Առաջնությունների ժամանակ հաղթանակի ցանկությունն է ինձ հաղթում

Մելինե Դալուզյան.

Առաջնությունների ժամանակ հաղթանակի ցանկությունն է ինձ հաղթում

PanARMENIAN.Net - Հայաստանի ամենահայտնի ծանրորդուհիներից է Մելինե Դալուզյանը, որը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ նվաճել է բազմաթիվ մեդալներ: PanARMENIAN.Net-ն այս անգամ զրուցել է Մելինեի հետ, ով խոսել է ծանրամարտի դժվարությունների, իր կամային հատկությունների ու Հայաստանի Օլիմպիական հավաքականի ներուժի մասին:
Մելինե՛, նախ արի խոսենք Պեկինի Օլիմպիական խաղերից: Դու լավ մարզավիճակում էիր գտնվում և պատրաստվում էիր մեկնել Պեկին, սակայն խանգարեց առողջական վիճակդ: Ի՞նչ էիր զգում այդ պահին:
Բնականաբար, շատ վհատվեցի, քանի որ այդ ժամանակ ես շատ լավ մարզավիճակում էի: Իմ արդյունքներով ես գերազանցում էի չեմպիոնին, բայց հիվանդացա ու չմեկնեցի: Բայց ես որոշեցի չընկճվել, հավաքվել, նորից Օլիմպիական խաղեր կան ու պետք էր պատրաստվել դրանց:

Ինչպե՞ս կարողացար այդ դժվար իրավիճակից դուրս գալ:
8 ամիս ես շատ թույլ էի, 3 ամիս ընդհանրապես չէի կարողանում քայլել, դրանից հետո նորից սկսեցի քայլել սովորել, ապա սկսեցի վազել, մի խոսքով, շատ դժվարություններից հետո նորից սկսեցի մարզվել: Ինձ օգնում էր առաջին հերթին հաղթանակի ձգտելու ուժը, ես մտածում էի, որ կարող եմ հաղթել ու դա ինձ կրկնակի ուժ էր տալիս, որպեսզի կանգնեմ ու նորից սկսեմ մարզվել:

Լավ, այդ ամենն արդեն անցյալում է, ու դու նախապատրաստվում ես արդեն Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս են անցնում մարզումներդ ու ի՞նչ նպատակ դրած ես մարզվում:
Գրեթե մեծ մասը վերջացել են, հիմա մնում է կիլոգրամները կամ պահպանել, կամ մի փոքր ավելացնել: Երբ հարթակ դուրս գամ, ամեն ինչ պարզ կլինի:

Ի՞նչ են Օլիմպիական խաղերը քեզ համար:
Իմ ամենամեծ երազանքն է Օլիմպիական խաղերին մասնակցել: 2008թ-ին Պեկին չհաջողվեց մեկնել, սա ինձ համար հոգեկան տրավմա էր: Հիմա ես կարծես թե հասնում եմ իմ երազանքին, կարող եմ ասել որ սա կրկնակի երազանք է:

Մելինե, դու ճանաչում ես քո մրցակիցներին: Ինչպե՞ս ես գնահատում նրանց շանսերը, ու ինչպիսի՞ մրցակցություն է ծավալվելու:
Օլիմպիական խաղերում 7 հոգանոց թիմերի փոխարեն հանդես են գալիս 4 հոգանոց թիմեր: Հիմա ես դեռ չեմ կարող խոսել իմ մրցակիցների մասին, որովհետև չգիտեմ թե օրինակ ռուսների 7 ուժեղագույն մարզիկներից ով կգա Օլիմպիադա:

Արի մի պահ հետ գնանք ու հիշենք այն օրը, երբ որոշեցիր զբաղվել ծանրամարտով:
10 տարի անցել է, չնայած այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասաց, որ պետք է գնամ ծանրամարտի դահլիճ: Ես մտածում էի, թե տեսնես այդ ինչ սպորտաձև է, որոշեցի գնալ ու տեսնել: Գնացի ու միանգամից զգացի, որ դա իմն է, սիրահարվեցի այդ սպորիտին:

Ինչո՞վ է գրավում ծանրամարտը քեզ:
Կողքից շատ հեշտ է թվում, բայց ծանրամարտը շատ կենտրոնացվածություն ու մտածելու կարողություն է պահանջում, քանի որ ծանրաձողը միլիմետրերի տարբերությամբ ենք բարձրացնում: Երբ որ մի քիչ շեղվում է, արդեն չի ստացվում: Մենք ամբողջությամբ գծում ենք ծանրաձողի ուղղությունը:

Մարզումային առաջին օրն ինչպիսի՞ն էր:
Մտածեցի, որ մի ամիս երևի մարզվեմ ու էլ չեմ գնա: Բայց այդ մեկ ամսվա մեջ ես սկսեցի հաջողություններ գրանցել ու որոշեցի լուրջ զբաղվել: Հենց առաջին մարզիչս Արտաշես Ներսիսյանն է եղել, որի հետ աշխատում եմ մինչ օրս:

Դժվար մարզաձև չէ՞ քեզ համար:
Ինձ համար այդքան էլ դժվար չէ, բայց բոլոր մարզաձևերն էլ պահանջում են քրտնաջան աշխատանք, նվիրվածություն, ինչ-որ տեղ կտրվել ընկերներից, դրսի միջավայրից: Սպորտի ամբողջ դժվարությունը դրանում է կայանում, երբ որ դու հավաքվում ես, կտրվում ես ու քեզ նվիրում ես սպորտին:

Ծանրորդ լինելու համար նաև հզոր հոգեբանական պատրաստվածություն ու կամք է պետք: Ինչպե՞ս ես քեզ կարողանում հաղթահարել:
Հաղթանակի ցանկությունն է ինձ հաղթում:

Գաղտնիք չէ, որ դու Հայաստանի ամենաճանաչված մարզիկներից ես և նվաճել ես բազմաթիվ մեդալներ: Բայց քեզ համար ո՞ր առաջնությունն ու ո՞ր մեդալն են եղել ամենահիշարժանը:
Ստրասբուրգի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն է ինձ համար առանձնահատուկ, որովհետև այդ ժամանակ 17 տարեկան էի ու մեծահասակների մեջ մեդալ նվաճելն ինձ համար մեծ բան էր: Այնտեղ 8 ռեկորդ գրանցեցի, որոնք մինչև այսօր չեն գերազանցվել:

Առաջնության ժամանակ ո՞վ է որոշում, թե քանի կիլոգրամին ես մոտենալու:
Խորհրդակցում ենք, ու ըստ այդմ որոշում ենք: Նայում ենք նաև մրցակցիների ցույց տված արդյունքներին:

Ինչպե՞ս ես համաձայնեցնում այդ հարցերը գլխավոր մարզչի հետ:
Եթե մարզիչն է ասում, պետք է լսես նրան ու կատարես նրա ասածը:

Ինչպիսի՞ն են մարզչիդ հետ փոխհարաբերությունները:
Մենք 10 տարի աշխատում ենք իրար հետ, ու շատ լավ են մեր հարաբերությունները: Հեշտ է աշխատել իրար հետ: Լինում է, որ մարզումների ժամանակ չհասկացվածություն է լինում կամ փոքրիկ տարաձայնություն:

Մրցման ժամանակ բոլոր մարզուհիները հետնաբեմում միասին են լինում: Այդ ժամանա՞կ է սկսվում մրցավեճը և այդ պահին արդեն զգում ե՞ք ով է ավելի լավ պատրաստ և ով` ոչ:
Բնականաբար, կուլիսներում զգում ես այդ լարվածությունը, բայց հարթակ դուրս գալուց հետո ավելի պարզ է դառնում: Ծանրաձողն է իմ մրցակիցը, սա մի մարզաձև է, որտեղ դու ինքդ քեզ ես հաղթում:

Խոսենք նաև պատասխանատվության մասին: Դու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մեդալակիր մարզուհի ես: Սա նաև չի՞ պարտավորեցնում ավելի լավ մասնակցության:
Ամեն դեպքում, ես առաջինը ինձ եմ հաշվետվություն տալիս: Ես փորձում եմ իմ քրտինքը իզուր չթափել, հավաքվելով, ամեն ինչ նվիրաբերելով մեդալ նվաճել ու նվիրել ամբողջ ազգին:

Օլիմպիական խաղերի ժամանակ քո ելույթին անշուշտ շատերն են սպասում: Առաջ չընկնենք իրադարձություններից, բայց ինչպիսի՞ն կլինի Օլիմպիադան քեզ համար:
Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հեռու լինենք վնասվածքներից ու հիվանդություններից, ամեն ինչ լավ կլինի: Բայց Աստծո կամքն է, առաջ չընկնենք, այնտեղ ամեն ինչ պարզ կդառնա:

Ի՞նչ կմաղթես բոլոր այն հայ մարզիկներին, որոնց հետ միասին այս տարի դու մեկ հավաքականի կազմում ելույթ ես ունենալու Օլիմպիական խաղերում:
Ամենաառաջինը, լավ մասնակցություն, որից կախված է հաղթանակը: Երբ որ դու լավ ես հանդես գալիս ու ինքդ քեզնից գոհ ես, ուրեմն հաստատ մեդալ էլ կլինի: Այսօրվա մեր Հայաստանի թիմի բոլոր մարզիկներն էլ ուժեղ են, եթե լավ հանդես գան մեդալներ կլինեն:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Մելինե Դալուզյան

Ծանրորդ Մելինե Դալուզյանը ծնվել է 1988 թվականի ապրիլի 20-ին Լենինականում (Գյումրի): Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր: 2005-ից միջազգային կարգի սպորտի վարպետ է:
Մելինեն ծանրամարտով զբաղվում է 2002 թվականից: 2005-ին Մելինեն Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ արդեն 2006-ին Սանտո-Դոմինգոյում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում մինչև 63 կգ քաշային կարգում գրավել է երրորդ հորիզոնականը: Արդեն 2010-ի Անթալիայի աշխարհի առաջնության ժամանակ 69 կգ քաշային կարգում կրկին նվաճել է բրոնզե մեդալ:
2007 և 2008 թվականներին Եվրոպայի առաջնությունում, որոնք կայացել են համապատասխանաբար Ստրասբուրգում և Լինյանոյում, երկու տարի անընդմեջ հռչակվել է հին աշխարհի չեմպիոն: 2010-ին` Մինսկում նվաճել է Եվրոպայի արծաթե մեդալ:
Այս Օլիմպիական խաղերը նրա համար լինելու են առաջինը: Մելինեն պետք է ելույթ ունենար նաև պեկինյան խաղերում, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել հրաժարվել: Լոնդոնում նա հանդես կգա մինչև 69 կգ քաշային կարգում:

---