![]() Հովհաննես Վարդերեսյան.Լևոն Ջուլֆալակյանն այնքան լավ է տրամադրում, որ գորգ ես դուրս գալիս միայն հաղթելու համար 9 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: Նա PanARMENIAN.Net-ին պատմել է, թե ինչպես է կարողացել ձեռք բերել ուղեգիր, երբ է առաջին անգամ մեդալ նվաճել, ինչ դեր ունեն իր կյանքում մարզիչները և հավաքականում որ մարզիկի հետ է ավելի մտերիմ: Հովհաննե'ս, դու հայտնություն դարձար` վարկանշային մրցաշարում նվաճելով Օլիմիական ուղեգիր: Ո՞րն էր քո հաջողության գաղտնիքը և սպասո՞ւմ էիր նման արդյունքի: Ես շատ լավ ու տքնաջան մազումներ էի անցկացրել: Տրամադրվել էի, որ անպայման պետք է հաղթեմ ու վստահ էի իմ ուժերի վրա: Զգում էի, որ հաջողությունն իմ կողմից է լինելու ու հաղթող եմ դուրս գալու: Կարող եմ ասել, որ իմ հաջողության գաղտնիքը նաև հոգեբանական լավ պատրաստվածության մեջ էր: Հավաքականի մարզիչները քեզ վերջին վարկանշային մրցաշարին էին հայտավորել : Չկա՞ր մտավախություն կամ անհանգստություն, որ առաջին երկու մրցաշարերում ուրիշ մարզիկներ արդեն կնվաճեն այդ ուղեգիրն, ու դու այլևս չես կարողանա պայքարել Օլիմպիադա մեկնելու համար: Ճիշտն ասած, չէի մտածում այդ մասին: Չգիտեմ ինչու, բայց ես համոզված էի, որ մեր քաշային կարգում հենց ես եմ մեկնելու Լոնդոն:
Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելն արդեն իսկ մեծ բան է: Բայց դու ինչպիսի՞ տրամադրվածությամբ ես մեկնելու Լոնդոն: Մինչ խաղերի մեկնարկը դեռ ժամանակ կա, ես մարզվում եմ ու շատ լուրջ եմ պատրաստվում: Բայց ասեմ, որ միայն հաղթելու նպատակով եմ գնում Լոնդոն: Պետք է անեմ ամեն ինչ, որ մեդալով վերադառնամ Հայաստան: Օլիմպիադայի բոլոր մրցակիցներդ արդեն հայտնի են: Ուսումնասիրո՞ւմ ես նրանց ու ի՞նչ մարտավարությամբ ես գոտեմարտելու նրանց դեմ: Այն փաստը, որ նրանք Օլիմպիադայի ուղեգիր են նվաճել, շատ բան է ասում: 21 մրցակիցներից բոլորն էլ ուժեղ են, Օլիմպիադայում չկա թույլ մարզիկ: Նրանցից շատերին հանդիպել եմ տարբեր մրցաշարերի ժամանակ, որոնցից առավել լավ պատրաստված են վրացի և իրանցի ըմբիշները: Հունահռոմեական ըմբշամարտում քո ամենասիրած հնարքը ո՞րն է: Ձեռնաձգումով հետևն անցում, ինչպես նաև մի ձեռքը բռնած գցում կողքի վրայից: Եթե հնարավորություն ունենաս ի՞նչ կփոխես քո մարզաձևում: Երևի ոչինչ: Ինձ դուր են գալիս այսօրվա կանոնները: Կհիշե՞ս այն օրը, երբ առաջին անգամ գնացիր ըմբշամարտի դպրոց ու սկսեցիր մարզվել: Իհարկե: 7 տարեկան էի, երբ հայրիկս ինձ բերեց «Դինամո» մարզական ընկերություն: Առաջին մարզիչս Հարություն Խաչատրյանն է եղել: Հայրիկս էլ է մարզվել ըմբշամարտով, բացի այդ, մեր համագյուղացի Բենուր Փաշայանն էլ է ըմբիշ եղել: Ըմբիշ լինելն ինձ փոխանցվել է գեներով, ու ինչ-որ տեղ նաև ոգևորվել եմ Փաշայանի հաջողություններվ: Արդեն 16 տարի է մարզվում եմ: Մեր հավաքականում շատ տիտղոսակիր ու հայտնի մարզիկներ կան: Ո՞ւմ հետ ես մտերիմ: Ես բոլոր տղաների հետ էլ մտերիմ եմ: Մեր հավաքականում իսկապես շատ ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում: Բայց երևի կառանձնացնեմ Ռոման Ամոյանին, որի հետ միասին մարզվում ենք նաև «Դինամոյում»: Եթե ոչ ըմբշամարտ, ապա ի՞նչ մարզաձևով