Քրիստինե Հարությունյան.Կփորձեմ Լոնդոնում ցույց տալ իմ լավագույն արդյունքը14 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանն առաջն անգամ է մեկնելու Օլիմպիական խաղեր և հույս ունի, որ այնտեղ կկարողանա ցույց տալ իր լավագույն արդյունքը: PanARMENIAN.Net-ին նա պատմել է իր սպորտային ընտանիքի մասին, թե ինչու է հեռացատկից անցում կատարել դեպի նետաձգություն, ինչու այս մարզաձևը զարգացած չէ Հայաստանում և թե ինչ եղանակ է ակնկալում իր ելույթի օրը: Սպասո՞ւմ էիր, որ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում կկարողանաս նվաճել Օլիմպիական ուղեգիր: Ես շատ լավ էի մարզվել և պատրաստվել այդ մրցաշարին և հույս ունեի, որ կկարողանամ նվաճել Օլիմպիական ուղեգիր: Մենք 13 օր շուտ էինք մեկնել Սոչի, այնտեղ մարզումներ ենք իրականացրել, և կարծում եմ, դա էլ օգնեց: Դու ցույց ես տվել 59 մետր 12 սանտիմետր արդյունք, նման ցուցանիշ էլի՞ էիր գրանցել, թե՞ սա քո առաջին փորձն էր: Ոչ, մինչ այդ նման արդյունք չէի ունեցել, առաջին անգամ կարողացա այդքան նետել նիզակը: Մինչ այդ ինձ հաջողվել էր ցույց տալ 54 և 55 մետր արդյունք: Անցած տարի Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում 48 մետր արդյունքով երկրորդ տեղն էի զբաղեցրել: Ի՞նչ է զգում մարզիկը, երբ առաջին անգամ հաջողվում է ձեռք բերել Օլիմպիական ուղեգիր: Շատ ուրախացա, որ ինձ հաջողվեց նվաճել ուղեգիր: Յուրաքանչյուր մարզիկ էլ երազում է ուժերը չափել Օլիմպիական խաղերում: Անչափ երջանիկ էի: Իհարկե, մինչև ելույթ ունենալը լարվածություն կար, որովհետև ամեն ինչ ինձանից էր կախված, բայց կարողացա այն հաղթահարել և ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ: Ինչպե՞ս ես սկսել քո մարզական ուղին և ինչո՞ւ ես ընտրել հենց այս մարզաձևը: Սպորտով սկսել եմ զբաղվել 6-րդ դասարանից: Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը Գյումրիի թեթև ատլետիկայի մարզադպրոցում մարզիչ էր աշխատում, նա էլ ինձ և քույրիկիս տարավ մարզադահլիճ: Որոշ ժամանակ անց սկսեցինք մարզվել Յաշա Եղիազարյանի գլխավորությամբ: Մեր խմբում 5-6 հոգի էինք, բոլորս էլ մեծ եռանդով և սիրով էինք մարզվում: Սկսեցինք հաջողություններ գրանցել պատանիների, այնուհետև` նաև երիտասարդական մրցաշարերում: Սկզբում հեռացատկով էի զբաղվում, սակայն ծնկի վնասվածք ստացա և փոխեցի մարզաձևս, այդպես սկսեցի զբաղվել նիզակի նետմամբ: Մարզիչս ինձ ասել էր, որ ֆիզիկապես ուժեղ եմ և կարող եմ ցանկացած մարզաձևով զբաղվել և արդյունքներ գրանցել: Նա չսխալվեց, և ես սկսեցի աստիճանաբար հաջողություններ ունենալ: Իսկ հիշո՞ւմ ես քո առաջին արդյունքները, ինչքա՞ն էիր կարողանում նետել նիզակը և ինչի՞ հաշվին կարողացար բարելավել արդյունքներդ: Սկզբում շատ քիչ էի նետում` մոտ 30 մետր: Բայց աշխատասիրության շնորհիվ կարողացա լավ արդյունքներ գրանցել: Օրական մոտ 3 ժամ մարզվում եմ և շատ եմ ցանկանում, որ Օլիմպիադայում լավ հանդես գամ: Ի՞նչ մարզումային ծրագիր ես անցկացրել մինչև Օլիմպիադայի մեկնարկը: Վարկանշային մրցաշարից հետո մարզումներս շարունակել եմ Գյումրիում, այնուհետև հունիսի սկզբին մեկնել ենք Ֆրանսիա, որտեղ ևս ունեցել եմ ուսումնամարզական հավաք: Դրանից հետո մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը, որը կայացել է Հելսինկիում: Մեկ մարզման ժամանակ նետումների ինչքա՞ն քանակությունն է թույլատրելի, որոշ մասնագետներ ասում են, որ ամենաշատը կարելի է կատարել 60 նետում: Դու որքա՞ն փորձ ես կատարում: Ես մեկ մարզման ժամանակ կատարում եմ 35-40 նետում: Նիզակը 600 գրամ է կշռում, և շատ նետումներ կատարելու դեպքում ձեռքի ցավեր են լինում: Նիզակի նետման համար եղանակային պայմանները շատ կարևոր են, իսկ Լոնդոնը աչքի է ընկնում անկայուն եղանակով: Քո ելույթի վրա առհասարակ եղանակը ազդո՞ւմ է: Հիմնականում քամոտ եղանակին է անհարմար նետումներ կատարել, որովհետև շեղվում է նիզակի ընթացքն ու այն կարող է այլ տեղում հայտնվել: Սակայն ցանկացած եղանակի դեպքում մրցումներ լինում են, և պետք է ճիշտ մեթոդ կիրառել, որպեսզի հնարավորինս քիչ լինի շեղումը: Հուսամ, որ իմ ելույթի օրը Լոնդոնում լավ եղանակ կլինի, և ոչինչ չի խանգարի: Դու Գյումրիից ես, իսկ այնտեղ կա՞ն անհրաժեշտ պայմաններ այս մարզաձևով զբաղվելու համար: Ոչ, կարելի է ասել ընդհանրապես պայմաններ չկան: Ուղղակի տարիների հետ հարմարվել եմ այդ պայմաններին: Մեկ ստադիոն ունենք, որտեղ չի թույլատրվում նետումներ կատարել, ասֆալտի վրա ենք վազում: Միակ փրկությունը արտասահմանյան հավաքներն են, որտեղ էլ կարողանում ենք նորմալ մարզվել: Իսկ, ըստ քեզ, այս մարզաձևը հայտնի՞ է աշխարհում ու որքա՞ն մարզիկներ են զբաղվում Հայաստանում: Այո, հայտնի է, շատ մարզիկներ են զբաղվում նիզակի նետմամբ, բայց Հայաստանում այդքան էլ տարածված չէ, շատ քիչ մարզիկներ են պարապում, և մրցակցություն գրեթե չկա: Լավ հակառակորդներ ունենալու դեպքում է միայն հնարավոր աճել և կատարելագործվել: Հայաստանի առաջնությանը սովորաբար 3 մարզուհիներ են մասնակցում, իսկ նման քանակության դեպքում անհնար է խոսել այս մարզաձևի զարգացման և տարածման մասին: Ծանրորդները առանձնահատուկ են վերաբերվում ծանրաձողին, ոմանք խոսում են նրա հետ, տրամադրում, իսկ դու ինչպե՞ս եք վերաբերվում նիզակին: Կարելի է ասել ընկեր է: Որովհետև գրեթե ամեն օր մարզվում եմ, և իհարկե, յուրահատուկ եմ վերաբերվում: Եթե հնարավորություն ունենաս առաջինը ի՞նչը կփոխես քո մարզաձևում: Պարզապես կցանկայանի, որ Հայաստանում ավելի լավ պայմաններ ստեղծվեին նիզակի նետման համար և ավելի շատ մարզիկներ զբաղվեին: Իսկ մուրճ նետել փորձե՞լ ես, թե համարում ես որ այդ մարզաձևը քոնը չէ: Չեմ փորձել, բայց լավ գաղափար է, չի բացառվում, որ զբաղվեմ և Հայաստանում առաջիններից մեկը կլինեմ, որ կնպաստի այդ մարզաձևի տարածմանը: Եղե՞լ է քո կարիերայում այնպիսի ժամանակահատված, երբ վնասվածքի պատճառով չեմ մարզվել: 2006 թվականին Սոչիում միջազգային մրցաշարի ժամանակ ձեռքս վնասել էի և ստիպված եղա որոշ ժամանակով թողնել մարզումները: Մոտ մեկ ամիս չմարզվեցի, դա դժվար ժամանակահատված էր ինձ համար, բայց միևնույն է երբեք չեմ մտածել սպորտը թողնելու մասին: Մոտավորապես ի՞նչ արդյունք կկարողանաս ցույց տալ Լոնդոնում: Նախ ցանկանում եմ, որ Օլիմպիական խաղերում գերազանցեմ իմ լավագույն արդյունքը: Շատ ուժեղ մարզուհիներ են մասնակցելու, ես հիմնական ֆավորիտ եմ համարում ռուս Մարիա Աբակոմուվային, հենց նրան է պատկանում համաշխարհային ռեկորդը` 75 մետր: Իսկ Լոնդոնից բացի, ապագայի ի՞նչ ծրագրեր ունես: Ցանկանում եմ լավ մարզավիճակս պահպանել, մյուս Օլիմպիական ցիկլում ևս լավ հանդես գալ և կրկին խաղերի ուղեգիր ձեռք բերել: Յուրաքանչյուր մարզաձև որոշակի հատկանիշներ է տալիս: Ըստ քեզ ո՞ր որակներն են հատուկ բոլոր նիզականետորդներին: Բոլորն էլ ամուր ձեռքեր ունեն (ծիծաղում է): Ասացիր, որ ընտանիքդ սպորտային է, ի՞նչ մարզաձևերով են նրանք զբաղվում: Հայրս` Արթուր Հարությունյանը, ըմբիշ է, սպորտի վարպետի կոչում ունի,մայրիկս` Եվդոկիա Դուսյան, զբաղվել է բասկետբոլով, եղբայրս` Գոռը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, իսկ քույրս` Լիլիթը, զբաղվում է ատլետիկայով: Եվ ի՞նչ կմաղթես Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներին: Մաղթում եմ, որ լավ հանդես գան, պարտադիր չէ, որ բոլորս մեդալներ նվաճենք, կարևորը յուրաքանչյուրը ցույց տա իր լավագույն արդյունքը: Կարծում եմ, մասնակցությունն էլ շատ կարևոր է:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Քրստինե Հարությունյան Նիզականետորդուհի Քրստինե Հարությունյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 18-ին Գյումրիում: Հայաստանի առաջնության ու միջազգային մրցաշարերի հաղթող է: | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |