նման իրավիճակ չի եղել, իսկ դրանց տարածումը կապված է երկրում չմշակվող մեծ հողատարածքների հետ: Չնայած անբարենպաստ բնակլիմայական պայմաններին, գյուղմթերքի արտադրության աճը ապրիլ ամսին մարտի համեմատ կազմել է 39,7 տոկոս: Բացի այդ, 2010թ. հունվար-ապրիլին իրացվել է 6,78 մլրդ դրամի բուսական արտադրանք, 57,13 մլրդ դրամի կենադանական արտադրանք և 3,98 մլրդ դրամի ձկնեղեն: Այնուամենայնիվ գյուղացիները կհավաքեն նախատեսվող բերքի ընդամենը մեկ երրորդը և չեն կարողանա անհրաժեշտ ծավալի բերք ապահովել արտահանման համար: Նվազեցնելու համար գյուղացիների ծախսերը, ՀՀ կառավարությունը բյուջետային միջոցներից բանկային վարկերի գծով 2010-ին տրամադրել է 100-տոկոսանոց սուբսիդիաներ` 100 մլն դրամի չափով: Նպատակային սուբսիդավորում տրամադրվելու է երկրի երեք շրջաններին, որոնցից երկուսը գտնվում են Շիրակի մարզում, մյուսը` Գեղարքունիքում: Բացի այդ, քննարկվում է այդ ծրագրի երկարացման հնարավորությունն այլ շրջանների համար: Այսպիսով, անտոկոս բանկային վարկերը թույլ կտան գյուղացիներին մասնակիորեն լուծել իրենց խնդիրները և թույլ կտան նախապատրաստվել հաջորդ սեզոնին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX հավելվածում․ ՊԵԿ–ը 10 քայլ է նշել

Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX հավելվածում․ ՊԵԿ–ը 10 քայլ է նշել Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---