կպարապեիր: Երևի բռնցքամարտ, որով փոքր ժամանակ զբաղվել եմ: Բայց ըմբշամարտն ավելի հարազատ է ինձ: Վերադառնանք Օլիմպիադային: Այն քեզ համար առաջինն է լինելու: Ինչպիսի՞ն են քո զգացողությունները: Ես միայն մտածում եմ, որ պետք է գնամ ու մասնակցեմ որքան հնարավոր է լավ: Հանգիստ եմ շատ ու ինչ-որ տեղ կարծես միջազգային մրցաշարի լինեմ մեկնելիս: Չես կարող ասել ինչ կլինի, որովհետև սպորտում ոչինչ կանխատեսելի չէ: Ուղղակի շատ հանգիստ եմ: Իսկ փոքր ժամանակ չես երազե՞լ հանդես գալ Օլիմպիական խաղերում: Գիտեք, որ փոքր էի, երազում էի աշխարհի չեմպիոն դառնալու մասին: Իմ համոզմամբ, դա ամենաբարդ ու ամենապատվաբեր տիտղոսն էր: Որ մեծացա ու ավելի փորձառու դարձա` հասկացա, որ ամենավերևում կանգնած են Օլիմպիական խաղերը: Խոսենք նաև մարզիչներից: Ի՞նչ տեղ են գրավում նրանք քո կյանքում: Իմ բոլոր մարզիչներն ինձ համար երկրորդ ծնողներ են: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Իհարկե, ես իմ ծնողներից էլ եմ շատ բան սովորել, բայց շաբաթը 5 օր ես մարզիչներիս հետ եմ, ու նրանք իմ դաստիարակության հարցում մեծ դեր ունեն: Ձեր գլխավոր մարզիչն Օլիմպիական չեմպիոն է: Ի՞նչ փոխհարաբերություններ ունես նրա հետ ու ի՞նչ ես սովորել ու սովորում Լևոն Ջուլֆալակյանից: Ընկեր Ջուլֆալակյանը շատ ուժեղ մարդ է: Նա մրցման ժամանակ այնքան լավ է տրամադրում, որ դու քեզ շատ ուժեղ ես զգում: Նրա հետ խոսելը շատ օգուտ է տալիս մեզ ու գորգ բարձրանալիս դա շատ-շատ է օգնում: Նա բոլորիս էլ լավ է ճանաչում և ամեն մեկիս անհատական մոտեցում է ցուցաբերում: Այս վարկանշային մրցաշարի ժամանակ Ջուլֆալակյանն ինձ շատ է օգնել ու ոգևորել, որ կարողանամ ուղեգիր նվաճել: Դա նաև պարտավորեցնո՞ւմ է: Իհարկե, որ մարզիչդ այդքան վստահում ու հավատում է քեզ, դու էլ անպայման ուզում ես հաղթել ոչ միայն քեզ, այլև նրա համար: Մարզիչդ տարիներով աշխատում է քեզ հետ, ու մի քանի րոպեում դու պետք է քո աշխատանքով ապացուցես շատ բաներ: Ամենաանմոռանալի հաղթանակդ ո՞րն է եղել: Երևի, երբ առաջին անգամ մեդալ նվաճեցի: Նույնիսկ օրն եմ հիշում, 2006 թվականի ապրիլի 2-ն էր ու ես Հայաստանի պատանիների առաջնությունում հաղթող դարձա: Այդ օրը ես շատ-շատ ուրախ էի: Ոչ թե գուշակենք, այլ արի ռեալ գնահատենք, ըստ քեզ այսօրվա դրությամբ Հայաստանի Օլիմպիական հավաքականն ի՞նչ վիճակում է գտնվում և ի՞նչ սպասելիքներ կարող են ունենալ երկրպագուները: Ինձ թվում է այս Օլիմպիադան ավելի լավ է դասավորվելու մեր թիմի համար, քան 2008-ին էր: Կարծում եմ, մեդալների թիվն ավելի շատ կլինի: Հարցազրույցը սկսեցինք նրանով, որ դու հայտնություն դարձար: Հնարավո՞ր է, որ Օլիմպիական խաղերում ևս հաճելիորեն զարմացնես և ուրախացնես բոլորիս: Խոստումներ տալ չեմ սիրում: Ուղղակի պետք է պայքարեմ ու ամեն ինչ անեմ, որ պատվով ներկայացնեմ մեր երկիրը:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News ![]() ![]() Հովհաննես Վարդերեսյան 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը ծնվել է 1989 թվականի փետրվարի 12-ին Երևանում: Կարիերան սկսել է Երևանի «Դինամո» մարզադպրոցում, որտեղ մարզվում է մինչև այսօր: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |