Հարավային Կովկասը Վրաստանի պատերազմից երկու տարի անց. կայծակնային պատերազմի դասերը

Երևանը, Բաքուն և Թբիլիսին կրկին բախվեցին «դառը» իրականության հետ` Ռուսաստանը եղել է և կմնա միակ ուժը, որը գերիշխելու է տարածաշրջանում

2008 թ. օգոստոսի 8-ի գիշերը Վրաստանում սկսված հնգօրյա պատերազմի հետևանքներն անդրադարձել են Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետության վրա յուրովի: Վրաստանն ամերիկյան ժողովրդավարություն խաղալով` վերջնականապես կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, իսկ Վրաստանի ղեկավարը, չարդարացնելով արևմտյան հովանավորների հույսերը, ձեռք բերեց «անկանխատեսելի դեռահասի» վարկանիշ: Ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցերի ռազմական լուծման վրացական ձախողված փորձը Ադրբեջանի ղեկավարության համար «սառը ցնցուղ», կարծես, լիներ, որի ազդեցությամբ ժամանակավորապես նվազեց Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը:

PanARMENIAN.Net - Հայաստանն օգոստոսյան կայծակնային պատերազմի պատճառով ոչ պակաս դժվարին դրության մեջ էր հայտնվել: Արտաքին աշխարհից ժամանակավորապես շրջափակման և մեկուսացման մեջ հայտնվելով` Հայաստանի ղեկավարությունը փորձեր էր անում այդ ոչ դյուրին իրավիճակում գրավել հավասարակշռված դիրք և չվիրավորել ոչ «եղբայրական հարևանին», ոչ «ռազմավարական դաշնակցին»: Երևանի այս քաղաքականությունը փորձության ենթարկվեց և նպաստեց Հայաստանի` որպես հուսալի գործընկերոջ վարկանիշի ամրապնդմանը:

Օգոստոսյան պատերազմը թեև տարբեր խնդիրներ դրեց Հարավային Կովկասի պետություններից յուրաքանչյուրի առջև, սակայն Երևանը, Թբիլիսին և Բաքուն կրկին բախվեցին «դառը» իրականությանը` Ռուսաստանը եղել և կմնա միակ ուժը, որն իշխելու է տարածաշրջանում, և ժողովրդավարության ոչ մի խաղ, ոչ մի «ֆուտբոլային դիվանագիտություն» և ԱՄՆ-ի նախաձեռնած որևէ այլ նախագիծ առայժմ ի զորու չէ այս իրականությունը փոխել: Պարզվում է, որ այսօր հարավկովկասյան երկրները, ամեն ինչից զատ, կանգնած են ընդհանուր մարտահրավերի ` տարածաշրջանում Մոսկվայի քաղաքական ազդեցության և ռազմական ներկայության ամրապնդման առաջ: Այս իրականությունից ելնելով, Ադրբեջանն իր էներգետիկ անսպառ հնարավորությունների մասին ճամարտակելով, փորձում է Արևմուտքի համար ավելի հրապուրիչ դառնալ, միևնույն ժամանակ չվիրավորել հյուսիսային հարևանին:

Վրաստանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի վերադարձնի «փոքր, բայց չափից ավելի ժողովրդավար երկրի» իր հեղինակությունը և ինչ-որ կերպ, գոնե ճեղքելով հասնել նատոյական ակումբ: Իսկ Հայաստանը շատ սահուն գնում է ռուսական ուղղությամբ`իր ռազմավարական դաշնակցին թույլ տալով իր տարածքում ևս 49 տարով երկարաձգել ռազմաբազաների տեղակայման ժամկետը:

Ցավոք, Վրաստանի հնգօրյա պատերազմից տարածաշրջանի որևէ երկիր դասեր չքաղեց: Ադրբեջանը չի դադարում զինվել, և հերթական զինված հակամարտություն ծավալելու վտանգը դեռևս չի վերացել: Թբիլիսիում շարունակում են փնտրել Վրաստանի ապագան ամենուր, միայն ոչ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ Հայաստանը վերջնականապես կարող է դառնալ ԽՍՀՄ-ի վերածնման ուղղությամբ ռուսական պատվախնդրության գերին:

Տարածաշրջանի առաջնորդներն այդպես էլ չգիտակցեցին, որ տարածաշրջանում կայունություն և բարեկեցություն կլինի միայն այն ժամանակ, երբ հարավկովկասյան երկրների նախաձեռնած նախագծերը լինեն ոչ թե իրար հակասող, այլ իրար լրացնող: Դրսի որևէ ուժ այդ երկրներին չի օգնի վերջնականապես հաղթահարել գոյություն ունեցող հիմնախնդիրներն ու տարաձայնությունները, քանի որ համաշխարհային խաղացողները տարածաշրջանը չեն դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ:

Հարավային Կովկասը եղել է ու կմնա գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոն, իսկ Երևանը, Թբիլիսին և Բաքուն, ծայրահեղ դեպքում`առայժմ, ընդամենը նրանց շահերի սպասարկողներն են:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---