![]() Տիգրան Պետրոսյան.Իմ անունն ինձ հետապնդում է մանկությունից29 հունվարի 2013 PanARMENIAN.Net - Միշտ դրական ու լավ տրամադրություն ունեցող Տիգրան Պետրոսյանի հետ հաճելի և ուրախ է հարցազրույց անցկացնել: Այս անգամ ևս նա անմիջական, բովանդակալից ու հետաքրքիր պատասխաններ տվեց PanARMENIAN.Net-ի թեստ-հարցազրույցին: Եվ բնավ էլ պատճառն այն չէր, որ մի քանի օր առաջ էր դարձել Հայաստանի չեմպիոն: Մենք վերսկսում ենք Հայաստանի շախմատի հավաքականի անդամների հետ հարցազրույցների շարքը: Հայաստանի չեմպիոն: Հպարտություն, հզորություն: Վերադարձ հավաքական: Ուրախ, հաճելի զգացողություններ և պատասխանատվություն: Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող: Ուժեղագույններից մեկը լինելու ձգտում: Վլադիմիր Հակոբյան: Ավագ ընկեր, կոլեգա և շատ հաճելի անձնավորություն: Արշակ Պետրոսյան: Մարզիչ, ով միշտ դժվարին պահին կողքիդ է: Մատ: Շախի տրամաբանական շարունակություն: Վերջնախաղ: Պարտիան ավարտին մոտեցնելու և հանգստանալու ձև: Եթե իմ օգտին է պարտիան` արագացնում եմ վերջնախաղը: Ձի: Իմ սիրած շախմատային ֆիգուրը, որն ավելի մանևրային է, կարող ես ավելի հետաքրքիր մտահաղացումներ անել: Ձին ճարպիկ է ու դժվար է նրան կասեցնելը: Ոչ ոքի: Չիրականացված մտահղացումներ: Տիգրան Պետրոսյան: Անուն, որն ինձ հետապնդում է մանկությունից և որն արդեն դարձել է իմ կյանքի անբաժանելի մասնիկը: Մաֆիա: Խաղ, որի շնորհիվ կարողանում եմ ցրվել և ընկերական շարջապատում շատ լավ ժամանակ անցկացնել: Ամուսնություն: Կյանքի կարևոր իրադարձություն: Շախմատային խորամանկություն: Հնարավոր է, որ երկար մտածեմ, ու մրցակցին թվա, թե չգիտեմ այդ դիրքը և արդեն ավելի թուլացած խաղա: Բայց իրականում ես լավ ծանոթ եմ լինում այդ դիրքին ու խաղը թեքում եմ իմ օգտին: Ֆուտբոլ: Իր հետաքրքրությամբ երկրորդ սպորտն է, եթե շախմատը սպորտ համարենք, որ ես սիրում եմ: Հետևում եմ բոլոր առաջնություններին ու հատկապես Իսպանիայի և Անգլիայի լիգաներին: Բացի այդ, ես էլ եմ սիրում խաղալ: Հիասթափություն: Այս զգացողությունն ունենում եմ վատ խաղացած պարտիայի կամ կյանքում կայացրած սխալ որոշման ժամանակ: Ճանապարհորդություն: Մրցաշարեր շատ են լինում, ու ես տարեկան 6-7 երկիր եմ մեկնում: Նոր բաներ եմ սովորում ու փորձում կիրառել Հայաստանում: Խոհանոց: Ուտելու հետ սեր ունեմ: Ցանկացած լավ առիթ ընկերներով նշում ենք ու համտեսում ենք տարբեր խոհանոցների ուտեստներ: Շախմատային սովորություն: Մշտապես փորձում եմ մի քանի քայլ առաջ մտածել: Նույնը փորձում եմ անել նաև կյանքում: Գիրք: Ցավոք, հիմա սկսել եմ քիչ կարդալ: Երկու ամիսը մեկ գիրք եմ կարդում, ուղղակի ժամանակս է քչություն անում: Սիրած շախմատիստ: Կապաբլանկայի խաղն եմ սիրում, Ալյոխինի, Կասպարովի: Այսօր չեմ կարող առանձնացնել մեկին ու դասել թվարկածս շախմատիստների դասին: Ֆիլմ: Սա ևս անբաժանելի մաս է իմ կյանքում, սիրում եմ բարդ ֆիլմեր: Մրցաշարերի ժամանակ օրն ամենաքիչը երկու ֆիլմ նայում եմ: Իսկ երբ տանն եմ, երեկոյան գրեթե միշտ կնոջս հետ ենք նման դիտումներ կազմակերպում:Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |