Արթուր Դավթյան.Օլիմպիական խաղերում ինձ համար մեծ հաջողություն կլինի եզրափակիչ դուրս գալը13 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկախ Հայաստանի Հանրապետության երկրորդ մարմնամարզիկն է, ով կմասնակցի օլիմպիական խաղերին: Արթուրը PanARMENIAN.Net-ին պատմել է մարմնամարզության առանձնահատկության մասին, թե ինչու են ընտանիքով Ռուսաստանից վերադարձել Հայաստան, որ գործիքի վրա այդքան ուժեղ չէ և ինչ գիտի Լոնդոնի մասին: Դու Օլիմպիական ուղեգիր նվաճել ես հենց Լոնդոնում: Սա վերջին հնարավորությունդ էր Օլիմպիադային մասնակցելու, ի՞նչ արեցիր, այն ձեռքիցդ բաց չթողնելու համար: Մինչ այդ` Ճապոնիայում անցկացված 2011 թվականի աշխարհի առաջնությունում ևս ես փորձել էի նվաճել ուղեգիր: Սակայն այնտեղ ամեն ինչ չէ, որ ստացվեց ինձ մոտ: Այդ պատճառով էլ բոլոր ուժերս ներդրեցի Լոնդոնում լավ մասնակցելու համար: Իհարկե, ես նաև հավատում էի, որ կնվաճեմ Օլիմպիական ուղեգիր, դա ևս ինձ օգնեց: Ես 41 երկրների ներկայացուցիչների պայքարում 84,2 միավորով զբաղեցրել եմ 12-րդ տեղը և Լոնդոնում հանդես կգամ հենացատկում: Դու անկախ Հայաստանի երկրորդ մարմնամարզիկն ես, ով կմասնակցի Օլիմպիադային: Ի՞նչ է զգում մարզիկը, երբ արդեն գիտի, որ Օլիմպիական ուղեգիր ունի: Աննկարագրելի զգացողություններ են, անսահման ուրախ էի: Նաև հպարտ էի, որ 18-ամյա ընդմիջումից հետո Հայաստանը մարմնամարզությունում ներկայացուցիչ կունենա: Դա նաև մեծ պատասխանատվություն է, և պետք է կարողանամ հուսախաբ չանել հայ երկրպագուներին: Մարմնամարզությունը շատ բարդ մարզաձև է և չափազանց շատ աշխատասիրություն և համառություն է պահանջում: Որքա՞ն ես օրական սովորաբար անցկացնում մարզադահլիճում: Օրական մարզադահլիճում լինում եմ մոտավորապես 4 ժամ: Շատ կարևոր է նաև մարզումներից հետո օրը ճիշտ պլանավորել, որպեսզի կարողանաս արագ վերականգնվել և ուժերդ բաշխել: Փորձում եմ լավ հանգստանալ, քնել, որպեսզի հաջորդ օրը կրկին կարողանամ նույն ծանրաբեռնվածությամբ մարզվել: Իհարկե, միայն մարզումները չէ, որ լցնում են իմ օրը, փորձում եմ ժամանակ գտնել նաև ընկերներիս հետ հանդիպելու և այլ հետաքրքրություններով զբաղվելու համար:
Ինչպե՞ս է սկսվել քո երթը դեպի մեծ սպորտ: Փոքր ժամանակ շատ ճարպիկ ու ակտիվ երեխա էի, ու այդ պատճառով էլ ծնողներս որոշել էին տանել ինձ մարմնամարզության: Այդ ժամանակ ես 5 տարեկան էի, երկու տարի պարապելուց հետո ` ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան: Այնտեղ շարունակեցի մարզվել, Հայաստան վերադարձել ենք երեք տարի առաջ: Իսկ ռուսաստանյան մարզումային փուլը ի՞նչ տվեց քեզ: Այնտեղ ևս շարունակեցի ակտիվորեն մարզվել և կատարելագործվել, սակայն վատն այն էր, որ ես հավաքականում ընդգրկված չէի և միջազգային մրցաշարերի չէի կարող մասնակցել: Հիմնականում ռուսաստանյան մրցաշարերին էի ելույթ ունենում: Դրա համար էլ ընտանիքս որոշեց վերադառնալ, որ ես կարողանամ լիակատար շարունակել մարզումներս, ինչպես նաև եղբայրս պետք է անցներ ծառայության:
Ո՞ր գործիքների վրա ես քեզ հատկապես լավ զգում և ի՞նչն է, որ քեզ մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Ես ուժեղ եմ հենացատկում, իսկ պտտաձողի վրա այդքան էլ ինձ վստահ չեմ զգում: Առհասարակ կարող եմ ասել, որ պտտաձողը Հայաստանի հավաքականի շատ անդամների թույլ կողմն է: Հետաքրքիր է իմանալ, ուղեգիր նվաճելուց հետո քեզ ի՞նչ ասաց Օլիմպիական չեմպիոն և Օլիմպիադայում Հայաստանի դրոշակակիր Ալբերտ Ազարյանը: Նա շատ էր ուրախացել, առաջին հերթին շնորհավորական խոսքեր ասաց: Հատկապես նրա համար շատ կարևոր էր, որ վերջապես Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկ ելույթ կունենա: Ինձ համար շատ կարևոր է նրա հետ մեկնել այդ կարևոր ստուգատեսին: Լոնդոնում արդեն եղել ես, ի՞նչ տպավորություն է թողել քեզ վրա քաղաքը: Քաղաքին արդեն հասցրել եմ ինչ-որ չափով ծանոթանալ, շատ հետաքրքիր ու դիտարժան վայրեր կան Լոնդոնում և հավաքականի տղաներին էլ կարող եմ ցույց տալ քաղաքը: Ազատ ժամանակ լինելու դեպքում, կորոշեմ էլ ինչ եմ ցանկանում Լոնդոնում տեսնել:
Ինչպիսի՞ն է ըստ քեզ լինելու քո առաջին Օլիմպիադան: Ես դեռ երիտասարդ եմ ու շատ փորձառու և ուժեղ մարզիկների հետ եմ պայքարելու: Կաշխատեմ, որ եզրափակիչ դուրս գամ, ինձ համար դա էլ մեծ հաջողություն կլինի:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Արթուր Դավթյան Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Երևանում: | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |