Արտաշես Ներսիսյան.Մարզիչը բացի սպորտսմենից, նաև շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ է դաստիարակում11 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Հայաստանում մի քանի տարի առաջ ընդհանրապես գոյություն չուներ կանանց ծանրամարտ: Սակայն այսօր մեր մարզուհիները տարբեր միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալներով և աշխարհում համարվում են ուժեղագույններից: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ներկայացրել է, թե ինչպես է համագործակցում իր սաների հետ, ինչպիսի որակներ է նրանց փոխանցում և ինչպես պետք է մարզիկը մոտենա Օլիմպիական խաղերին: Պարոն Ներսիսյա՛ն, Հայաստանի կանանց հավաքականը 2008 թվականի Օլիմպիական խաղեր մեկնեց մեկ մասնակցով: Այս տարի նրանք երկուսն են: Ըստ ձեզ, ինչի՞ շնորհիվ է այս առաջընթացը: Վարկանշային երկու մրցումների լավ մասնակցության հաշվին: Մեքն կարող էինք նաև չորսն ունենալ, եթե Նազիկ Ավդալյանը ավտովթարի չենթարկվեր ու մասնակցեր առաջնություններին: Անթալիայի առաջնությանը լավ մասնակցեցինք, իսկ մյուս տարի Հռիփսիմեն ձեռքի վնասվածք ստացավ, Մելինեն զրո ստացավ: Էլենն ու Նաիրան միավորներ բերեցին, որոնք մեզ տվեցին այս երկու տեղերը: Չնայած կարող էր ավելին լինել, բայց գոհ եմ: Հիմա էլ ելույթ կունենան երկու մարզուհիներ, որոնցից Մելինե Դալուզյանը պետք է հանդես գար Պեկինում, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը արդեն իսկ Օլիմպիադայի մասնակից է: Որպես գլխավոր մարզիչ, որը լավ է ճանաչում աղջիկներին, կպատմե՞ք մի փոքր նրանց մասին: Պարտաճանաչ ու օրինակելի մարզիկներ են նրանք: Ուղղակի որոշ ժամանակ ընդհանուր էի ասում դիտողությունները, իսկ հիմա նրանք մեծացել են ու անհատական մոտեցում են պահանջում: Մեծ մարդիկ են, այն էլ կին, որոնք ավելի քմահաճ են:
Դա էի ուզում հարցնել: Ինչպե՞ս եք համագործակցում աղջիկների հետ: Չկա՞ն հոգեբանական կամ մտածելակերպի տարբերություններ: Արդեն սովորել ենք իրար, խրատներս հայրական են, ընկերկան: Ես հանուն սպորտի, շատ բաներ չեմ էլ նկատում: Երբ դեռ տարիքով փոքր են, դաստիարակում ես այնպես, որ մեծանան ու հեշտ լինի աշխատելը: Մենք բացի սպորտսմենից, նաև մարդ ենք դաստիարակում, որ շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ լինի:
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ դուք դարձաք հենց կանանց մարզիչ: 1980 թվականից մարզիչ եմ աշխատում, տղաների մարզիչ եմ եղել, աշխատել եմ ԽՍՀՄ հավաքականում: Հետո 1988-ի երկրաշարժը եղավ, որից տուժեց նաև իմ ընտանիքը: Փառք Աստծո, միայն մեր տունը քանդվեց, ու դրանից հետո ես թողեցի մարզումները ու սկսեցի զբաղվել միայն ընտանեկան գործերով: Հետո ես նորից մտա սպորտ, ու ինձ հետաքրքրեց կանանց ծանրամարտը, որոշեցի զարգացնել կանանց ծանրամարտը: Թիմ հավաքեցի, բայց շատերը չէին հավատում, որ հաջողության կհասնեմ: Ինձ օգնեց այն ժամանկվա սպորտի նախարար Իշխան Զաքարյանը և հավատաց: Հետո Հռիփսիմեն առաջին մեդալը բերեց Եվրոպայի առաջնությունից, ժողովուրը սկսեց սպասել ու հավատալ: Կապ չունի տղա է, թե աղջիկ, եթե սիրում է այդ մարզաձևը կփորձի իրեն ու հաջողության կհասնի:
Իսկ տղամարդկանց և կանանց մարզելու միջև կա՞ տարբերություն: Երբ սկսնակ են, կանոնները նույնն են: Բայց երբ հասունանում են, առանձնահատկությունները շատ են: Պետք է բացարձակ անկեղծություն լինի մարզչի և սաների միջև: Պետք է վստահեն քեզ, դրա համար էլ որպես ծնող եմ ես նրանց համար: Պարոն Ներսիսյա՛ն, ի՞նչ սկզբունքով եք դուք ընտրել հենց Մելինեին ու Հռիփսիմեին, որոնք պետք է ներկայանան Օլիմպիական խաղերում: Նրանք ուժեղ են, և պետք է մասնակցի ուժեղը: Մենք ունեինք երկու տեղ, և նրանք են այս պահին փորձառու և ուժեղ:Հայ երկրպագուները ճանաչում են հենց այդ երկու մարզուհուն, ինչպես նաև Նազիկ Ավդալյանին: Իսկ կա՞ն այլ աղջիկներ, ովքեր մոտ ապագայում կհամալրեն մեր հավաքականը: Այս տարի մեր հանրապետության առաջնությանը մասնակցեցին 30 մարզուհիներ, այն դեպքում, երբ 10 հոգի էր մասնակցում: Մեծացել է նաև աշխարհագրությունը, արդեն մարզուհիներ կան Արարատից, Գյումրիից և Վանաձորից: Կան տաղանդավոր աղջիկներ, բայց աշխատելու տեղ շատ կա: Կարծում եմ, մեկ տարի ընդմիջում կլինի, ու նորից մեծահասակների առաջնություններում կրկին կգրանցենք հաջողություններ: Առաջնության ժամանակ ո՞վ է որոշում մարզուհու բարձրացվելիք կիլոգրամը: Ինչպե՞ս եք համաձայնեցնում միմյանց հետ: Համաձայնեցնում ենք մարզիկի հետ, նայում ենք, թե ինչքան կարող է բարձրացնել, նայում ենք մրցակիցների ցույց տված արդյունքը: Բայց ի վերջո մարզիկն է որոշում, բայց երբ ես տեսնում եմ, որ կասկածելով է նա համաձայնվում այդ քաշին, չեմ թողնում մոտենա: Եվ վերջում, Օլիմպիական խաղերը պատասխանատվություն և միևնույն ժամանակ լարվածություն են առաջացնում մարզիկների մոտ: Ի՞նչ զրույցներ եք ունենում ձեր աղջիկների հետ և ինչպիսի՞ հոգեբանական պատրաստվածության եք նրանց բերում: Փորձում եմ ավելի ազատ ու հանգիստ մթնոլորտ ստեղծել: Պետք չէ լարվածություն ստեղծել, թե ինչ է Օլիմպիական խաղեր են: Չեղավ` չեղավ, մյուսում կլինի: Գիտենք, որ կարևոր է, բայց անընդհատ պետք չէ հիշեցնել ու լարել նրանց: Այսօրվա դրությամբ երկուսն էլ լավ վիճակում են: Առողջ ու անփորձանք անցնենք այս ընթացքը, հարթակին հասնենք, ու այն ինչի որ ընդունակ ենք` կվերցնենք: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |