Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Նոյեմբերի 18-25-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

PanARMENIAN.Net - Բռնցքամարտ. Արթուր Աբրահամն ու նրա թիմն արդեն ժամանել են Հելսինկի, որտեղ նա նոյեմբերի 3-ին Super Six մրցաշարի երրորդ շրջանում Hartwall Areena-ում կմենամարտի բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ: Մենամարտի հաղթողը կստանա WBC գոտին:

Աբրահամը նշել է, որ Հելսինկիում շատ ցուրտ է, սակայն նրան դուր է գալիս այնտեղ: «Մենք նախապատրաստվել ենք ցուրտ եղանակին: Ես կկարողանամ հաղթել Ֆրոչին ու հասնել իմ նպատակին՝ ստանալով նաև WBC գոտին»,- ասել է Աբրահամը: Ֆրոչը նույնպես իր ուրախությունն է հայտնել, որ գտնվում է Հելսինկիում: «Յուրաքանչյուր մենամարտի ժամանակ ես ռինգ եմ դուրս գալիս հաղթելու համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի վերցնեմ WBC գոտին, նույնիսկ եթե ստիպված լինեմ նրա ողերը ջարդել»,-ասել է Ֆրոչը:

Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հելսինկիում Super Six մրցաշարի երրորդ փուլի շրջանակներում: Ուլի Վեգները` IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչը, կարծում է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն բրիտանացի Կարլ Ֆրոչի դեմ մենամարտը կդառնա երկու կամային բռնցքամարտիկների պայքար: Վեգները կարծում է, որը այս մենամարտում հաղթելու է նա, ով ավելի շատ է ցանկանում հաղթել. «Բրիտանացին դեռ չի գիտակցում, թե որքան ուժեղ է Աբրահամի հարվածը»:

Շախմատ. Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը նոյեմբերի 16-ին դարձավ ՌԴ Գավաթի գավաթակիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր նրա համար: Շախմատիստի խոսքերով առաջին օրը ծանր էր իր համար, քանի որ Սանկտ Պետերբուրգից Բելգորոդ նա մեկնեց գրանցքով և պատրաստվելու ժամանակ չէր ունեցել: «Սակայն ինձ հետ էր նաև իմ հիմնական մրցակից Պավել Պոնկրատրովը, այնպես որ մենք հավասար պայմաններում էինք: Սակայն ես կարողացա հաղթել»,-ասել է գրոսմայստերը:

Անդրիասյանը նշել է, որ դժվար էին նաև վերջին պարտիաները Արտյոմ Տիմոֆեևի հետ: «Առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի: Իմ մրցակիցը լավ դիրք ուներ, սակայն արդեն երկրորդ խաղում ես մեծ առավելություն ստացա ու կարողացա հաղթել»: Մինչև տարեվերջ շախմատիստը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին (դեկտեմբերի 18-19-ին) և Հոլանդիայի միջազգային մրցաշարին (դեկտեմբերի 20-30):

Հայաստանի շախմատի պատանեկան (մինչև 16 տարեկանների) հավաքականը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը թուրքական Բուրդուր քաղաքում կմասնակցի Համաշխարհային շախմատային օլիմպիադային:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանն ու Տիգրան Պետրոսյանը, հավաքականը կգլխավորի Արսեն Եղիազարյանը:

Ձյուդո. Նոյեմբերի 22-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկում է ձյուդոյի Գրան պրին: Գրան պրին վարկանիշային է, և նրանում խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար և ավարտվելու է նոյեմբերի 24-ին:

Հայաստանն այս կարևոր մրցաշարում ներկայացնում են երեք ձյուդոիստներ. 2009-ի ԱԱ բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 ք /կ), 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 ք /կ) և Համբարձում Տոնոյանը (66 ք /կ):

Ըմբշամարտ. Նոյեմբերի 25-27-ին Ֆրանսիայում տեղի կունենա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: ՙ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է գլխավոր մարզիչը, «հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացրել և մեր մարզիկները լավ մարզաձևում են: Կմասնակցեն նաև երիտասարդ ըմբիշներ»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ֆրանսիա կմեկնեն Ալեքսան Միքայելյանը, Արտակ Հարությունյանը (60 կգ ք/կ), Հովհաննես Վարդանյան (66 կգ ք/կ), Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանն ու Արման Պապյանը (96 կգ ք/կ):

Թենիս. Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ստացել է Konex de Platino մրցանակը վերջին 10 տարում Արգենտինայում թենիսի զարգացման համար: Konex հիմնադրամի մրցանակները հանձնվում են արգենտինացի մարզիկներին 20 տարբեր մարզաձևերում: Յուրաքանչյուր մարզաձևում ընտրվում է 5 հավակնորդ: Թենիսում Նալբանդյանից բացի, ներկայացվել էին Գիլյերմո Կորիան, Գաստոն Գաուդիոն, Խուան Մարտին դել Պոտրոն և Պաոլա Սուարեսը: Նրանք բոլորը ստացան Diploma al Mérito դիպլոմներ, իսկ հաղթող ճանաչվեց Նալբանդյանը:

«Շատ շնորհակալ եմ Konex հիմնադրամին այս պարգևի համար: Այս մրցանակը ես նվիրում եմ իմ ընտանիքին, որը սատարել է ինձ իմ ողջ կարիերայի ընթացքում»,-ասել է թենիսիստը:

Սամբո. Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է 2010 թվականի մարզիկների, մարզիչների և մրցավարների լավագույն տասնյակները:

Լավագույն մարզիկներ են ճանաչվել աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի փուլային մրցաշարի հաղթող Աշոտ Դանիելյանը (ք. Ստեփանակերտ), աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը (ք.Եղվարդ) և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանը (ԲԿՄԱ):

Լավագույն մարզիչներ են ճանչվել ՀՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը (ք. Ստեփանակերտ), ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Ավդալյան (ք. Եղվարդ), ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյան (ք. Գյումրի):

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---