Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց Գրան պրիում և դարձավ մրցաշարի լավագույն մարզիկը

Փետրվարի 17-24-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ըմբշամարտ. «Կարծում եմ` մեր ըմբշամարտիկները Մուրսկա Սոբոտա քաղաքում կայացած Գրան Պրիում լավ ելույթ ունեցան, քանի որ Հայաստանի հավաքականի չորս հիմնական անդամները մեդալներ են նվաճել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Ռոման Ամոյանը (55կգ ք/կ) առաջին տեղն է զբաղեցրել, ինչպես նաև ճանաչվել է որպես առաջնության լավագույն ըմբշամարտիկ: Ոսկե մեդալ է նվաճել նաև Արթուր Շահինյանը (84կգ ք/կ):

«Ամեյանը Հայաստանի փորձառու մարզիկներից մեկն է և այս առաջնությունում նա ցույց տվեց իր լավագույն արդյունքը: Վահան Ջուհարյանը, որը բրոնզե մեդալ է նվաճել, առաջին անգամ էր ելույթ ունենում 66կգ քաշային կարգում և վատ արդյունք ցույց չի տվել»,- ընդգծել է Ջուլֆալակյանը:

Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ) նույնպես իր քաշային կարգում երրորդն էր: Գլխավոր մարզչի խոսքով, եզրափակիչ դուրս գալու համար անցկացված մենամարտում մրցավարները չհաշվեցին Ջուլֆալակյանի հնարքը, ուստիև նա դուրս չեկավ եզրափակիչ: Չնայած դրան, հավաքականի մարզիչը գոհ է ըմբշամարտիկի ելույթից:

«Կարևորը, որ նման մրցավարական սխալներ չլինեն Եվրոպայի առաջնությունում: Արդեն փետրվարի 27-ից մենք հաջորդ հավաքը կմեկնարկենք Երևանում` պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Այնտեղ մենք հանդես կգանք հիմնական կազմով և կփորձենք որքան հնարավոր է շատ մեդալներ նվաճել»,- ավելացրել է Ջուլֆալակյանը: Եվրոպայի առաջնությունը կկայանա Դորտմունդում (Գերմանիա) մարտի 29-ից ապրիլի 3-ը:

Ծանրամարտ. Փետրվարի 25-27 Երևանի Օլիմպիական ռեզերվի պետական սպորտդպրոցում կկայանա Հայաստանի ծանրամարտի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ծանրամարտիկներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Առաջին մրցութային օրը ելույթ կունենան մինչև 56կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ և կանայք: Նախքան Հայաստանի առաջնության մեկնարկը տղամարդկանց հավաքականի հիմնական անդամներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, կանայք` Գյումրիում:

Շախմատ. «Ծաղկաձորում հիմնական շախմատային պարապմունքներից բացի, որոնց վրա մենք ծախսում ենք օրական 4 ժամ, մենք 2 ժամ անցկացնում ենք նաև ֆիզիկական մարզումներ: Շախմատիստների համար շատ կարևոր է նաև ֆիզիկական պատրաստվածությունը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Լևոն Արոնյանը, որը փետրվարի 2-ին Ծաղկաձորում անցկացնում է հավաք` պատրաստվելով աշխարհի չեմպիոնի հավակնորդների խաղերին:

Խաղերը տեղի են ունենալու մայիսի 3-27-ը Կազանում, իսկ Արոնյանի մրցակիցը լինելու է Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Հայ գրոսմայստերը խոստովանել է, որ Գրիշչուկը շատ ուժեղ շախմատիստ է և հետաքրքիր պարտիաներ է ցույց տալիս: «Ինձ հետ մարզվում են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: Հիմնականում մենք ուշադրություն ենք դարձնում խաղաքարերի դասավորությանը սկզբնախաղում»,- ասել է Արոնյանը և հավելել, որ փորձում է ուղղել իր թերությունները:

