Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2011-ը սկսեց պարտությամբ

Փետրվարի 3-10-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ֆուտբոլ. Փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ի վարկանիշում 62-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր ուժերը չափեց հարևան Վրաստանի ֆուտբոլիստների հետ, որը վարկանիշով 71-րդն է և 2010 թվականին ոչ մի հանդիպում չի պարտվել:

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կազմում հանդիպումը բաց թողեց պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը մարզումների ժամանակ վնասվածք է ստացել, պաշտպանության կենտրոնում խաղացին Արարատ Առաքելյանն ու Հրայր Մկոյանը: Հանդիպումը բաց թողեց նաև հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Խաղի սկզբում թիմերը փոխանակվեցին մի քանի հարվածներով, սակայն աստիճանաբար Վրաստանի հավաքականն իր ձեռքը վերցրեց խաղը` հայ ֆուտբոլիստներին հարկադրելով սխալներ թույլ տալ: 22-րդ րոպեին ալեքսանդր Իաշվիլիի շնորհիվ Վրաստանի հավաքականն առավելություն ստացավ, իսկ 12 րոպե հաշիվը կրկնապատկեց Դավիթ Սիրաձեն:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները փորձեցին ավելի շատ հարձակվել և որոշակի առավելության հասան: Հեռակա հարվածներով աչքի ընկան Էդգար Մալաքյանն ու Մարկոս Պիզելլին, սակայն հաշիվը կրճատել հաջողվեց միայն 67-րդ րոպեին: Հենրիկ Մխիթարյանը պենալտի վաստակեց, որը հաջողությամբ իրացրեց Էդգար Մանուչարյանը: Այս գոլը վստահություն հաղորդեց հայ ֆուտբոլիստների գործողություններին, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի հաղթանակով` 1:2:

Սա Հայաստանի ու Վրաստանի հավաքականների 5-րդ հանդիպումն էր, և առայժմ առաջատար են վրացիները, նրանք իրենց հաշվում ունեն երեք հաղթանակ, մեկ ոչ ոքի և մեկ պարտություն:

Փետրվարի 9-ին Աբու Դաբիի «Heikh Zayed» մարզադաշտում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրեց 2011թ. իր առաջին հանդիպումը: Ընկերական հանդիպմանը Դիկ Ադվոկատի սաները մրցեցին Իրանի հավաքականի հետ, որտեղ հանդես է գալիս հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը:

Ռուսաստանի հավաքականը գնդակ ընդունեց իր դարպասը խաղի ավարտին. 89-րդ րոպեին խաղի միակ գոլն իրացրեց և իր թիմին հաղթանակ բերեց Մոհամմադ Հալաթբարին:

«Մենք վատ խաղացինք: Նման ֆուտբոլով ոչ թե Եվրոպայի առաջնությունում, այլ նույնիսկ Հայաստանում ակնկալիքներ չպետք է ունենանք: Երևանում մենք պետք է բոլորովին այլ խաղ ցույց տանք: Ըստ իս, այսօր դա հասկացավ մեզանից յուրաքանչյուրը»,-Իրանի հավաքականին պարտվելուց հետո ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը:

Իսկ sport-express.ru-ի այն դիտողությանը, որ Հայաստանը ևս զիջեղ վրացիներին 1:2 հաշվով, կիսապաշտպանն ասել է. «Հասկանում եմ, որ նման խաղից հետո դա այնքան էլ տեղին չի հնչի, սակայն, Ռուսաստանի հավաքականը Հայաստանից չէ, որ պետք է օրինակ վերցնի: Բնականաբար, Երևանում կայանալիք խաղը բարդ է լինելու, բոլորը դա հասկանում են, սակայն, եթե մենք վերադարձնենք մեր խաղը, իսկ մենք դա պարտավոր ենք անել, ամեն ինչ մեր ձեռքերում կլինի»:

Ըստ պաշտպան Ռոման Շիշկինի, «հանդերձարանում Ադվոկատը մի երկու խոսքով հայտնեց իր տպավորությունը խաղից: Եվ վերջ, ոչ մի կոնկրետ դիտողություն: Աստված տա, որ Բելգիայից ու Իրանից կրած պարտությունները մեզ համար դաս լինեն և մենք լավ մարզավիճակում լինենք Հայաստանի հետ խաղից առաջ»,-ասել է Շիշկինը:

B խմբում Հայաստանի մրցակիցներից հաղթանակ է տարել միայն Իռլանդիայի հավաքականը. Ջովանի Տրապատոնիի սաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը: Սլովակիայի հավաքականը հյուրընկալվեց «Ժոզի Բարտել» մարզադաշտում, որտեղ հանդիպեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ և զիջեց 1:2 հաշվով: Մակեդոնիայի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Կամերունի հավաքականին:

Հիշեցնենք, որ B խմբում բարդ իրավիճակ է ստեղծվել, խմբի առաջատարը` Ռուսաստանի հավաքականն ունի 9 միավոր, Հայաստանի, Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականները` 7-ական միավոր:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ - 2011-2013 նախընտրական շրջանի խմբային փուլում C խմբում կխաղա Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի և Անդորրայի հետ:

