Աղասի Աղասյանը դարձավ աշխարհի չեմպիոն ուսանողների շրջանում

Հուլիսի 1-8-ը տեղի ունեցած հիմնական մարզական իրադարձությունների ամփոփ տեսություն

Ծանրամարտ. Հուլիսի 2-4 Թայվանի Թայպե քաղաքում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացրել է 3 ծանրորդ: Աղասի Աղասյանն աշխարհի չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը «պոկում» վարժությունում բարձրացրել է 135 կգ, իսկ «հրում» վարժությունում 181 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 316 կգ նվաճել է ոսկե մեդալ: 2-րդ տեղում է Նիենգ Պենգ Չյանգը Թայվանից 283 կիլոգրամով:

PanARMENIAN.Net - Ռուբեն Մամոյանը (62 կգ ք/կ) «պոկում» վարժությունում բարձրացրել է 120 կգ և նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ «հրում» վարժությունում Մամոյանն անհաջող հանդես եկավ:

94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Դավթյանը: Նա նվաճեց բրնոզե մեդալ: Երկամարտի արդյունքում նա բարձրացրեց 358կգ և զիջեց Սուտիֆոն Վատհանակասիկամուին Թայվանից միայն անձնական քաշով:

Բասկետբոլ. Հուլիսի 3-ին «Միկա» մարզահամալիրում կայացավ բասկետբոլի կանանց C դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչը: Խաղացին Հայաստանի և Մալթայի հավաքականները: Երկու թիմերն էլ արդեն նախքան եզրափակիչը իրավունք էին վաստակել 2011 թվականին մասնակցելու բասկետբոլի C դիվիզիոնի ԵԱ-ին: Եզրափակչում Մալթայի հավաքականի բասկետբոլիստուհիները վստահ խաղացին և կարողացան հաղթանակ տանել 65:74 հաշվով` դառնալով առաջնության հաղթողը: Հայաստանի հավաքականը կրեց միակ պարտությունը, մինչ այդ թիմը 4 հանդիպում էր անցկացրել և բոլորում հաղթել էր:

Շախմատ. Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը, որի հաղթողը դարձավ Նանա Ձագնիձեն (Վրաստան): Նա առաջատար էր ողջ մրցաշարի ընթացքում: 11 հնարավոր միավորից նա հավաքեց 9 միավոր: Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Բաիրա Կովանովայի (Ռուսաստան) հետ և, միավորներ կորցնելով, զբաղեցրեց 4-րդ տեղը: Էլինա Դանիելյանն այդ տուրում կարողացավ հաղթել Տատյանա Կոսինցևային (Ռուսաստան): Նա հավաքեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը` Մկրտչյանից առաջ անցնելով միայն լրացուցիչ արդյունքներով: Կոսինցևան 7.5 միավորով 2-րդ տեղում է:

Մրցաշարի հաղթողը ստացավ 6500 եվրո, դրամական պարգևներ են ստացել նաև բոլոր շախմատիստուհիները:

Մոսկվայում անցկացվող Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 12 տուրից հետո վաստակել է 15 թիմային և 24,5 անհատական միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առջևում է Չինաստանը` 23 (39) միավորով:

Ըմբշամարտ.Բուլղարիայի Սամոկով քաղաքում հուլիսի 5 -ին ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ բանակային Արթուր Ալեքսանյանը /84կգ, Գյումրի /: Նա հաղթանակով ավարտեց նախնական փուլերի բոլոր հադիպումները ու մտավ եզրափակիչ: Ոսկու համար պայքարում Արթուրը զիջեց մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի և տուն վերադարձավ փոխչեմպիոնի կոչումով: Նրա թիմակից Գևորգ Սահակյանը / 66կգ, Արտիմեդ / բավարարվեց երրորդ տեղով ու նվաճեց բրոնզե մեդալ:

Բռնցքամարտ. Ուկրաինայի Բերդիչև քաղաքում հունիսի 29-ից հուլիսի 4-ը անցկացվեց բռնցքամարտի միջազգային երիտասարդական բարձրագույն կարգի մրցաշար, որտեղ խաղարկվեցին օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի անվան մրցանակները: Մրցումներին մասնակցեցին 12 երկրների 74 մարզիկներ: Հայաստանից հանդես եկավ միայն Սինգապուրի ամառային օլիմպիական առաջին խաղերի ուղեգիր ունեցող Հրայր Մաթևոսյանը /60կգ ,Երևան /: Նա հաղթեց հաջորդաբար Ուզբեկստանի /13:2/,Ռուսաստանի /7:2 /,իսկ եզրափակիչում` Ադրբեջանի /3:2 / ներկայացուցչին և արժանացավ հաղթողի կոչմանը:

Ֆուտբոլ. Հուլիսի 1-ին «Ուլիսը»2010-2011թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում Երևանի «Հրազդան» մարզադաշտում խաղացել է «Բնեյ Եhուդայի» (Իսրայել) դեմ:

Չնայած նրան, որ երկու թիմերն էլ գոլեր խփելու հնարավորություն ունեին, խաղն ավարտվեց ոչ ոքի: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 8-ին Թել Ավիվում:

Խաղից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը նշեց, որ նրա սաների գործողություններում հուզմունք էր նկատվում: «Մենք գոլ խփելու 4 իրական հնարավորություն ունեինք, բայց չկարողացանք օգտագործել դրանք: Մեզ խանգարեց Կարեն Ալեքսանյանի և Շոթա Ջիկինի վնասվածքը, որոնց ստիպված փոխարինեցինք»,- ասել է Արզումանյանը: Իսկ իսրայելական ակումբի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը նշեց, որ նրա թիմն այդ խաղին սկսել է պատրաստվել 3 շաբաթ առաջ, և նրանց խաղին խանգարել է շոգը: «Հաշիվը մեզ համար ձեռնտու է, քանի որ հաջորդ խաղը կկայանա մեր մարզադաշտում, մենք այնտեղ կկարողանանք ավելի վստահ խաղալ և հաղթել»,- ասել է Կաշտանը:

Նույն օրը Լառնակայում «Բանանցը« հանդիպեց «Անորտոսիսի» հետ: Երևանյան ակումբը պարտվեց 0:3 հաշվով:

Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 7-րդ և 14-րդ տուրի 2 խաղերը: 3 պարտությունից հետո առաջնությունում 2010-ի Հայաստանի գավաթակիր և երկրի գործող չեմպիոն «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունեց «Կիլիկիային» և հաղթեց 4:2 հաշվով:

«Գանձասարը» Կապանի քաղաքային մարզադաշտում 1:2 հաշվով զիջեց «Իմպուլսին»: «Միկա»-«Ուլիս» և «Շիրակ»-«Բանանց» խաղերը տեղափոխվել են Եվրոպայի լիգայի խաղերի պատճառով:

Մրցաշարային աղյուսակը 32 միավորով շարունակում է գլխավորել «Բանանցը», «Ուլիսը» 32 միավորով 2-րդ տեղում է, «Փյունիկը»` 3-րդ (29 միավոր):

Թենիս. Արգենտինայի թենիսի հավաքականը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ:

Արգենտինայի կազմում ելույթ կունենան Դավիթ Նալբանդյանը, Օրասիո Սեբալոսը, Էդուարդո Շվանկը և Լեոնարդո Մայերը: Դավիթ Նալբանդյանը, որի հավաքականը 2006-ին Մոսկվայում Դևիսի գավաքի եզրափակչում 3:2 հաշվով զիջել է ռուսներին, ասել է. «Կարծում եմ, որ չի կարելի համեմատել 2006-ի խաղը և այս մենամարտը, որովհետև այն ժամանակ դա եզրափակիչ էր, իսկ հիմա մենք խաղում ենք քառորդ եզրափակչում: Մեր թիմի կազմն այժմ բոլորովին այլ է և ես հավատում եմ, որ այս հավաքականը հաջող ելույթ կունենա»:

Հուլիսի 8-ին «Օլիմպիական» մարզահամալիրի կենտրոնական կորտում տեղի ունեցավ խաղի վիճակահանությունը:

Հուլիսի 9-ին առաջինները կորտ դուրս կգան ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն և արգենտինացիների երկրորդ համարը`

Դավիթ Նալբանդյանը: Այնուհետև նրանց կփոխարինեն Միխաիլ Յուժնին ու Լեոնարդո Մայերը:

Մեկ օր անց, զուգախաղում հանդես կգան Իգոր Կունիցինը և Թեյմուրազ Գաբաշվիլին կհանդիպեն Դավիոդ Նալբանդյանի ու Օրասիո Սեբալյոսի հետ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---