Հայաստանի հավաքականը պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ

Օգոստոսի 12-19-ին տեղի ունեցած մարզական գլխավոր իրադարձությունները

Օլիմպիադա- Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկել էր առաջին պատանեկան Օլիմպիական խաղերը: Հայաստանն օլիմպիադայում ներկայացնում էին 14 մարզիկներ 12 մարզաձևերում: Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց ծանրորդ, մեծահասակների շարքում Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 108 կգ, իսկ «հրում» վարժությունում` 135 կգ և 234 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ: Նա օլիմպիական չեմպիոն Թուան Կիմ Թաչուին (Վիետնամ) զիջեց 13 կգ-ով:

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին ելույթ ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Վարոս Պետրոսյանը (85 ք/կ): Պետրոսյանը 5-րդ տեղի համար պայքարում հաղթեց Ալ-Աբեդին (Իրաք): Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ռուսլան Օդենցովը (Ռուսաստան): Օգոստոսի 17-ին հանդես են եկել ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը և վազորդ Դիանա Խուբեսերյանը: Ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ ք/կ) 3 մենամարտ է անցկացրել: Հայ մարզիկը 0:3 հաշվով հաղթել է Աբդելնաեմ Մոհամեդին (Եգիպտոս), 1:3 հաշվով պարտվել Ալդար Բալժինիմաևին (Ռուսաստան), այնուհետև 3-րդ տեղի համար մրցել է Դավիլա Անդրիի հետ (Վենեսուելա): Արտակ Հովհաննիսյանը 1:3 հաշվով հաղթանակ է տարել և բրոնզե մեդալ նվաճել: Եզրափակիչում հանդիպել են Մեհրան Շեյհին (Իրան) և Ալդար Բալժինիմաևը (Ռուսաստան), օլիմպիական չեմպիոն է դարձել Բալժինիմաևը: Նա հաղթել է 0:4 հաշվով:

Սինգապուրում պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերում օգոստոսի 17-ին ելույթ են ունեցել Հայաստանի լողորդները: 50 մ. ազատ լողաոճում Սերգեյ Պևնևը 52 մասնակիցներից գրավել է 32-րդ տեղը (25.83վրկ) , իսկ 50մ թիկնալողում Անահիտ Բարսեղյանը 22 մարզիկների միջև ծավալվող պայքարում ճանաչվել է 17-րդը (32.79 վրկ):

Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 բրոնզե մեդալ` ծանրամարտում և ազատ ոճի ըմբշամարտում: Մեդալակիրներ են դարձել Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ):

Օգոստոսի 18-ին նետաձիգ Վասիլ Շահնազարյանը 1/16 եզրափակիչում մրցել է Կարլոս Ռիվասի հետ և զիջել է դիրքերը 7:1 հաշվով:

Վահան Վարդանյանը բազմամարտի մրցումների եզրափակիչում 18 մասնակիցներից զբաղեցրել է 8-րդ տեղը: Չեմպիոն է դարձել Ճապոնիայի մարզիկ Լյույա Կամոտոն:

Նույն օրը ելույթ է ունեցել նաև վազորդ Դիանա Խուբեսերյանը` 100 մ հեռավորության վազքով: Խուբեսերյանը 7 մասնակիցներից զբաղեցրել է 5-րդ տեղը` 13,03 վրկ արդյունքով:

Ծանրամարտիկ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ) և ազատ ոճի ըմբշամարտիկ Արտակ Հովհաննիսյանը (46 ք/կ) նվաճել են բրոնզե մեդալ:

Պատվո պատվանդան է բարձրացել ծանրորդ Գոռ Մինասյանը (+85կգ, Գյումրի): Նա պայքարի մեջ մտավ օգոստոսի 19-ին: Գոռը պոկեց 160կգ, հրեց 190կգ և երկամարտի 350կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի: Նա ընդամենը 1կգ-ով էր հետ մնում իրանցի Ալիռեզա Կազեմինեջադից (155+196): Երրորդը եգիպտացի Հասան Մոհամեդն էր (330կգ):

Ֆուտբոլ- Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում օգոստոսի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել էր Վրաստանի հավաքականին:

Չնայած այն բանին, որ հայ ֆուտբոլիստներն առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում և ավելի շատ գոլային պահեր էին ստեղծում, չկարողացան հաղթանակ տանել: 36-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանն իր տուգանային հարվածով գետնին տապալեց վրացի ֆուտբոլիստին, և խաղի մրցավար Դիմիտար Մեկարովսկին 11-մետրանոց հարված նշանակեց, որն իրագործեց Ջանո Անանիոձեն և բացեց խաղի հաշիվը:

Վրացիները երկրորդ գոլը խփեցին 50-րդ րոպեին, աչքի ընկավ Մատե Վացաձեն: Հայաստանի հավաքականի առաջին գոլը խփեց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 3 րոպե անց Նիկա Կվեկվեսկիրին խաղի հաշիվը դարձրեց 1:3: Հայ ֆուտբոլիստները Վալտեր Պողոսյանի շնորհիվ միայն կարողացան կրճատել խաղի հաշիվը: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակով` 2:3 հաշվով:

Պարտությունից հետո 2011թ. ԵԱ ընտրական մրցաշարի երկրորդ խմբում Հայաստանի երիտասադական հավաքականը 10 միավորով իջել է 5-րդ տեղը, Վրաստանի հավաքականը 12 միավորով 3-րդ տեղում է: Խմբի առաջատարը Շվեյցարիան է (17 միավոր):

Հայաստանի և Վրաստանի հավաքականների պատասխան խաղը կկայանա Թբիլիսիում, սեպտեմբերի 7-ին:

Օգոստոսի 11-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի հավաքականի հետ: Դա երկրորդ ընկերական հանդիպումն էր Վարդան Մինասյանի ղեկավարությամբ, առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 3:1 հաշվով հաղթել էին Ուզբեկստանի հավաքականին:

Խաղն ակտիվ էին սկսել հայ ֆուտբոլիստները, և արդեն 11-րդ րոպեին գոլ էր խփել Մարկոս Պիզելին: Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ ելույթ էր ունենում «Ռենդերսի» (Դանիա) ֆուտբոլիստ Յուրի Մովսիսյանը:

Արդեն 37-րդ րոպեին կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը հեռահար հարվածով գրավել էր հակառակորդի դարպասը: Երկրորդ խաղակեսում 3 գոլ էին խփել իրանցի ֆուտբոլիստները:

51-րդ րոպեին Մարկոս Պիզելիին 11-մետրանոց հարվածի իրավունք էր տրվել, բայց Լևոն Փաչաջյանը չկարողացավ այն իրագործել: Դրանից հետո իրանցի ֆուտբոլիստները գրոհել են: Գոլերի հեղինակներն էին` Սեյեդ Ադիաղիլին և Սեյեդ Մոհամմեդ Օսենին: 78-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել Ջավադ Նեկունամը, բայց իրանցիները երկրորդ խաղակեսի լրացուցիչ րոպեին 11-մետրանոց հարվածով հաղթել են` 3:1 հաշվով:

Թենիս- Դավիթ Նալբանդյանը Տորոնտոյում ընթացող Rogers Cup-2010-ում առաջին պարտությունն է կրել:Օգոստոսի 13-ին Rogers Cup-2010-ի քառորդ եզրափակիչում Նալբանդյանը հանդիպել էր աշխարհի 4-րդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեի հետ:

Խաղը տևել է 1 ժամ 9 րոպե և ավարտվել Մարեի հաղթնակով 6:2, 6:2 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ բրիտանացի թենիսիստը Նալբանդյանի հետ հանդիպումների հաշիվը դարձրել է 1:2:

ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային սանդղակը: Դավիթ Նալբանդյանը Վաշինգտոնում (ԱՄՆ) Legg Mason Tennis Classic-2010 առաջնությունում տարած հաղթանակից և Տորոնտոյում (Կանադա) Rogers Cup-2010 մրցաշարից հետո 1145 միավորով բարձրացել է 37-րդ տեղը: Մինչ այդ նա զբաղեցնում էր 45-րդ տեղը:

Սանդղակը գլխավորում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա), նա 10 925 միավոր ունի, Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 2-րդ տեղում է, իսկ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) եզրափակում է լավագույն եռյակը:

Աշխարհի արդեն 37-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը համարյա առանց պայքարի դուրս է եկել Ցինցինատիում ընթացող Western & Southern Financial Group Masters-2010-ի երրորդ փուլ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 2.430.000 դոլար: Երկրորդ մրցաշրջանում արգենտինահայ թենիսիստը հաղթել է Ջոն Այզներին:Մեկնարկային ցանցում 5:4 հաշվում Այզները հրաժարվել է խաղը շարունակել, ընդ որում, նա 5:3 միավորով էր խաղում: Խաղը տևել է ընդամենը 36 րոպե:

Մրցումների երրորդ մրցաշրջանում Նալբանդյանը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Նրանք պաշտոնական խաղերում հանդիպել են 4 անգամ, և սերբը 3:1 հաշվով առավելություն ունի:

Բոքս- Showtime հեռուստաընկերությունն ավարտում է 4 բռնցքամարտիկների մասնակցությամբ թեթևագույն քաշային կարգում մրցաշարի անցկացման նախապատրաստությունը: Մասնակցում են` երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (Հայաստան), IBF վարկածով չեմպիոն Յոննի Պերեսը (Կոլումբիա), նույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (Գանա) և տիտղոսների հավակնորդ Աբներ Մարեսը (Մեքսիկա), հաղորդում է allboxing.ru-ն` մեջբերելով ESPN.com-ին:

Ի տարբերություն Super Sixi` այդ մրցաշարը տեղի կունենա օլիմպիական համակարգով և կիսաեզրափակիչում Դարչինյանը կհանդիպի Աբներ Մարեսի հետ, Յոննի Պերեսը և Ջոզեֆ Ագբեկոն կանցկացնեն խաղ-ռևանշներ: Այդ երկու մենամարտերը տեղի կունենան մի բռնցամարտի շոուի ժամանակ, որը ենթադրաբար տեղի կունենա նոյեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 18-ին, հաստատել է Դարչինյանի և Պերեսի փրոմոութեր Գերի Շոուն:

«Ես պետք է հանդիպեմ Showtime-ի ներկայացուցիչ Քեն Հերշմանի հետ, սակայն մենամարտերը կկայանան,- ասել է Շոուն: - Կարծում եմ, մենք ամեն ինչի մասին պայմանավորվել ենք: Ես պայմանագրերը կստորագրեմ Վախթանգի և Պերեսի անունից»: Ի սկզբանե նախատեսվում էր 6 բռնցքամարտիկների մասնակցություն Super Six-ի նմանությամբ, սակայն WBC և WBO վարկածներով չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելյայի և գերթեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Նոնիտո Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումը շահագրգռված չեն այդ հարցում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գերմանիայից ժամանած WBA, WIBF և WBO վարկածներով կին պրոֆեսիոնալների շարքում գերթեթև քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանին և նրա մենեջեր գերմանացի Քրիստոֆ Վեշեին:

Սփյուռքի նախարարը ողջունել էր հյուրերին և ասել, որ շնորհակալ է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որ օտարերկրացիներին հնարավորություն է տալիս հաջողությունների հասնել:

Քրիստոֆ Վեշեն, իր հերթին, նշել էր, որ Գերմանիայի քաղաքական էլիտան հետաքրքրված է հայուհի բռնցքամարտիկով: Վեշերը նշել է նաև, որ ինքը` որպես Սյուզիի մենեջեր, շահագրգռված է, որ վերջինս մասնակցի նաև Հայաստանում կազմակերպված ծրագրերին` այդպիսով ամրապնդելով Հայաստան-Գերմանիա կապը:

Քննարկվել են նաև «Հայաստանի կյանքի ծառ» (Lebensbaum Armenien) նախագիծը, որի մասն է կազմում նաև Սյուզի Քենտիկյանը: Առաջարկվել է, որ նախագծում ընդգրկվի ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհի հայությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել է նաև Սյուզի Քենտիկյանի համար Երևանում բռնցքամարտի մենամարտ կազմակերպելու միտքը: Հանդիպման վերջում ՀՀ սփյուռքի նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու «Արի տուն 2010» ծրագրի 4-րդ խմբի մեկնարկի համար կազմակերպված միջոցառմանը:

Գերմիջին քաշային կարգում աշխարհի էքսչեմպիոն Կարլ Ֆրոչը (Անգլիա) լավ գիտի, որ իր հակառակորդ Արթուր Աբրահամը (Գերմանիա) ձեռքերը վեր է պահում` այդպես պաշտպանելով գլուխը հակառակորդի հարվածներից, սակայն նրա խոսքերի համաձայն, իր համար դժվար չի լինի Աբրահամի պաշտպանությունը կոտրել և հաղթել նրան: Նրանց մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին` Մոնրեալում (Կանադա), «Super Six» մրցախաղի շրջանակներում:

«Ես արդեն նախատեսված քսանից հինգ շաբաթ անցկացրել եմ մարզաճամբարում: Եվ հիմա արդեն պետք է լավ մարզավիճակում լինեմ: Ամեն ինչ լավ է ընթանում և ես վստահ եմ, որ Աբրահամին կհաղթեմ, - ասել է Ֆրոչը: - Ես չեմպիոնի հոգեբանություն ունեմ: Նա սպասման մեջ է, զուտ եվրոպական պաշտպանություն ունի, բայց եթե իմ հետ պայքարում էլ այդպես գործի, ապա ես փորձելու եմ նրա կողոսկրը ջարդել»:

Անգլիացի մարզիկի խոսքերի համաձայն, Աբրահամը բարդ և դաժան մրցակից է, սակայն ինքը հարգանքով է վերաբերվում նրա հարվածի հզորությանը:

Միջին քաշային կարգում անպարտելի ըմբշամարտիկ, ԱՄՆ-ն ներկայացնող Վանես Մարտիրոսյանը (28-0, 17 նոկաուտ) կարող է հանդիպել լեհ Պավել Վոլակի հետ (27-1, 17 նոկաուտ):

Սպասվում է, որ այդ մարտը տեղի կունենա բռնցքամարտի երեկոյի շրջանակներում դեկտեմբերի 4-ին, գլխավոր իրադարձություն կդառնա WBA վարկածով փոքր միջին քաշային կարգում չեմպիոն Միգել Կոտտոյի (Պուերտո Ռիկո) և Խուլիո Ցեզար Չավեսի (Մեքսիկա) միջև մենամարտը:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Վոլակի հետ կմրցի Չավեսը, սակայն վերջինս հրաժարվել է մարտից հանուն Կոտտոյի հետ մենամարտի:

Շախմատ Չոտովում (Լեհաստան) ավարտվել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Օգոստոսի 16-ին կայացել է վերջին 13-րդ տուրը: Հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա հաղթել է Թոմաս Ֆոդորին (Հունգարիա) և 8 միավորով զբաղեցրել 18-րդ տեղը: 10 միավորով չեմպիոն է դարձել Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան):

Հրայր Սիմոնյանը ոչ ոքի է խաղացել Պավել Պոտապովի հետ (Ռուսաստան) և 7 միավորով 44-րդ տեղում է: Սամվել Տեր-Սահակյանը զիջել է Դանիլա Դվորնիին (Իտալիա) և 7.5 միավորով 33-րդ տեղում է: Վերջին տուրում պարտվել է նաև Անի Խանամիրյանը և 5.5 միավորով զբաղեցրել 57-րդ տեղը: 11 միավորով չեմպիոն է դարձել Աննա Մոզիչուկը (Սլովենիա) :

Օգոստոսի 14-ին Շախմատի ակադեմիայի բակում կայացել է շախմատի առաջին համահայկական օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ համահայկական օլիմպիադայում կհաղթեն հայերը և Հայաստանը: «Մեր մրցաշարի նպատակն է զարգացնել Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերը և տարածել հայկական շախմատային ավանդույթները: Մենք ցանկանում ենք, որպեսզի շախմատը տարածված և սիրված լինի ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում ապրող հայ երիտասարդների մոտ»,- ասել է Հակոբյանը:

Իր խոսքում Սմբատ Լպուտյանը ողջունել է բոլոր մասնակիցներին և ասել, որ Հայաստանը որպես շախմատային երկիր ուրախ է ընդունել ողջ աշխարհի հայ շախմատիստներին, և օլիմպիադան տոն կդառնա բոլոր մասնակիցների համար: Առաջին շախմատային քայլը կատարել է ամենակրտսեր մասնակիցը` 10-ամյա Սամվել Սևյանը Սան Ֆրանցիսկոյից: Մրցաշարը ընթացել է անհատական և խմբակային պայքարում շվեյցարական համակարգով: Մրցակիցները որոշվելու էին վիճակահանությամբ: Օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշն ունի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Համահայկական օլիմպիադան տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում և ավարտվել է օգոստոսի 23-ին: Դրան մասնակցում էին 12 թիմեր 10 երկրներից: Յուրաքանչյուր թիմը ներկայացնում էր 3 պատանի և մեկ աղջիկ, որոնց շարքում` 11 գրոսմայստերներ, 10 միջազգային վարպետներ և ՖԻԴԵ-ի 7 վարպետ: Թիմերը կազմվել են տարածաշրջանային սկզբունքով. Հայաստան և Ռուսաստան (2-ական թիմ), Արցախ, ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա (մեկական թիմ):

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---