Հովհաննես Դանիելյանը, Հրաչիկ Ջավախյանը և Արթուր Խաչատրյանը դուրս են եկել բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակիչ

Հունիսի 3-10-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Բռնցքամարտ. Մոսկվայում հունիսի 8-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի հավաքականը ներկայացնում են 10 բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը` Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Հովհաննես Դանիելյանը (48ք/կ) և Հրաչիկ Ջավախյանը (64ք/կ) դուրս են եկել կիսաեզրափակիչ: Նրանք արդեն բրոնզե մեդալներ ունեն, իսկ եզրափակիչ դուրս գալու համար հունիսի 11-ին կմրցեն կիսաեզրափակչի մարտերում:

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանն (ԱՄՆ) անցկացրեց իր 28-րդ մենամարտը Ջո Գրինի դեմ, որը մինչ այդ պարտություն չուներ: Մարտիրոսյանը բոլոր 10 ռաունդներում առավելություն ուներ և հաղթեց 96-93, 96-93, և 98-91 հաշվով: Այս մարտում նա պաշտպանում էր NABF և NABO վարկածներով տիտղոսները առաջին միջին քաշային կարգում և նվաճեց WBA վարկածով միջմայրցամաքային գոտին:

Կարլ Ֆրոչի փրոմոութեր Միք Հենեսին հայտարարել է, որ «Super Six»-ի 3-րդ փուլի մենամարտը Արթուր Աբրահամի (Գերմանիա) և Կարլ Ֆրոչի (Անգլիա) միջև տեղի կունենա Մոնրեալում (Կանադա) սեպտեմբերի 18-ին: Ֆրոչի թիմը ցանկանում էր այդ մարտն անցկացնել ԱՄՆ-ում, սակայն Աբրահամի թիմը մերժել էր առաջարկը, քանի որ մենամարտը պետք է կայանա Եվրոպայում, Ֆրոչն էլ իր հերթին հրաժարվել էր մենամարտել Շվեյցարիայում:

WBC International, WBA и IBF International վարկածներով երկրորդ քաշային կարգում հանդես եկող Արսեն Մարտիրոսյանը (Ֆրանսիա), որը տիրապետում է 5 գոտիների, Լիոնում տեղի ունեցած մարտից հետո, որում նա մայիսի 21-ին միավորներով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Պարոդիին, ժամանել է Հայաստան: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ Պարոդիի հետ վերջին մենամարտը կարևոր էր նրա համար, քանի որ նա պայքարում էր նոր գոտու համար: «Ժերեմին տաղանդավոր երիտասարդ բռնցքամարտիկ է: Մինչև այդ նա պարտություն չուներ: Բայց ինձ հաջողվեց հաղթել և նվաճել WBC International գոտին»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, այս տարվա դեկտեմբերին նա Ճապոնիայում պայքարելու է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: «Իմ մարզումները ես կսկսեմ Ծաղկաձորում, այնուհետև կշարունակեմ Անգլիայում և Գերմանիայում: Այնտեղ ես մի քանի սպարինգ կանցկացնեմ»,- ընդգծեց բռնցքամարտիկը:

Ֆուտբոլ. Հունիսի 9-ին և 10-ին տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի 60-րդ համագումարը, որը անցկացվեց հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքում: Համագումարում ներկայացվեց ՖԻՖԱ-ի 2009թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը և հեռանկարները, կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը, և մասնավորապես հաստատման ներկայացվեց ՖԻՖԱ-ի 2011-2014թթ. հեռանկարային բյուջեն և 2011թ. բյուջեն մանրամասն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագումարում ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը և ՀՖՖ հավաքական թիմերի նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Էդգար Մանուկյանը: Իսկ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի 10-րդ փուլում Կապանի «Գանձասարը» հանդիպեց «Շիրակի» հետ և հաղթեց 1:0 հաշվով:

2010-ի Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» 3:0 հաշվով Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հաղթեց «Իմպուլսին»:

«Բանանցը» վստահ հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ Միգել դա Սիլվայի և Էդուարդո դոս Սանտոսի գոլերի շնորհիվ: Միակ ոչ ոքին գրանցվեց «Կիլիկիա»- «Միկա» խաղում: Առաջինը գոլը հարվածեցին «Միկայի» ֆուտբոլիստները, աչքի ընկավ Էդնեյ դե Օլիվեյրան: Սակայն 85-րդ րոպեին Տիգրան Գրիգորյանը հավասարեցրեց հաշիվը:

Մրցաշարային աղյուսակը 26 միավորով շարունակում է գլխավորել «Փյունիկը», «Բանանցը» զիջում է 3 միավորով, իսկ երրորդ տեղում «Ուլիսն» է (20 միավոր):

«Եվրոպա» թիմի երիտասարդ դարպասապահ Գևորգ Զարգարյանին նվիրված ֆուտզալի մրցաշարի հաղթող դարձավ «Էրեբունին», որը 7:5 հաշվով պարտության մատնեց «Քախսիին»:

Հայաստանի ֆուտզալի հավաքականն անցկացնում է եռօրյա ուսումնամարզական հավաք: Հունիսի 8-10-ը թիմը կանցկացնի երկու մարզում և մեկ երկկողմանի խաղ:

Դոնեցկի «Մետալուրգը» Բադ-Տատցմանսդորֆում (Ավստրիա) կանցկացնի իր առաջին ուսումնամարզական հավաքը: Նիկոլայ Կոստովի ղեկավարությամբ Ավստրիա են մեկնել 22 ֆուտբոլիստներ: «Մետալուրգի» կազմում Կոստովը հայտարարել է երկու հայ ֆուտբոլիստների` Հենրիխ Մխիթարյանին և Արտակ Դաշյանին:

Շախմատ. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունիսի 4-6-ն Իսպանիայի Լեոն քաղաքում մասնակցել է արագ շախմատի ավանդական մրցաշարին: Արոնյանի մրցակիցներն էին Բորիս Գելֆանդը (Իսրայել), Լենյեր Դոմիննգես Պերեսը (Կուբա) և Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսը (Իսպանիա): Վիճակահանությամբ Արոնյանը հանդիպել է Դոմինգեսին և հաղթել 2.5:1.5 հաշվով, իսկ Գելֆանդը 3.5:2.5 հաշվով պարտության է մատնել Պոնսին: Եզրափակչում Գելֆանդն ավելի ուժեղ էր և 4:2 հաշվով պարտության մատնելով Արոնյանին` դարձել է մրցաշարի հաղթող:

Սպորտային մարմնամարզություն. Հունիսի 8-ին Երևանում մեկնարկել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության գավաթը: Մրցաշարն ավանդական է և տեղի է ունենում 7-րդ անգամ: Մասնակցում են 43 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից:

Առաջին օրը մարզիկները հանդես եկան «բազմամարտում»: Մրցանակային տեղեր զբաղեցրին Վահան Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---