Էմին Պողոսյան.Միլանում աշխատելու բազում առաջարկներ եմ ստացել, բայց չեմ շտապում որոշում կայացնել 1 դեկտեմբերի 2012 PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին և 8-ին վարսահարդար-ոճաբան Էմին Պողոսյանը մասնակցել է Եվրոպայում վարսահարդարների և դիմահարդարների ամենագլխավոր մրցույթներից մեկին` OMC Hairworld 2012 աշխարհի բաց առաջնությանը, որն այս տարի անցկացվում էր 36-րդ անգամ Միլանում: 56 պետություններից ներկայացած 1100 մասնակիցների թվում Էմին Պողոսյանը միակն էր այս տարի, որ ներկայացնում էր Հայաստանը: «Afro Total Look» անվանակարգում նա հեղինակավոր ժյուրիի բարձրագույն գնահատականն է ստացել` արժանանալով ոսկե մեդալի և օլիմպիական չեմպիոնի կոչման: Ի՞նչ էիք ներկայացրել մրցույթին: Աշխատանքս սևամորթ մոդելի վրա էի կատարել, քանի որ «Afro Total Look» անվանակարգում էի մասնակցում: Նրա ամբողջ ոճն իմ կողմից էր մշակվել: Ի՞նչ սկզբունքով էիք մշակել այդ ոճը: Աշխատանքիս ոգեշնչման աղբյուրը իտալական ճարտարապետությունն է եղել, մասնավորապես` Դուոմո տաճարն իր ողջ գեղեցկությամբ ու գոթական ոճով, որը դեպի վեր սլացող համաչափություններ է ենթադրում՝ բազմազան զարդաէլեմենտներով: Դրանով էլ նվաճել եմ չեմպիոնի տիտղոսը:
Նախկինում որևէ մրցույթի մասնակցե՞լ եք: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք: Այո: 2005-ին մասնակցել եմ Հայաստանի վարսահարդարների և դիմահարդարների 5-րդ բաց առաջնությանը, որտեղ «Ladies Full Fashion Look» անվանակարգում դարձել եմ չեմպիոն: Դրանից հետո՝ 2009-ին, մասնակցել եմ «Russian Hairdressing Awards» հեղինակավոր ֆոտոմրցույթին, որի Լոնդոնում կայացած եզրափակիչ փուլում «Տարվա դեբյուտ» անվանակարգում իմ աշխատանքներն ընդգրկվեցին լավագույն հնգյակում: Իսկ 2010թ. Փարիզում մասնակցել եմ OMC Hairworld 34-րդ աշխարհի գավաթին` «Fantasy Hairstyle» անվանակարգում: Բայց և այնպես, վերջին մրցույթին իմ մասնակցությունն ու ոսկե մեդալի նվաճումն ամենակարևորն էր, քանի որ այն իր մասշտաբով ամենամեծ մրցույթներից մեկն է աշխարհում:
Մրցույթի ժյուրիի կազմում էր նաև Ձեր եղբայրը՝ վարսահարդար-ոճաբան Էդվարդ Պողոսյանը: Մասնագիտության ընտրության հարցում նա ազդե՞լ է Ձեզ վրա: Իհարկե: Նախ, մենք երկուսս էլ ավարտել ենք Երևանի Պետական կոնսերվատորիան, դաշնակահար ենք: Եղբայրս առաջին կուրսում ուսմանը զուգահեռ սկսեց յուրացնել վարսահարդարի մասնագիտությունը, բայց ինքս չեմ կարող հիշել, թե երբ սկսեցի զբաղվել այդ գործով, քանի որ ակամա հայտնվեցի այդ ասպարեզում: Եղբորս շնորհիվ ճանաչեցի այդ մասնագիտության նրբությունները և վարսահարդարումը սկսեցի դիտարկել՝ որպես արվեստի մի տեսակ: Այժմ էլ աշխատում եմ՝ որպես եղբորս օգնական «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահում: Ի դեպ՝ մրցույթի ավարտին Էդվարդ Պողոսյանը պարգևատրվեց «World Best Juror» պատվոգրով, իսկ նախկինում երկու անգամ այդ մրցույթի չեմպիոն է ճանաչվել: Հաղթանակից հետո աշխատանքի կամ համագործակցության առաջարկներ ստացե՞լ եք: Հիմնականում հենց Միլանում աշխատելու բազում առաջարկներ եմ ստացել, բայց չեմ շտապում որոշում կայացնել: Նման հաղթանակից հետո ցանկացած ստուդիա կամ միջազգային դպրոց ուրախ կլինի համագործակցել օլիմպիական չեմպիոնի հետ: Ես իսկապես շատ սիրեցի Իտալիան և հատկապես Միլանը, քանի որ համոզվեցի, որ դա նորաձևության քաղաք է. նորաձևությունն ուղղակի հետապնդում է քեզ ամենուրեք, և մշտապես ստեղծագործելու նոր մտքեր են առաջանում:
Ապագայում ի՞նչ մրցույթների եք մտադիր մասնակցել: Դեռևս չեմ որոշել: Այս մրցույթում իմ տարած հաղթանակն ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր, որ կարող էի ունենալ ոճաբանության ոլորտում: Բայց և այնպես, մրցույթները հենց այն վայրն են, որտեղ ստեղծագործ մարդը հնարավորություն է ստանում ինքնարտահայտվելու, իր ասելիքը ներկայացնելու միջազգային հարթակում և հանձնելու միջազգային հանդիսատեսի դատին: Այնպես որ դեռ չգիտեմ, թե ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա…Անի Պապոյան / PanARMENIAN News | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |