Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով

Հուլիսի 8-15-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների տեսությունը

Ֆուտբոլ. Հուլիսի 14-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ բարձրացել է 4 հորիզոնականով և 318 միավորով զբաղեցնում է 96-րդ տեղը: Առաջին տեղում 1883 միավորով 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1659 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1536): Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների միջև խաղերի ամսաթվերը, որոնք կկայանան 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:

PanARMENIAN.Net - Առաջին խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 11-ին, պատասխան խաղը` սետպեմբերի 7-ին Թբիլիսիում: Խաղը տեղի կունենա Միխեյիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Հավաքականները հանդես են գալիս Եվրո-2011 ընտրական մրցաշարի 2-րդ խմբում: Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ Վրաստանի հավաքականը մեկ միավոր պակաս ունի և 5-րդ տեղում է:

Հուլիսի 8-ին «Բանանցը» Եվրոպայի լիգայի 2010-11թ. խաղաշրջանի առաջին որակավորման փուլում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղաց Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Առաջին խաղում, որը տեղի ունեցավ Կիպրոսում, հայկական թիմը զիջեց 0:3 հաշվով: Երևանում Ստեվիցա Կուզմանոսկու սաները մեկ գոլ բաց թողեցին, սակայն իրենք այդպես էլ չկարողացան գոլ խփել, թեև գոլային պահեր եղան: Երկու խաղերի արդյունքում «Բանանցը» զիջեց մրցակցին 0:4 հաշվով և հետագայում դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից:

Նույն օրը «Ուլիսը» Թել Ավիվում հանդիպեց «Բնեյ Եհուդայի» հետ: Խաղն ավարտվեց 1;0 հաշվով իսրայելյան թիմի օգտին: Իսկ այդ թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվեց 0:0 հաշվով: Այսպիսով, «Ուլիսը» ևս դուրս մնաց հետագա պայքարից: 2009-ի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Բելգրադում Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում հանդիպել է «Պարտիզանի» հետ: Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Պարտիզանի» ֆուտբոլիստները: «Փյունիկը» շատ արագ հակագրոհ կազմակերպեց և պաշտպան Արտակ Եդիգարյանը գոլ խփեց: «Պարտիզանը» երկրորդ գոլը խփեց առաջին խաղակեսի ավելացված րոպեին: «Փյունիկի» դարպասապահ Արթուր Լեսկոյի սխալից հետո հաշիվը դարձավ 2:1: Վերջին գոլը 59-րդ րոպեին խփեց Կլերը: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով «Պարտիզանի» օգտին: «Փյունիկը» պատասխան խաղից առաջ, որը կայանալու է հուլիսի 21-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, բարդ իրավիճակում է հայտնվել: Չեմպիոնների լիգայի 3-րդ որակավորման փուլ անցնելու համար նա պետք է երկու գոլ խփի և ոչ մի գնդակ չընդունի իր դարպասում:

Հուլիսի 14-ին «Մետալուրգ» ՖԱ-ի ուսումնամարզական բազայում տեղի ունեցավ թիմի ժողովը, որում գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հայտարարեց այն մասին, որ «Մետալուրգի» նոր ավագն է դարձել Հենրիկ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 21-ամյա ֆուտբոլիստն ասաց, որ ցանկացած խմբում ավագից կրկնակին են պահանջում թե երկրպագուները, թե մարզչական շտաբը:

«Կարծում եմ, Նիկոլայ Կոստովը լիովին վստահում է ինձ և համոզված եմ, որ ես կարող եմ իմ հետևից տանել թիմի խաղացողներին: Իմ կողմից հնարավոր ամեն ինչ կանեմ ինձ ցուցաբերած վստահությունն արդարացնելու համար»,- ասել է Մխիթարյանը:

Շախմատ. Շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, 2005 թվականի Աշխարհի գավաթակիր, Լինարեսի (2006) և Վեյք-ան-Զեեի (2007, 2008) սուպերառաջնությունների և Գրան-պրի ՖԻԴԵ-ի հաղթող, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանում էր գտնվում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ այս տարի 2 խոշոր առաջնության է մասնակցելու:

«Ես արդեն պատրաստվում եմ Chess Classic Mainz ամենամյա փառատոնին, որին մասնակցում եմ ամեն տարի: Իսկ արդեն աշնանը հավաքականի հետ միասին ելույթ կունենամ Օլիմպիադայում: Օլիմպիադան մեր բոլորիս համար շատ կարևոր է, մենք ջանում ենք պահպանել մեր արդյունքը»,- ասել է շախմատիստը: Արոնյանի խոսքով, ինքը դեռևս չի գտել իր ոճը: «Ես միշտ ավելի լավ եմ հիշում պարտված պարտիաները, քանի որ հաղթանակի դեպքում ես հասնում եմ դրված նպատակին»,- նշել է հայ շախմատիստը:

Շախմատային պրոֆեսիոնալների ընկերակցությունն (ՇՊԸ) ամփոփեց 2009- 2010 մրցաշրջանի ընթացքում իր հաշվարկած մրցումների ընդհանուր արդյունքները: Լավագույնը ճանաչվել է Վասիլի Իվանչուկը (2897 միավոր): Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը 2340-ական միավորով բաժանել են 2-3-րդ տեղերը:

Մարտունիում` Սևանա լճի ափին, կայացել է «Սևանա լիճ» շախմատային փառատոնը: Արդեն կայացել է 4 տուր, առաջատարն է Արման Փաշիկյանը: Տիգրան Պետրոսյանը Լուկա Լենիչի (Սլովենիա) նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ 3 միավորով 2-րդ տեղում է: Ռոբերտ Հովհաննիսյանը 2.5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) միջազգային բաց մրցաշարում հավաքել են 5 միավոր: Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Իսպանիայի Բենասկ քաղաքում: 6 խաղից հետո երկու շախմատիստներն էլ բրազիլացի առաջատարից հետ են մնում մեկ միավորով:

Վրաստանի Փոթի քաղաքում շարունակվում է «Նանա Ալեքսանդրիայի գավաթ» մրցաշարը: Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 3 հնարավորից հավաքել է 2,5 միավոր և գրավում է 4-րդ տեղը: Նա առաջատարներին զիջում է 0,5 միավորով: Կանանց միջև մրցումներում Անահիտ Խաչատրյանը հավաքել է 1,5 միավոր:

Բռնցքամարտ. WBA, WIBF և WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) հուլիսի 17-ին կպաշտպանի իր տիտղոսները մեքսիկուհի Արելի Մուչինոյի դեմ պայքարում: Հայ բռնցքամարտիկը boxing.de-ի հետ հարցազրուցում ասել է, որ ծանոթ չէ հակառակորդի ոճին: «Ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին: Մեր հանդիպումն ամեն դեպքում մարտ կլինի: Ես անհամբերությամբ սպասսում եմ այդ մենամարտին»,- ասել է Կենտիկյանը: Նա խոստովանել է, որ բռնցքամարտելու է իր սովորական ոճում, որի օգնությամբ միշտ ջախջախում է իր հակառակորդներին: «Մենամարտից առաջ ես հանգիստ եմ և կենտրոնացած»,- ասել է նա:

Գերմիջին քաշային կարգում հանդես եկող բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը, որն արդեն մերժել է մի քանի առաջարկներ Արթուր Աբրահամի (Գերմանիա) հետ մենամարտն անցկացնելու վայրի մասին, մենամարտն անընդհատ տեղափոխելու պատասխանատվությունը գցել է Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլանդի ուսերին և քննադատության ենթարկել նրան: «Զաուերլանդը չպետք է խոսի բռնցքամարտի մասին, թող դա թողնի բռնցքամարտիկներին: Ինչ-որ բան որոշելու համար նա սկզբից պետք է հոր թույլտվությունը ստանա»,- ասել է Ֆրոչը:

Աբրահամի մասին նա ասել է. «Աբրահամի հետ մարտը բարդ կլինի, բայց նա, ինչպես միշտ, կդիմի խուլ պաշտպանության` ժամանակ առ ժամանակ պայթելով»:

Սամբո. Հուլիսի 16-19-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա սամբոյի առաջին պատանեկան միջազգային մրցաշարը` նվիրված ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Մրցաշարը կազմակերպել են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը:Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի թիմերը:

Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մրցաշարը ոչ միայն մարզական, այլ նաև խորհրդանշական բնույթ ունի. «Մենք ընտրել ենք հենց այդ տարիքային կարգը, որովհետև ցանկանում ենք մեր պատանի մարզիկների մոտ քարոզել և տարածել հայրենասիրական ոգի: Բացի դրանից, մրցաշարը մեզ համար աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ է, որը տեղի կունենա 2010-ի հոկտեմբերին Թբիլիսիում»,- ասել է Հայրապետյանը: Նրա խոսքերով, մրցաշարում Ռուսաստանը ներկայանալու է 3, Վրաստանը 2, Հայաստանը` 4 թիմերով: Օլիմպիադա. Սինգապուրի ամառային օլիմպիական պատանեկան առաջին խաղերի մեկնարկից 32 օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մարզիկների թիվն ավելացավ ևս երեքով: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության իրավունք է շնորհել աթլետ Դիանա Խուբասերյանին (100մ. Վազք), ջրացատկորդ Գևորգ Պապոյանին (3մ ոստնակացատկ ու 10մ աշտարակացատկ) և թիավար Էդգար Բաբայանին (կանոե,սպրինտ), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:Ավելի վաղ Սինգապուրի խաղերին մասնակցելու իրավունք էին նվաճել 9:

Թենիս. Արգենտինայի հավաքականը վերջին թիմն է, որը երաշխավորեց իր մասնակցությունը Դևիսի գավաթ-2010-ի կիսաեզրափակիչի խաղերին: Ռուսաստանի հավաքականը հանդիպել է Արգենտինայի թիմի հետ: Հինգերորդ` վճռական խաղում մրցեցին Միխայիլ Յուժնին և Դավիթ Նալբանդյանը: Նալբանդյանը հաղթանակ տարավ երեք սեթում 7:6, 6:4, 6:3 հաշվով: Սա արդեն Արգենտինայի հավաքականի երկրորդ հաղթանակն է Ռուսաստանի թիմի հանդեպ, ինչն էլ արգենտինացիներին հնարավորություն տվեց հակառակորդի հետ իր հաշիվը հավասարեցնել` 3:3:

Այժմ արդեն Դևիսի գավաթ-2010-ի կիսաեզրափակիչում կմրցեն Ֆրանսիան և Արգենտինան, Սերբիան և Չեխիան: Այս հաղթանակից հետո Դավիթ Նալբանդյանը նկատելիորեն լավացրել է իր դիրքը հուլիսի 12-ին հրապարակված АТР վարկանիշի նոր տարբերակում: Նա բարելավել է իր դիրքը 42 հորիզոնականով և այժմ գրավում է 111 տեղը:

Ծանրամարտի աշխարհի ուսանողական երկրորդ առաջնությանը, որը տեղի ունեցավ Թայփում (Թայվան), Աղասի Աղասյանը 77 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը:

Ծանրամարտ. Աղասյանն առաջին հայ մարզիկն է, որը կարողացավ Ունիվերսիադայում աշխարհի չեմպիոն դառնալ: «Մեր հավաքականի ելույթները ես նորմալ եմ համարում, կարևորն այն է, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք: 2012 թ. խաղերը հավանաբար կանցկացվեն Չինաստանում, իսկ 2014 թ.` Կազանում», - ասել է Խաչատրյանը: Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի մահվանից հետո հավաքականը ժամանակավորապես կղեկավարի ֆեդերացիայի մամլո քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: «Աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա Անթալիայում և վարկանշային կլինի, որտեղ մարզիկները կկարողանան նվաճել 2012թ. Օլիմպիադայում հանդես գալու իրավունքը, մենք հավաքականի նոր մարզիչ կընտրենք»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:

Նրա խոսքերի համաձայն, առաջնությանը կմասնակցեն մոտավորապես 1350 ծանրամարտիկ` 187 երկրից, վարկանիշ կստանան 210 ծանրամարտիկ և 140 ծանրամարտուհի: «Մենք պետք է արժանի ելույթ ունենանք: Այս տարի առնվազն 4-5 ծանրամարտիկ և գոնե 4 ծանրամարտուհի պետք է Օլիմպիադայի ուղեգրեր նվաճեն: Հաջորդ տարի առաջնությունը կանցնի Փարիզում և կրկին վարկանշային կլինի»:

Աշխարհի առաջնությանը չի մասնակցի 2009 թ. չեմպիոն Նազիկ Ավդալյանը (69ք/կ): Նա մարզումների ընթացքում վնասվածք է ստացել: «Նազիկն այս տարի չի մասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ մենք ցանկանում ենք, որ նա լիովին վերականգնվի և նախապատրաստվի Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը և աշխարհի առաջնությանը»,-ասել է Խաչատրյանը: Օգոստոսին Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին: Հայաստանն այնտեղ կներկայացնեն երկու ծանրամարտիկ:

Գոլբոլ. 2010 թ. Ռուսաստանի չեմպիոն դարձած գոլբոլի Թագուհի ակումբի երեք խաղացողներ` Գրգորի Դոմբրովսկին, Ալեքսեյ Շիպիլովը և Դմիտրի Ելինը հայկական չորս ակումբների հետ միասին Դիլիջանում անցկացնում են ուսումնամարզական հավաքներ:

«Մենք հետաքրքրվում էինք, թե որտեղից կարել է ձեռք բերել գոլբոլի գնդակներ և հենց այդ ժամանակ էլ իմացանք Հայաստանի թիմի մասին ու սկսեցինք նրանց հետ շփվել: Հետո մենք որոշեցինք հավաքներ անցկացնել Հայաստանի թիմի հետ: Համատեղ հավաքներն ավելի արդյունավետ են», - ասել է Ալեքսեյ Շիպիլովը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս: Ռուս մարզիկներին դուր էր եկել Հայաստանում անցկացվող մրցումները և հասարակության արձագանքը:

Թագուհի ակումբը հիմնադրվել է 2002 թ.` թույլ տեսողությամբ և կույրերի գիշերօթիկ դպրոցի աշակերտների շրջանում: Ռուս մարզիկները գտնում են, որ հայ գոլբոլիստները երիտասարդ են, տաղանդավոր, իսկ ամենակարևորն այն է, որ նրանք հաջողության հասնելու ձգտում ունեն ու նրանց մեծ ապագա է սպասում:

Ռուս գոլբոլիստներին շատ էր զարմացրել այն, որ Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց հնարավորություն չէր ընձեռում կրթություն ստանալու: «Մեզ մոտ յուրաքանչյուր ինստիտուտում հաշմանդամ մարդկանց խմբեր են հավաքում», - ասել է Շիպիլովը:

Համատեղ հավաքներից հետո կհամալրվի Հայաստանի հավաքականը, որը Իրանի Սանանդաջե քաղաքում կմասնակցի միջազգային մրցումներին, իսկ ռուս մարզիկները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:

Կորոլևա թիմը շատ ուժեղ է, և հայ գոլբոլիստները հնարավորությու ունեն վարպետության դասեր ստանալ ռուս մարզիկներից: «Մարզումներն ընթանում են շատ խիստ ժամանակացույցով` մարզիկները մարզվում են օրական 2 անգամ: Դրանից հետո կձևավորվի Հայաստանի գոլբոլի հավաքականը, որը հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Իրանի Սանանդաջ քաղաքում կմասնակցի միջազգային առաջնության»,- ասել է Ռոստոմյանը:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---