Լևոն Արոնյանը դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, իսկ Զավեն Անդրիասյանը` Ռուսաստանի գավաթակիր

Նոյեմբերի 11-18-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Շախմատ. Նոյեմբերի 18-ին Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը շատ հաջող հանդես եկավ և դարձավ աշխարհի չեմպիոն: Արոնյանը վաստակեց 24.5 միավոր և օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի, արագ շախմատի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, Ֆիշերի վարկածով աշխարհի չեմպիոնի և Մեծ սաղավարտի հաղթողի տիտղոսներին ավելացրեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է, երրորդ տեղում` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

PanARMENIAN.Net - Սլովակիան ներկայացնող հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը հավաքեց 17.5 միավոր և զբաղեցրեց 15-րդ տեղը:

Մինչ այդ Արոնյանը դարձել էր Տալի հուշամրցաշարի հաղթող: Նա կիսել էր առաջին տեղը Սերգեյ Կարյակինի և Շահրիյար Մամեդյարովի հետ:

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Գավաթի եզրափակչի երկրորդ խաղում հայ 21-ամյա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (Հայաստան) պարտության մատնեց Արտյոմ Տիմոֆեևին (Ռուսաստան) և զբաղեցրեց առաջին տեղը:

Հաղթողը պետք է որոշվեր այս պարտիայի արդյունքում, քանի որ նրանց առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի: Հայ շախմատիստը սպիտակ ֆիգուրներով կարողացավ առավելության հասնել և հաղթեց 1,5:0,5 ընդհանուր հաշվով:

Բասկետբոլ. Հայաստանի բասկետբոլի կանանց «Հատիս» հավաքականը Եվրոպայի Գավաթ 2010-2011-ի թիմային փուլում նոյեմբերի 18-ին «Միկա» մարզահամալիրում ընդունեց ռուսական «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմին: Հանդիպումը շատ կարևոր էր բասկետբոլիստուհիների համար, քանի որ երկու նախորդ խաղերում նրանք զիջել էին մրցակիցներին:

Խաղի ընթացքում հայկական ակումբը ջանում էր արժանի դիմադրություն ցույց տալ հակառակորդին: Առաջին քառորդում Գիա Ղազանչյանի սաները զիջեցին 23:29 հաշվով: Երկրորդ քառորդում մրցակցի առավելությունն ավելացավ, նա հատիսցիներից առաջ անցավ 18 միավորով (41:59): Երրորդ քառորդում «Հատիսը» կարողացավ 26 միավոր հավաքել և մինչև 4 միավորի հասցնել տարբերությունը: Քառորդ ավարտվեց 67:71 հաշվով: Միայն չորրորդ քառորդի սկզբին «Հատիսին» հաջողվեց առաջ անցնել հաշվում: Խաղի ավարտը լարված ստացվեց. մեկ մի թիմն էր առաջատար, մեկ մյուս թիմը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի` 85:85: Հանդիպման ելքը որոշվեց ավելացրած 5 րոպեների ընթացքում: «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի բասկետբոլիստուհիներն ավելի դիմացկուն դուրս եկան և 90:99 հաշվով հաղթանակ տարան:

Ֆուտբոլ. Նոյեմբերի 17-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Նախորդ վարկանիշի համեմատ, որը եղել է հոկտեմբերի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով և 517 միավորով զբաղեցնում է 59-րդ տեղը:

ԵԱ խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանն իջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 13-րդ տեղը, Սլովակիան բարձրացել է 18-րդ տեղը, Իռլանդիան մնացել է 32-րդ տեղում, Մակեդոնիան իջել է 76-րդ տեղը, իսկ Անդորրան մնացել է 202-րդ տեղում:

Նոյեմբերի 17-ին ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական խաղերի են մասնակցել: Հայաստանի մրցակիցները Եվրո-2012 B խմբում պարտություններ են կրել ընկերական խաղերում:

Ռուսաստանի հավաքականը Վորոնեժում պարտություն կրեց Բելգիայից: Չնայած հանդիպման ընկերական կարգավիճակին, ՌԴ թիմի մարզիչ Դիկ Ադվոկատը խաղին մասնակից դարձրեց իր թիմի բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստներին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Սակայն բելգիացիներն ավելի ուժեղ գտնվեցին և երկու անպատասխան գնդակ խփեցին, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Լուկակուն:

Չնայած նրան, որ Իռլանդիայի հավաքականն իր դաշտում 11-մետրանոցով բացեց խաղի հաշիվը Նորվեգիայի հետ, հետո ստիպված էր երկու անգամ խաղը սկսել դաշտի կենտրոնից: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով Նորվեգիայի օգտին: Սլովակիայի հավաքականն իր դաշտում ընդունեց Բոսնիայի ու Հերցոգովինայի հավաքականներին և զիջեց 2:3 հաշվով: Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջնության վերջին տուրը և տասներորդ անգամ անընդմեջ ոսկե մեդալներ նվաճեց «Փյունիկը»:

28-րդ տուրում Վարդան Մինասյանի սաները խաղացին «Կիլիկիայի» հետ և միայն շնորհիվ 11-մետրանոց հարվածի, որը 67-րդ րոպեին իրացրեց Մարկոս Պիզելին, կարողացան հաղթել: Բրազիլացի ֆուտբոլիստը խփեց իր 16-րդ գնդակը և իր խփած գոլերի քանակով հավասարվեց իր թիմակից Գևորգ Ղազարյանին:

Առաջնության արծաթե մեդալակիրը դարձավ «Բանանցը», որը 2:1 հաշվով հաղթեց «Շիրակին» և ետ մնաց չեմպիոնից մեկ միավորով՝ հավաքելով 64 միավոր:

Բրոնզե մեդալը առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեց իր համար «Ուլիսը», որը վերջին տուրում 3:2 հաշվով հաղթեց «Միկային», որն ավարտեց առաջնությունը 4-րդ տեղում 46 միավորով:

«Իմպուլսը», որն այս տարի առաջին անգամ մասնակցեց Բարձրագույն լիգայի խաղերին, զբաղեցրեց 5-րդ տեղը, 6-8 տեղերը զբաղեցրին »Գանձասարը», «Կիլիկիան» ու «Շիրակը» համապատասխանաբար:

Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ 2011-12թթ. Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությունը: Առաջին որակավորման փուլում 40 թիմ բաժանվեց 10 խմբի: Հայաստանի ընտրանին հանգրվանեց 6-րդ խմբում, որտեղ կհանդիպի Ավստրիայի, Իտալիայի և ՆՀՀ Մակեդոնիայի թիմերի հետ: Ընտրական մրցաշարը կընդունի ՆՀՀ Մակեդոնիան:

Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռևս պաշտոնապես ոչինչ պարզ չէ «Էսպանյոլ» տեղափոխվելու հարցում:

Ըստ elmundodeportivo.es-ի, «Էսպանյոլի» տեխնիկական ծառայությունը շահագրգռված է Մովսիսյանով և հետևում է նրա խաղին:

«Ես ինտերնետում եմ կարդացել, որ «Էսպանյոլը» հետաքրքրվում է ինձնով: Դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Կան նաև այլ ակումբներ, որոնք ցանկանում են ձեռք բերել ինձ: Այդ հարցերով զբաղվում է իմ գործակալը և նորությունների դեպքում մենք հայտարարություւն կանենք»,-ասել է Մովսիսյանը:

Հարձակվողը վնասվածք է ստացել, որի պատճառով հանդես չի գալիս «Ռանդերսի» կազմում, ըստ նրա, հաջորդ շաբաթ նա կրկին կկարողանա խաղալ:

Բռնցքամարտ. Կարլ Ֆրոչը «Super Six» մրցաշարի 3-րդ շրջանում Արթուր Աբրահամի դեմ մենամարտից առաջ ասել է, որ դա համաշխարհային կարգի պայքար է լինելու: «Հատկապես հրապուրիչ է այն, որ վիճարկվելու է WBC գոտին: Արթուրը հաստատ վախենում է ինձանից, նա գլխի հետ կապված շատ խնդիրներ ունի»,- ասել է Ֆրոչը fightnews.com-ին տված հարցազրույցում:

Ֆրոչը կարծում է, որ նոյեմբերի 27-ին հաղթող կլինի նա, քանի որ ունի որակներ, որոնք բացակայում են Աբրահամի մոտ. արագություն, հմտություններ և ուժ: «Աբրահամը մենամարտերի ժամանակ միշտ օգտագործում է նույն մեթոդները: Ակնհայտ է, որ ես ավելի փորձառու եմ այս քաշի շրջանակներում և ֆիզիկապես ավելի ուժեղ եմ: Հիմա Արթուրը պատրաստ է երրորդ մարտում երկրորդ պարտությանը»,- ասել է բրիտանացի բռնցքամարտիկը:

Աբրահամը կարծում է, որ Ֆրոչը երկար հարված ունի, որն օգնել է նրան Միկել Քեսլերի դեմ մենամարտում: «Ես պատրաստ եմ ուժերով չափվել բոլորի հետ: Ես բռնցքամարտել եմ միջին քաշային կարգում ավելի ուժեղ մարզիկների հետ և չեմ կարծում, որ Արթուրն այդքան ուժեղ է, ինչպես մարդիկ են մտածում: Ես հաղթելու ավելի մեծ շանսեր ունեմ»,- նշել է Ֆրոչը:

Թենիս. ATP-ն (Թենիսի համաշխարհային ասոցիացիա) նոյեմբերի 15-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը իր նախորդ վարկանիշի համեմատ նահանջել է 2 հորիզոնականով և 1480 միավորով 27-րդ տեղում է: «Մաստերս» մրցաշարում Նալբանդյանը անցած շաբաթ ¼ եզրափակչում պարտվեց Էնդի Մարեյին Մեծ Բրիտանիայից:

Դեկտեմբերի 16-19-ը Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսում կմասնակցի «Copa Peugeot» մրցաշարին, որը տեղի է ունենում 2003-ից ի վեր, և Նալբանդյանը երեք անգամ` 2003-ին, 2007-ին և 2009-ին, զբաղեցրել է առաջին տեղը:

Այս տարի նրա մրցակիցները լինելու են Գաել Մոմֆիսը (Ֆրանսիա), Մարկոս Բաղդադիսը (Կիպրոս), Մարատ Սաֆինը (Ռուսաստան), Ռիչարդ Գասկեն (Ֆրանսիա) և Խուան Մոնակոն (Արգենտինա):

Մինչ այդ դեկտեմբերի 11-ից Նալբանդյանն ելույթ կունենա «Almirante Brown» ակումբում, որտեղ նաև հանդես կգան նրա հայրենակիցներ Խուան Մոնակոն, Օրասիո Զեբալոսը և Էդուարդո Շվանկը:

Օլիմպիադա. Նոյեմբերի 12-ին Երևանում սկսվել է համաժողով ԱՊՀ և Բալթիայի 11 երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) մասնակցությամբ:

Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Մենք պետք է ավելի հաճախ կազմակերպենք նման միջոցառումներ: Ուրախ եմ, որ վաղը բոլորս միասին կնշենք ՀԱՕԿ 20-ամյակը»:

ԱՊՀ երկրների ԱՕԿ-երի ասոցիացիայի քարտուղարության ղեկավար Յուրի Յուրևը նշել է, որ սա ԱՊՀ և Բալթիայի երկրների ԱՕԿ-երի 13-րդ տարածաշրջանային համաժողովն է և հավելել, որ այն նպաստում է տարբեր երկրների սպորտային կառույցների ներկայացուցիչների շփմանը և հիանալի միջոց է տեղեկատվության փոխանակման համար:

Նոյեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀԱՕԿ 20-ամյակին:

Հոկտեմբերին Ակապուլկոյում տեղի ունեցած ՄՕԿ-ի նիստում որոշում կայացվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Պիեռ դը Կուբերտենի մեդալով պարգևատրելու մասին:

Իսկ ՀԱՕԿ-ի պարգևները ստացան սպորտային ոլորտի մասնագետները՝ ունեցած ավանդի ու Օլիմպիական գաղափարախոսության տարածման համար:

2010թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը բնակարան ստացավ Երևանում, իսկ 2010թ. բոլոր մրցանակակիրներն ու մեդալիստները, նրանց մարզիչներն ու հավաքականների գլխավոր մարզիչնրը ստացան դրամական պարգևներ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---