Սերգեյ Բոնդարենկո.Արարատ-73. 1973-ը հոյակապ տարի էր` ամուսնացա և 2 մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ17 հունիսի 2013 PanARMENIAN.Net - Հետաքրքիր, ուրախ, կատակասեր ու բարեհամբույր. այսպիսին է «Արարատի» կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Բոնդարենկոն: Նա շատ երիտասարդ տարիքում է դարձել «Արարատի» խաղացող, մասնակցել է թիմի գրեթե բոլոր խաղերին և 1973-ին էլ իր ներդրումն ունեցել նվաճված մեդալներում: Բոնդարենկոն այժմ ապրում է ԱՄՆ-ում, սակայն տարածությունը չխանգարեց, որպեսզի նա հաճույքով պատասխանի PanARMENIAN.Net-ի հարցերին: Մենք կրկին առաջարկում ենք ձեզ հետ գնալ դեպի 1973 թվականի վերջ ու տեսնել, թե ինչ հետաքրքիր դեպքեր կպատմի Բոնդարենկոն իր և թիմի մասին: Վերջապես իրականացավ երազանքս` ես «Արարատի» խաղացող եմ Ես ծնվել եմ ուկրաինական Սումի քաղաքում 1948 թվականին: 1952-ին ընտանիքով տեղափոխվել ենք Երևան: Դեռ դպրոցական տարիքից ֆուտբոլ շատ եմ սիրել ու խաղացել: 1965-ին մասնակցել եմ Սովետական Միության դպրոցական սպարտակիադային: 1966-ից խաղացել եմ Երևանի «Արաքս» թիմում: Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ հրավեր ստացա «Արարատից», որն այդ ժամանակ մարզում էր Ֆալյանը: 1966 թվականի օգոստոս ամիսն էր: Աննկարագրելի ուրախ էի, վերջապես իրականացել էր իմ երազանքը` ես «Արարատի» խաղացող էի: Ես դարձա մայրիկիս, եղբորս` Ալեքսանդրի, և դպրոցական ընկերներիս հպարտությունը:
Առանց «Արարատի» չեմ պատկերացնում իմ կյանքը Սակայն կարևոր է նաև կարողանալ հաստատվել թիմի հիմնական կազմում: Մարզիչների վստահությունը ձեռք բերեցի շատ դաժան մարզումների, նվիրվածության շնորհիվ: Ես շատ էի աշխատում իմ ֆիզիկական և տեխնիկատակտիկական որակները կատարելագործելու վրա: Ես էլ մեր մյուս բոլոր տղաների նման եմ` նվիրված ֆուտբոլին ու մեր «Արարատին», առանց որի իմ կյանքը չեմ պատկերացնում: 1968 թվականին ստացա սպորտի վարպետի կոչում, ապա հրավիրվեցի ԽՍՀՄ հավաքական: Որակյալ խաղն ինձ օգնեց հավասարապես լավ հանդես գալ թե «Արարատում» և թե ԽՍՀՄ հավաքականում: Սիմոնյանը կարողացավ բարձրացնել մեր ինքնագնահատականը Ես հաճախ մտածում եմ, թե ինչի շնորհիվ «Արարատն» այս տարի ցույց տվեց նման ֆենոմենալ խաղ, պայքարեց երկու ճակատով և հաղթանակած դուրս եկավ թե երկրի առաջնությունում և թե Գավաթի խաղարկությունում: Կան մի քանի նպաստող հանգամանքներ. ամենաառաջինը մեծ սերն է դեպի մեր հայ ժողովուրդը: Բացի դա, «Արարատը» հոյակապ թիմ-կոլեկտիվ է, բոլոր տղաներն անխտիր ձգտում են հաղթանակի, լավագույն արդյունքներ են ցույց տալիս թե տանը և թե դրսում, մեզ շատ են օգնում մեր հարազատ «Հրազդան» ստադիոնի պատերն ու նվիրված երկրպագուները: Եվ, իհարկե, մեր հոյակապ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նիկիտա Սիմոնյանը մեծ ֆուտբոլիստ է եղել և տաղանդավոր մարզիչ է: Գալով «Արարատ»` նա կարողացավ բարձրացնել մեր ինքնագնահատականը, ոգևորել մեզ, մղել դեպի հաղթանակներ: Ամենակարևոր գծերից մեկն էլ այն է, որ նա շատ բարեհամբույր և ընկերական է բոլորիս հետ: Սիմոնյանի հետ շատ հեշտ է աշխատել, ու այդ ամենի շնորհիվ մենք աճեցինք ֆուտբոլային դաշտում:
Մինչև վերջին վայրկյանը պայքարելը մեր թիմի խաղաոճն է Մինչև վերջին վայրկյանը պայքարելը մեր թիմի խաղաոճն է: Գավաթի եզրափակիչն էլ դրա վառ ապացույցն է: Լևոն Իշտոյանն առաջին գոլը խփեց խաղի վերջին րոպեին, իսկ հաղթական գնդակը` ավելացրած ժամանակում: Կիևի «Դինամոյի» հետ մեր բոլոր հանդիպումներն էլ դժվար են ստացվում: Բայց մենք երջանկության մեծ ապրումներ ունեցանք, որ կարողացանք գավաթը նվաճել ու առաջնության հաղթող դառնալ` առաջ անցնելով նրանից: 1973 թվականը հոյակապ տարի էր ինձ համար, այն ինձ գերագույն երջանկություն պարգևեց: Այս տարի ես ամուսնացա իմ հիասքանչ կնոջ` Օֆելիայի հետ, դարձա 25 տարեկան և երկու կարևոր մրցանակ նվաճեցի «Արարատի» հետ: Իսկական հոբելյանական տարի էր:
«Արարատը» դարձել է իսկական լեգենդ «Արարատ» անունը հայ ազգի սիմվոլներից է ու պատահական չէ, որ այն նաև մեր թիմի անունն է: «Արարատ-73»-ը ֆենոմենալ է, այն հասել է ֆուտբոլային գագաթնակետին` դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: Այս թիմը դեռևս անգերազանցելի է իր խաղով ու արդյունքներով: Այն իր կամքի, պայքարի և հայրենասիրության շնորհիվ դարձել է իսկական լեգենդ: 40 տարի անց կտոնեմ իմ ամուսնության և «Արարատի» հաղթանակների 40-ամյակը Ինձ թվում է, որ 40 տարի անց` 2013 թվականին, միգուցե կաշխատեմ որպես մարզիչ, ամեն դեպքում, կլինեմ ֆուտբոլում: Հայկական ֆուտբոլն էլ մեծ աճ կլինի ապրած այդ ժամանակ: 2013-ին ես կտոնեմ ամուսնությանս և «Արարատի» հաղթանակների 40-ամյակը և իմ 65-ամյակը: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների |