Ինչի՞ մասին է զգուշացնում Վարդան Օսկանյանը Կազանում սպասվող հանդիպումից առաջ

Կազանում հանդիպման մասին խոսակցությունները ավելի շատ նմանվում են սուրճի բաժակով գուշակությունների. ոմանք ասում են, որ նախագահները կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, մյուսները, որ չեն ստորագրի, երրորդները պնդում են, որ Կազանում կամ կստորագրեն փաստաթուղթ, կամ չեն ստորագրի:

Հունիսի 25-ին Կազանում սպասվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը դարձել է ամենաքննարկվող թեման քաղաքական, հասարակական և, կարելի է ասել, բոլոր դաշտերում: Կազանի հանդիպման, այնտեղ Ղարաբաղի հարցի մասին ինչ-որ փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ չստորագրման մասին խոսում են բոլորը. ընդդիմությունը, իշխանության և հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչներ, փորձագետները: Բավական անսպասելիորեն իր կարծիքն այսօրվա գործընթացների մասին որոշեց հայտնել նաև Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիտաս» հիմնադրամի խորհդրի ղեկավար Վարդան Օսկանյանը:

PanARMENIAN.Net - Քանի որ ներկայիս իշխանության քաղաքական գործիչների և գործող ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունների վրա ազդում են այս կամ այն բոլորիս հայտնի գործոնները, ապա այս պահին գոյություն ունեցող իրադրությունը ավելի լավ է ներկայացնել, վերլուծելով հայկական քաղաքական դաշտի անցյալի կարևորագույն դեմքերից մեկի հայտարարություններն ու մտքերը, ով բանակցային սեղանին այսօր դրված բազմաթիվ փաստաթղթերի ձևավորման ակունքներում է կանգնած եղել: Խոսելով ղարաբաղյան գործընթացի մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում` Վարդան Օսկանյանը առաջին հերթին նշեց, որ ղարաբաղյան կարգավորման ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել նման իրավիճակ, երբ բոլորը հայտարարեն, թե ամեն բան պատրաստ է կարգավորման հիմնական սկզբունքների նախագիծը ստորագրելու համար:

Կազանում հանդիպման մասին խոսակցությունները ավելի շատ նմանվում են սուրճի բաժակով գուշակությունների. ոմանք ասում են, որ նախագահները կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, մյուսները, որ չեն ստորագրի, երրորդները պնդում են, որ Կազանում կամ կստորագրեն փաստաթուղթ, կամ չեն ստորագրի: Ամեն դեպքում, ադրբեջանական իշխանությունները իրենց փորձագետների և ԶԼՄ-ների միջոցով արդեն պատրաստում են ադրբեջանական հասարակությունը հնարավոր կտրուկ զարգացումներին ղարաբաղյան գործընթացում, այդ թվում` ինչ-որ փաստաթղթի ստորագրման: Բացառված չէ, որ հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Բաքվում շատ հանկարծակի «խիզախեցին» և «ամեն օր Արցախում պատերազմ սկսելու» մասին արդեն ծեծված հայտարարություններից բացի, սկսեցին արդեն սպառնալ անմիջապես Հայաստանին. նրանք սպառնում են Երևանին «ահավոր հետևանքներով», «պետականության կորստով» և «Հայաստանի կորստով»:

Իր հերթին Վարդան Օսկանյանը գտնում է, որ Հայաստանի նախագահը մինչեւ Կազան գնալը ինչ-որ մի բան անպայման հայ ժողովրդին պետք է ասի: Այստեղ հարկ ենք համարում մատնանշել, որ ղարբաղյան կարգավորման շուրջ, բանակցությունների մասնակիցները, այդ թվում նախարար եղած ժամանակ ինքը` Վարդան Օսկանյանը, որոշ սկզբունքների և կետերի վերաբերյալ միշտ լռել են: Միևնույն ժամանակ, բացառաված չէ, որ Օսկանյանի կոչը պայմանավորված է ժամանակների և իրավիճակի փոփոխությունով:

Անցյալի ու ներկայի միջև զուգահեռների անցկացումը այնքան էլ ճիշտ չէ առանց համաշխարհային մասշտաբի գործոնները հաշվի առնելու, որոնք ամենաուղիղ ձևով ազդում են ներքին սոցիալական, տնտեսական և, ինչու չէ, քաղաքական իրավիճակի վրա: Նման համեմատությունը Հայաստանում բարդանում է նաև ժամանակաշրջանների տարբերությունից ելնելով. պատերազմը Ղարաբաղում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, հետպատերազմյա սրընթաց զարգացումը Ռոբերտ Քոչարյանի օրոք և Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող համաշխարհային բարդ քաղաքական և տնտեսական զարգացումները այսօր:

Այնուամենայնիվ, Օսկանյանը զուգահեռ է անցկանում տարբեր շրջանների միջև և գտնում է, որ Հայաստանի դիրքերը ղարաբաղյան գործընթացում վերջին չորս տարիներին բավական թուլացել են. որովհետեւ « վատ է կառավարվում երկիրը, մենք ծանր վիճակում ենք, որովհետեւ սխալ քաղաքականություն է վարվում, որովհետեւ դեռեւս չենք կարողանում արմատական, հիմնարար փոփոխություններ կատարել մեր երկրում, որովհետեւ ժողովրդավար պետություն չենք, որովհետեւ կա քաղաքական մոնոպոլիա` ա'յ դրանք են մեր խնդիրները, դրանք պետք է լուծել»:

Երկրի ներքին վիճակը խառնել արտաքին քաղաքական իրադարձությունների հետ նման կարևոր հանդիպումից առաջ, բավական տարօրինակ քայլ է նման փորձառու քաղաքական գործչի կողմից, ինչպիսին Վարդան Օսկանյանն է: Հնարավոր է, որ նրա հայտարարությունը պայմանավորված է որոշ քաղաքական ամբիցիաներով, համենայն դեպս, ադրբեջանական ԶԼՄ-ներին այդ հայտարարությունը շատ է «ուրախացրել»:

Վերադառնալով Ղաբաղի հարցին… Կազանում փաստաթղթի հանարավոր ստորագրման մասին խոսակցությունները ակտիվացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների Դովիլում արված հայտարարությունից հետո մայիսի 26-ին: ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

Ավելին, Ղարաբաղի հարցում դիրքերի մերձեցման մասին բավական հաճախակի են խոսում Մոսկավում, որը շատ մեծ սպասելիքներ ունի այս հանդիպումից: Մասնավորապես Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքերի նախագծի վերաբերյալ որոշում կընդունվի: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջիկա գագաթաժողովում ենթադրվում է դիտարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված հիմնարար սկզբունքների մասին ամբողջական նախագիծը: Իսկ Վարդան Օսկանյան հատուկ նշում է, որ նրան չեն զարմացնի որևէ զարգացումներ, որևէ անակնկալներ ղարաբաղյան գործընթացում:

Անակնկալները հնարավոր են: Օրինակ, այդ առեղծվածային «դիրքերի մերձեցման» մասին հայտարարվել է նաև Մոսկվայում հունիսի 11-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների աշխատանքային հանդիպումից հետո, «որի ընթացքում հնարավոր եղավ մերձեցնել դիրքերը ղարաբաղյան կարգավորման Հիմնական սկզբունքներում առկա մի շարք կարևոր հարցերով: Այդ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հերթական երեքկողմանի գագաթաժողովին հունիսի վերջում»:

Անակնկալներ հնարավոր են կողմնակի դիտորդների համար, սակայն ոչ Վարդան Օսկանյանի, ով անմիջականորեն աշխատել է Հիմանական կամ Մադրիդյան սկզբունքների հետ, որոնք ներկայացվել են Երևանին ու Բաքվին 2007 թվականին, Վարդան Օսկանյանի նախարարության օրորք: Անգամ որոշակի փոփոխություններից հետո այդ սկզբունքները ըստ էության չեն կարող արմատապես փոփոխված լինեն. Հիմնական սկզբունքներն այդպես էլ մնացել են հիմնական:

Ամփոփելով վերը ասվածը` կարելի է նկատել, որ տարիներ ձգվող լռության կամ դեկլարատիվ հայտարարությունների ֆոնի վրա, Վարդան Օսկանյանի այս խոսքերը դարձան միակ լուրջ կարծիքը ղարաբաղյան կարգավորման գործընթացում այսօրվա իրադրության մասին: Կարծիքը հնչում է իբրև զգուշացում, որ Կազանում Հայաստանը կարող է կորցնել ավելին, քան ձեռք բերել: Հուսանք, որ նրա այս ելույթը պայմանավորված է զուտ քաղաքական ամբիցիաներով: Համենայն դեպս, ամեն բան պարզ կդառնա հունիսի 25-ից հետո:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---