Կանանց Գրան պրիի վերջին փուլի երկրորդ տուրում, որն ընթանում է Քաթարում, Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Մայա Չիբուրդանիձեին (Վրաստան): Դա հայ շախմատիստուհու երկրորդ հաղթանակն էր, որը երկու միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը` զիջելով միայն Նանա Ձագնիձեին (Վրաստան): Երրորդ տուրում Դանիելյանի մրցակիցն է լինելու Բաթույագ Մոնղոնտուլը (Մոնղոլիա), իսկ Մկրտչյանը պետք է խաղա Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ:

Թենիս. Դավիթ Նալբանդյանը Copa Claro մրցաշարի քառորդ եզրափակիչում զիջել է Թոմի Ռոբրեդոյին և դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարի հաղթող է դարձել Նիկոլաս Ալմարգոն (Իսպանիա), որը եզրափակիչում հաղթանակ է տարել Խուան Իգնասիո Չելոյի նկատմամբ:

Փետրվարի 21-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով և 1655 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը հայտնել է թենիսիստների անունները, որոնք պատրաստվում են Դևիսի գավաթի խաղին: Արգենտինայի հավաքականը խաղալու է Ռումինիայի հավաքականի դեմ մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում, հաղորդում է Associated Press-ը:

Հայաստանի հավաքականի կազմում են Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Էդուարդո Շվանկը: Թիմի հետ մարզումների պատճառով Նալբանդյանը բաց է թողել Ակապուլկոյի «Mexican Open» մրցաշարը:

Բռնցքամարտ. Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի թիմը նրա համար մրցակից է գտել: Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չի կրել, ապրիլի 23-ին հանդիպելու է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ (34-8, 29 նոկ): Բռնցքամարտիկները մրցելու են WBC վարկածով արծաթե գոտու համար:

Այդ զույգի հաղթողը մրցելու է Սաուլ Ալվարես-Մեթյու Հաթոն զույգի հաղթողի հետ, որոնք ռինգ են դուրս գալու մարտի 5-ին փոքր միջին քաշային կարգում WBC վարկածով ազատ տիտղոսի համար:

Ֆուտբոլ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Բարձրագույն լիգայի և երկրի Գավաթի 1/4 եզրափակչի ժամանակացույցը:

Հայաստանի առաջնությունը կմեկնարկի մարտի 5-ին, և առաջին տուրում «Արարատը», որը 2010 թվականին Առաջին լիգայի չեմպիոն դարձավ և Բարձրագույն Լիգայում ելույթ ունենալու իրավունք վաստակեց, կհանդիպի անցյալ մրցաշրջանի արծաթե մեդալակիր «Բանանցի» հետ:

«Միկան» Երևանում կհանդիպի Գյումրու «Շիրակի» հետ, Դիլիջանում «Իմպուլսը» կընդունի երկրի չեմպիոն «Փյունիկին», իսկ Գանձասարում տեղի «Գանձասար» թիմը կմրցի «Ուլիսի» հետ, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունից:

Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչում «Ուլիսը» կհանդիպի «Արարատի» հետ, «Բանանցը»` «Գանձասարի», «Շիրակը»` «Փյունիկի», իսկ «Միկան»` «Իմպուլսի»: Հանդիպումները կկայանան մարտի 10-ին և 11-ին:

Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբը Աշխաբադում և Ապադանայում արդեն 17-րդ անգամ ընթացող «Թուրքմենբաշիի Գավաթի» խաղարկության ժամանակ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Փետրվարի 22-ին խմբային հանդիպմանը «Գանձասարը» 1:0 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիի» երկրորդ կազմին: Սա Աբրահամ Խաշմանյանի սաների երկրորդ հաղթանակն է. առաջինը նույն հաշվով գրանցվեց «Ալթին Նասիրի» նկատմամբ: Փետրվարի 24-ին կայանալիք կիսաեզրափակչում «Գանձասարը» կմրցի «Օղաբ Գոնբադի» (Իրան) հետ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---