![]() Սերգեյ Լոզնիցա.«Ոսկե ծիրանում» հաղթանակն ինձ պարտավորեցնում է վերադառնալ Հայաստան![]() PanARMENIAN.Net - Ավարտվեց հերթական երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» փառատոնը: Գլխավոր մրցանակակիր դարձավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան` «Մառախուղում» ֆիլիմի համար: Մրցանակաբաշխությանն անմիջապես հաջորդած PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում Սերգեյ Լոզնիցան պատմել է պարտականությունների մասին, որոնք իր վրա են դրվել կինոփառատոնում հաղթելուց հետո, լավ կինոյի վերաբերյալ իր կարծիքի և իր հետագա ծրագրերի մասին: Սերգեյ, Ձեր ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Ոսկե ծիրան» փառատոնում: Ի՞նչ եք զգում հիմա: Դե, առաջին հերթին` դա ինձ համար մեծ պատիվ է: Երկրորդ` այժմ արդեն ես պետք է վերադառնամ այստեղ, և, միգուցե, ֆիլմ նկարահանեմ: Դուք ուզու՞մ եք պատմել Հայաստանի մասին: Դա ինչ-որ պարտավորվածություն է: Այո, ես արդեն մտածում եմ այդ մասին: Դուք մասնագիտությամբ մաթեմատիկոս եք: Հաշվարկներ կատարու՞մ եք, երբ նկարահանում եք Ձեր ֆիլմերը: Կարելի է և այդպես ասել (ծիծաղելով): Ես մանրամասնորեն մտածում եմ սցենարը, հետո նկարահանումների գործընթացը, հետո գտնում եմ դերասանին և տալիս նրան կերպարը: Սա նման է քանդակագործության: Սկզբում ընտրում եմ քարը, հետո սկսում հղկել այն: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ժապավենը քի՞չ եք մոնտաժում: Այո: Մենք երկար ենք պատրաստվում, հետո, ինչպես արդեն գիտեք, ամեն ինչ բավականին արագ ենք անում: Ինչի՞ մասին է Ձեր հաջորդ ֆիլմը: Ես աշխատում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ ֆիլմի վրա, հետո` կտեսնենք: Ես անընդհատ հետ հայացք եմ գցում պատմությանը: Չէ՞ որ յուրաքանչյուր րոպե մենք վերադառնում ենք պատմությանը: Այժմ շատ ռեժիսորներ ասում են, որ լավ սցենարներ չկան, դրա համար էլ անդրադառնում են պատմությանը: Ի՞նչ եք Դուք մտածում այդ մասին: Ոչ, ես չեմ կարծում, որ դա այդպես է: Դեռևս վաղ է այդ մասին խոսել: Ամեն ինչ լավ է: Իսկ ի՞նչ է Ձեզ համար լավ ֆիլմը: Լավն է այն ֆիլմը, որը մտքեր է արթնացնում, վատն է` կարելի է ասել, հակառակը: Լավ ֆիլմում չպետք է լինի նաև կոպտություն և պաթոս: Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք կոմերցիոն ֆիլմը ևս համարվել արվեստի գործ: Այո, իհարկե: Կան լավ ֆիլմեր, որոնք մեծ գումարներ են վաստակում: Իսկ որո՞նք են Ձեր ամենասիրած ֆիլմերը: Չեմ կարող ասել: Դրանք շատ են: Կարևոր չէ` ինչ արտադրության: Գլխավորն այն է, որ դրանք իմ մտքերն արթնացնեն: Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիք փառատոնին և Ձեր հայ երկրպագուներին: Լավ ֆիլմեր նայելու հնարավորություն, ինչն իրենից ներկայացնում է երևանյան կինոփառատոնը: Փառատոնին մաղթում եմ նաև երկար կյանք և բարգավաճում:Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |