«Միկա» կանանց ակումբը շախմատի ԵԱ-ում նվաճեց բրոնզե մեդալներ, իսկ Արոնյանն աշխարհի ուժեղագույն գրոսմաստերների շարքում դարձավ 2-րդը

Հոկտեմբերի 21-28-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփում

Շախմատ. Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, որն ընթանում էր Պլովդիվում, «Միկա» կանանց ակումբը 18 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Թիմի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն անհատական արդյունքներով արժանացել է ոսկե մեդալի, նա 4 պարտիաներն ավարտել է իր օգտին, երկուսում ոչ ոքի է խաղացել, մեկում` պարտվել: Լիլիթ Մկրտչյանը և Արիկա Դրոնավալին իրենց խաղատախտակներում երկրորդ են և ստացել են արծաթե մեդալներ:

PanARMENIAN.Net - Լիլիթ Գալոյանն ուրախ է, որ առաջնությունից վերադարձել է հայրենիք երկու մեդալներով. «Տարին հագեցած էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ այն հաջող ավարտ ունեցավ: Ինձ հաջողվեց լրացնել տղամարդկանց շարքում միջազգային վարպետի նորման, ինչը Հայաստանում հաջողվել է միայն երեք շախմատիստուհու»:

Լիլիթ Մկրտչյանը նշել է, որ թիմային առաջնությունները կրկնակի լարված են, քանի որ շախմատիստները խաղում են ոչ միայն իրենց համար, այլ նաև թիմի. «Օրինակ, 5-րդ տուրում «AVS»-ի դեմ պայքարում հաշիվը 1,5:1,5 էր: Իմ հաղթանակի դեպքում մենք կարող էինք բարձրանալ առաջին հորիզոնական և պայքարել առաջին տեղի համար: Բայց ես ոչ ոքի խաղացի և մեղադրում էի ինձ, որ չկարողացա օգնել թիմին: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մրցաշարն անհատական լիներ»,- ասել է Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը նշել է, որ առաջնությունը բարդ էր, մրցակիցները պայքարում էին մինչև վերջ, և երրորդ տեղը վատ արդյունք չէ:

Մկրտչյանը և Դանիելյանը դեկտեմբերի 2-25-ը թուրքական Հաթայ քաղաքում կմասնակցեն աշխարհի անհատական առաջնությանը:

«Միկա» տղամարդկանց ակումբը Եվրոպայի ակումբային առաջնությունում զբաղեցրել է 11-րդ տեղը: «Միկա» տղամարդկանց ակումբում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն արդյունքը` երեք պարտիաներում հաղթանակ տարել, երեքում ոչ ոքի խաղացել: Զավեն Անդրիասյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Լևոն Արոնյանը հոկտեմբերի 27-ին իր ընթացիկ վարկանիշով (2801,4) շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների մեջ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Վիշվանաթան Անանդը (2801) և Մագնուս Կարլսենը (2811,5) այս օրերին շարունակում են իրենց ելույթը Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող մրցաշարում, և նրանց վարկանիշերը կարող են փոփոխվել` ինչպես վեր, այնպես էլ` վար: Իսկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական (ոչ ընթացիկ) վարկանիշային ցուցակը կհրապարակի նոյեմբերի 1-ին:

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում են Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարին:

Մրցաշարին մասնակցում են նաև 155 շախմատիստներ: 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է Անդրիասյանը, Մելքումյանը ետ է մնում առաջատարից 0.5 միավորով:

Ֆուտբոլ. Նոյեմբերի 17-ին նախատեսված հանդիպումը Հայաստանի և Եմենի ազգային հավաքականների միջև չի կայանա: Ինչպես հայտնել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդ հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: «Թիմին չեն կարողանա միանալ նաև Ռոման Բերեզովսկին և Հենրիխ Մխիթարյանը, ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարևորագույն հանդիպմանը»,- նշել է նա: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթներն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցնում էր Լիտվայում:

Վերջին խաղում հայ ֆուտբոլիստները հանդիպեցին Լիտվայի հավաքականի հետ և հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը Հայաստանի հավաքականում խփեց Խորեն Մանուչարյանը:

Մինչ այդ, հայ ֆուտբոլիստները պարտվեցին Իսրայելի ու Իսպանիայի հավաքականներին 3:0 հաշվով: Սևադա Արզումանյանի սաները խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր: Խմբի առաջատարն էր և առաջնության ուղեգիր ստացավ Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Իսրայելի հավաքականը:

Հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպման ժամանակ «Ուլիսն» ընդունեց «Փյունիկին»: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ «Փյունիկի»:

«Բանանցը» հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Գանձասարի» հետ և 5:0 հաշվով ջախջախեց Կապանի ակումբը: Գոլառատ էր նաև «Միկա» - «Շիրակ» հանդիպումը: «Միկայի» ֆուտբոլիստները 5 գոլ հարվածեցին հակառակորդի դարպասներին` բաց թողնելով միայն մեկ գնդակ:

Դիլիջանում «Իմպուլսը» առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ` հարվածելով երկու անպատասխան գոլ: Այս տուրից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ երևանյան «Բանանցը», որը 58 միավոր ունի: «Փյունիկը» 56 միավորով երկրորդ տեղում է, իսկ 48 միավորով եռյակը եզրափակում է «Ուլիսը»:

«Շախտյորի» բաց մարզմանը չի մասնակցել Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել: Կիսապաշտպանը որոշ ժամանակ չի մասնակցի խաղերին և մարզումներին»,-ասել է «Շախտյորի» բուժծառայության պետ Արթուր Գլուշչենկոն:

Բռնցքամարտ. Խարկովում (Ուկրաինա) ավարտվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 15 երկրների բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ նվաճել է 2 արծաթե մեդալ: Եզրափակչում Վոլոդյա Հայրապետյանը մինչև 64 կգ քաշային կարգում մրցել է Վյաչեսլավ Կիսլիցինի հետ (Ուկրաինա) և պարտվել նրան, իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) զիջել է ուկրաինացի բռնցքամարտիկ Եվգենի Խիտրովին:

Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO վարկածներով տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տեր Վանես Մարտիրոսյանը հաջորդ շաբաթ սպարինգ-մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ:

«Չեմ կարող համբերել, թե երբ եմ ռինգ դուրս գալու Մենիի հետ»,- ասել է Մարտիրոսյանը, որի մարզիչ Ֆրեդդի Ռոաչը 1000 դոլար էր խոստացել այն բռնցքամարտիկին, ով կկարողանա սպարինգում նոկաուտի ենթարկել իր մեկ այլ սան Մենի Պակյաոյին: Այդ սպարինգը կօգնի Պակյաոյին պատրաստվել Անտոնիա Մարգարիտոյի դեմ մենամարտին, իսկ Մարտիրոսյանին` լավ հանդես գալ մենամարտում, որը նշանակված է դեկտեմբերի 18-ին Պավել Վոլակի դեմ (Լեհաստան):

Ըմբշամարտ. Վանաձորում ավարտվել է ազատ ոճի միջազգային մրցաշարը` նվիրված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանին: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրների ըմբիշներ, Հայաստանի հավաքականը մասնակցում էր 45 մարզիկներով:

4 քաշային կարգերում հաղթողները ներկայացնում էին Հայաստանը. Միհրան Ջաբուրյանը հաղթել է 55 ք/կ-ում, Դավիթ Սաֆարյանը` 66 ք/կ, Մուրտազ Մուսա-Ալիևը` 74 ք/կ, Հաջիմորադ Նորմահոմեդովը` 84 ք/կ:

Վերադառնալով մեծ սպորտ` Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարում:

«Մենք խնդիրներ ունենք 120 քաշային կարգում, մրցաշարի ժամանակ մենք դիտարկել ենք մի քանի մարզիկների թեկնածություն, բայց նրանք չեն համապատասխանել մեր պահանջներին: Մենք շարունակում ենք փոխարինող փնտրել Ռուսլան Բասիևին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ազատ ոճի ըմբիշների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Թենիս. Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակով նշանավորեց իր վերադարձը ATP Tour ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո:

Հոկտեմբերի 26-ին Open Sud de France-2010 մրցաշարի մեկնարկային ռաունդում ATP վարկանիշով 31 համար հանդիսացող Նալբանդյանը խաղացել է 68-րդ տեղը զբաղեցնող Մարսել Գրանոլյերսի հետ: Նալբանդյանը պարտության է մատնել Գրանոլյերսին երկու սեթերում 6:4, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե: Նա երկրորդ անգամ էր հաղթանակ տանում իսպանացու նկատմամբ, հաղորդում է gotennis.ru-ն:

Ներկա մրցումների երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը պետք է մրցի ֆրանսիական «դերբիում» ուժեղագույն թենիսիստի հետ, որում դեմ առ դեմ հանդիպելու են Նիկոլյա Մայուն և Ժիլ Սիմոնը:

Պետք է նշել, որ այս սեզոնում վերջին անգամ Նալբանդյանը խաղացել է սեպտեմբերի կեսին Դևիսի գավաթի Ֆրանսիա-Արգենտինա (5:0) կիսաեզրափակիչ խաղում: Այդ ժամանակ նա պարտվել էր Գաել Մոնֆիսին:

Մոնպելյեի մրցաշարից բացի մինչև այս սեզոնի վերջ Նալբանդյանը մտադիր է ելույթ ունենալ իսպանական Վալենսիայի և շվեյցարական Բազելի մրցաշարերում, ինչպես նաև Փարիզում, որտեղ նոյեմբերի 7-ին սկսվելու է «Մաստերսը»:

Բասկետբոլ. Հոկտեմբերի 27-ին Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբը Եվրոպայի գավաթի 2010-2011թթ. խմբային փուլում Նովոսիբիրսկում հանդիպել է «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ:

Գիա Ղազանչյանի սաները զիջել են մրցակիցներին բոլոր քառորդներում: Խաղն ավարտվել է 79:50 հաշվով, հաղորդում է fibaeurope.com-ը:

«Հատիսի» հաջորդ խաղը F խմբում տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանում Իսրայելի «Էլիտզուրի» հետ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---