Վիճակահանության համաձայն, առաջին հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն Չեռնոգորիայի հավաքականի հետ հունիսի 7-ին Երևանում: Այնուհետև սեպտեմբերի 3-ին կհյուրընկալվեն Անդորրայում:

2011 թվականին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երեք հանդիպում. Սեպտեմբերի 6-ին Չեխիայի հետ, նոյեմբերի 11-ին Երևանում կկայանա պատասխան հանդիպում, իսկ նոյեմբերի 15-ին` Ուելսի հետ:

2012 թվականի հունիսի 12-ին Հայաստանում կկայանա Հայաստան-Անդորրա հանդիպումը, օգոստոսի 15-ին` Ուելս-Հայաստան և սեպտեմբերի 10-ին` Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումները, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Ըմբշամարտ. Փետրվարի 2-ից, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո, Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում: Ըմբիշները նախապատրաստվում են Աշխարհի գավաթի և Գրան-պրիի մրցաշարերին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Աշխարհի գավաթի մրցաշարին կմասնակցեն երկրի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները, իսկ ինքը կգլխավորի պատվիրակությունը: «Փետրվարի 17-20-ը Մինսկում Աշխարհի գավաթի մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում ես 2-ական մարզիկի եմ հայտագրել՝ Արմեն Չոմարյանին և Նարեկ Խաչատրյանին (55 կգ ք/կ), Արթուր Մկրտչյանին ու Արտակ Հարությունյանին (60 կգ ք/կ), Հովհաննես Վարդերեսյանին ու Արամ Ջուլֆալակյանին (66 կգ ք/կ) և Տիգրան Սահակյանին ու Հրայր Հովհաննիսյանին (84 կգ ք/կ)»,-ասել է հավաքականի մարզիչը:

Մինչև 74կգ քաշային կարգում հանդես կգա Վարշամ Բորանյանը, մինչև 96կգ կարգում՝ Սարգիս Տոնոյանն ու մինչև 120կգ քաշային կարգում՝ Վաչիկ Եղիազարյանը:

Գրան-պրիին, որը նույն ժամանակշրջանում կանցնի Սլովենիայում, Արամ Մարգարյանի գլխավորությամբ կմասնակցեն աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ), Վահան Ջուղարյանը (60 կգ ք/կ), Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) և Արթուր Շահինյանը (84 կգ ք/կ):

Բռնցքամարտ. Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները պատմել է, որ իր սանը հիանալի պատրաստվում է մենամարտին, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Գերմանիայում: Աբրահամի մրցակիցը լինելու է Ստեփան Բոժիչը (Խորվաթիա):

«Արթուրն իր կարիերայի անցումային փուլում է, բայց բացարձակ ուժ չի խնայում մարզումների ժամանակ: Նա պետք է ոչ միայն հաղթի, այլ պետք է դա անի իր ոճով: Ես համոզված եմ, որ նա չի հիասթափեցնի իր երկրպագուներին»,- Վեգների խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

Դա միջանկյալ հանդիպում է «Super Six» մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ, որում Աբրահամը հանդիպելու է Անդրե Ուորդի հետ (ԱՄՆ): Մենամարտը, հավանաբար, տեղի է ունենալու մայիսին:

Լոս Անջելեսում կայացել է թեթևագույն քաշային կարգի մրցաշարի մասնակիցների մամլո ասուլիսը: Մրցաշարին մասնակցում է նաև Վիկ Դարչինյանը: Եզրափակիչ մարտերը տեղի են ունենալու ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Nokia Theatre-ում:

Դարչինյանը, որը հանդիպելու է Յոնի Պերեսի հետ (Կոլումբիա), ասել է, որ իսկական բռնցքամարտիկը փորձելու է իր ողջ ուժը ցույց տալ այդ մարտում: «Ես հաղթանակ կտանեմ նոկաուտով և ցույց կտամ, որ ավելի ուժեղ եմ: Անհամբերությամբ սպասում եմ այդ պայքարին և ֆավորիտ եմ համարվում»,- հայ բռնցքամարտիկի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

Մեկ այլ զույգում հանդիպելու են Աբներ Մարեսը (Մեքսիկա) և Ջոզեֆ Ագբեկոն (Գանա): Ագբեկոն Դարչինյան-Պերես մենամարտը համարում է մեծ գոտեմարտ:

Ձյուդո. Փարիզում ավարտվել է ձյուդոյի Մեծ սաղավարտի խաղարկությունը: 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) և 2010-ի աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 ք/կ) նվաճել են արծաթե մեդալներ: Բոլոր մենամարտերում նրանք տարել են վստահ հաղթանակներ` պարտվելով միայն եզրափակչում:

Եզրափակչում Դավթյանը և Նազարյանը պարտվել են համապատասխանաբար Ռիշոդ Սոբիրովին (Ուզբեկստան) և Ջունպեյ Մորիշիտեին (Ճապոնիա):

Փետրվարի 12-13-ը ձյուդոյի Հայաստանի հավաքականը Բուդապեշտում հանդես է գալու Աշխարհի գավաթի խաղարկությունում, փետրվարի 19-20-ը` Դյուսելդորֆի Գրան պրիում, փետրվարի 26-27-ը` Վարշավայում` Աշխարհի գավաթի հաջորդ փուլում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---