![]() Միքայել Քոլոյան.Կարծես ժամանակի ընթացքում խռիկներ են աճել, ու առանց ջրի չեմ կարողանում28 հունիսի 2012 PanARMENIAN.Net - Միքայել Քոլոյանը երկար տարիներ է ներկայացնում է Հայաստանը միջազգային մրցաշարերում: Եվ չնայած նա չի վարձատրվում, շարունակում է հավատարիմ մնալ իր գործին ու սկզբունքներին: PanARMENIAN.Net-ին լողորդը պատմել է, թե որ մարզիկների հետ է ծանոթացել պեկինյան խաղերի ժամանակ, ինչպես է նրան հաջողվում համատեղել մարզումներն ու աշխատանքը, թե ինչու է հավանում Ալեքսանդր Պոպովի ոճն ու ում է համարում 100 մ ազատ ոճում հաղթելու հիմնական ֆավորիտ: Սպասո՞ւմ էիր, որ լողի միջազգային ֆեդերացիայից կստանաս wild card ու կմեկնես Լոնդոն: Պեկինի Օլիմպիական խաղերում շատ լավ արդյունք եմ գրանցել, լավ էի պատրաստվել ու բարելավեցի Հայաստանի ռեկորդը, որը դեռ ԽՍՀՄ տարիներին էր սահմանվել: Պեկինում էլ wild card-ով էի մասնակցել, և այս անգամ էլ լողի միջազգային ֆեդերացիան ինձ հնարավորություն տվեց մասնակցել Օլիմպիական խաղերին: 2011 թվականին Շանհայում կայացած աշխարհի առաջնությանը լավ արդյունք էի ցույց տվել ու այն հիմք ընդունելով` ինձ wild card շնորհվեց, ինչի համար շատ ուրախ եմ: Այդ ընթացքում, երբ սպասում էիր պատասխանի, ի՞նչ մրցաշարերի ես մասնակցել և ի՞նչ մարզումներ ես անցկացրել: 2011 թվականին Մոսկվայում աշխարհի գավաթին եմ մասնակցել, դրանից հետո Հայաստանի առաջնությանն եմ ելույթ ունեցել և շատ լրջորեն պատրաստվել եմ խաղերին` դեռ չիմանալով հնարավորություն կունենամ մեկնել, թե ոչ: Լոնդոնում դու հանդես ես գալու 100 մետր ազատ ոճում: Այս մրցատարածությունում ե՞րբ ես ցույց տվել քո լավագույն արդյունքը: Լավագույն արդյունքը Պեկինի Օլիմպիական խաղերում է եղել`51.89 վրկ: Ճիշտ է, դու ազատ ոճում ես մասնակցելու, բայց ո՞ր ձևում ես հատկապես ուժեղ: Իմ հիմնական ձևը ազատ ոճն է, նաև ուժեղ եմ բատերֆլյայից և համալիր լողից: Բայց իմ սիրած ձևը կրոլն է, այն թագավորական ձև է համարվում: Օլիմպիական խաղերում մասնակցությունն ի՞նչ տվեց քեզ: Այն օրից սկսած, երբ սկսել եմ լողով մարզվել, միշտ երազել եմ մասնակցել Օլիմպիական խաղերի: 2000 թվականին ես հավակնում էի մեկնել Սիդնեյի Օլիմպիադա, այնտեղ ընկերս գնաց, 2004-ին կրկին թեկնածու էի, որ մեկնեմ Աթենք, բայց այդ ժամանակ համալսարանն ավարտել էի ու ինձ բանակ տարան, և վերջապես 2008-ին երազանքս կատարվեց, շատ ուրախ էի այդ ժամանակ: Բոլոր մարզիկների համար էլ մեծ հաջողություն է Օլիմպիական խաղերին մասնակցելը: Դու քո լավագույն արդյունքը Օլիմպիադայում ես ցույց տվել և կարո՞ղ ես ասել, թե ի՞նչ է պետք նման խոշոր մրցումներում լավագույն որակները ցույց տալու համար: Բոլոր մարզիկներն էլ օլիմպիական ցիկլով են պարապում: Ես էլ այդպես եմ պատրաստվել: Լոնդոնի խաղերից առաջ էլ շատ լավ եմ պատրաստվել ու ցանկանում եմ կրկին իմ լավագույն արդյունքը ցույց տալ: Պետք է շատ աշխատել ու միշտ ձգտել քո նպատակին: Ըստ քեզ, ո՞վ է 100 մետր մրցատարածությունում մեդալ նվաճելու հիմնական ֆավորիտը: Ես կարծում եմ ավստրալացի 21-ամյա Ջեյմս Մագնուսենն է, նա մի քանի ամիս առաջ Ավստրալիայի բաց առաջնությունում այս մրցաշրջանի լավագույն արդյունքն է ցույց տվել, ինչը խոսում է այն մասին, որ այդ մարզիկը շատ լավ պատրաստ է և Լոնդոնում պայքարելու է հաղթանակի համար: Էլի շատ լավ լողորդներ կան, որոնց ցույց տված արդյունքները շատ մոտ են իրար, և ով այդ պահին ավելի լավ պատրաստ կլինի, նա էլ կհաղթի: Հայաստանում լող մարզաձևն այդքան էլ զարգացած չէ, ո՞րն է դրա հիմնական պատճառը: Առաջին խնդիրը մարզադպրոցների բացակայությունն է Հայաստանում: Հիմա ծնողները իրենց գրպանից պետք է վճարեն, որ իրենց երեխան հաճախի լողի: Չնայած դրան` լողով զբաղվողների թիվը զգալիորեն մեծացել է, և հուսամ, որ ավելի շատ լավ լողորդներ կլինեն: Դու չես վարձատրվում, ի՞նչն է օգնում, որ մնաս այս մարզաձևում: Այո, ես երբեք չեմ վարձատրվել, պարզապես շատ եմ սիրում լողը: Այնպիսի տպավորություն է, որ այսքան տարիների ընթացքում խռիկներ են աճել ու առանց ջրի չեմ կարողանում: Եթե մի քանի օր չեմ լողում, թվում է` խռիկները չորացել են: Ջուրը անընդհատ ձգում է ինձ: Պատմիր նաև, թե ինչպե՞ս ես սկսել մարզվել լողով: Լողով սկսել եմ զբաղվել 6 տարեկանից, սակայն «մութ ու ցուրտ» տարիներին ստիպված եմ եղել թողնել մարզումները: 1995 թվականից զբաղվել եմ ջրագնդակով և ավելի պրոֆեսիոնալ մակարդակով լողի մարզումները շարունակել եմ 1998 թվականից: Միքայել, որո՞նք են ժամանակակից լողի առանձնահատկությունները և ի՞նչ որակներ են պետք լավ արդյունքներ ցույց տալու համար: Լավ արդյունքներ ցույց տալու համար լավ պայմաններ են պետք, առաջին հերթին` օլիմպիական չափանիշներին համապատասխան լողավազան: Հայաստանում այդպիսի լողավազաններ շատ քիչ կան: Մեզ մոտ երկու լողավազան կա 50 մետրանոց, մեկը Ծաղկաձորի լողավազանն է, մյուսը Gold’s Gym-ինը, որը սեփականաշնորհվել է և միշտ չէ, որ կարողանում ենք այնտեղ մարզվել: Լուրջ մրցաշարերի ժամանակ մենք դիմում ենք լողավազանի ղեկավարությանը և մեզ թույլատրում են մարզվել: Բայց միայն երկարատև մարզումների արդյունքում է հնարավոր լավ արդյունքներ գրանցել: Բացի այդ, շատ մարզասարքեր են պետք, որը մենք չունենք: Շատ տաղանդավոր մարզիկներ կան Հայաստանում, ու լավ պայմանների դեպքում նաև արդյունքներ կլինեն: Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ դու հավանաբար շատ հայտնի մարզիկների ես տեսել, ո՞ւմ հետ հանդիպումն է քեզ հատկապես տպավորել: Պեկինի խաղերի բացման ժամանակ ծանոթացա բասկետբոլիստներ Քոբի Բրայանտի, Կառլոս Բուզերի, Անդրեյ Կիրիլենկոյի հետ: Ես նրանց հեռուստացույցով էի տեսել, ու, երբ բացման ժամանակ նման հնարավորություն եղավ, չէի կարող չմոտենալ, չծանոթանալ ու չլուսանկարվել նրանց հետ: Հետաքրքիր է իմանալ լողորդների սննդակարգը, կան մթերքներ, որո՞նք արգելված են: Լողորդները այլ մարզիկների պես քաշի խնդիր չունեն: Լողորդը պետք է լավ սնվի, պարտադիր միս ուտի: Լավ սնվելու դեպքում է միայն հնարավոր ծանր մարզումներից հետո վերականգնվել: Լողից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունես և ինչո՞վ ես սիրում զբաղվել: Արդեն մեկ տարուց ավելի է աշխատում եմ «Grand Sport»-ում, սա իմ առաջին ու լուրջ աշխատանքն է: Աշխատել եմ նաև «Gold’s Gym»-ում և «Orange fitness»-ում: Շատ դժվար է աշխատանքն ու մարզումները համատեղելը, բայց դիմանում եմ: «Grand Sport»-ում մարզիչ եմ ու կցանկանամ լավ կադրեր պատրաստել ու զարգացնել այս մարզաձևը: Տարեկան մոտ որքա՞ն մրցաշարերի ես մասնակցում և արդյո՞ք բավարար են դրանք լավ մարզավիճակը պահելու համար: Լավագույն դեպքում 2 անգամ եմ կարողանում մասնակցել: Դա շատ քիչ է, որքան շատ ստարտ ունենաս, այնքան արդյունքդ կլավանա ու փորձ ձեռք կբերես: Մի քիչ տարօրինակ է հարցս, բայց շատ եմ ցանկանում իմանալ, թե լողալու ժամանակ ի՞նչ է տեղի ունենում մարզիկի գլխում: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում: Ուղղակի, եթե նպատակ ես դրել քո առջև` հիշելով այն, միշտ ձգնում ես առաջ: Ես, եթե որևէ դժվարություն եմ ունենում, ինձ միշտ ասում եմ` ոչ մի ցավ, ոչ մի հոգնածություն ու շարժվում եմ առաջ: Ո՞վ է ըստ քեզ ամենաֆենոմենալ լողորդը, ու նրա ո՞ր որակներն են քեզ դուր գալիս: Ինձ համար իդեալական լողորդը Ալեքսանդր Պոպովն է: Նա հիանալի տեխնիկա է ունեցել, որը ոչ մեկին չի հաջողվել ունենալ: Էլի շատ լավ լողորդներ կան, օրինակ Մայքլ Ֆելբսը, նա միակն է, ում հաջողվել է Օլիմպիական խաղերում 8 ոսկե մեդալ նվաճել: Ես միշտ ուղղորդվել եմ Պոպովին նայելով: Նրա հետ էլ ծանոթ եմ ու միշտ ձգտել եմ նմանվել նրան: Իմ սենյակում Պոպովի նկարն է կախած (ծիծաղում է):Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |