![]() Ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյան.Թուրքը պիտի 1 րոպե չմոռանա` այստեղ ենք, «դուխով» ենք18 ապրիլի 2016 PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած Մարատ Պետրոսյանը ժամկետային զինծառայող է, 1996-ին է ծնվել, Ստեփանակերտում: Սանդա-ուշու մարզաձևում Եվրոպայի չեմպիոն է, բազմաթիվ այլ մրցաշարերի հաղթող: Նրա հայրը` Ալբերտ Պետրոսյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, մարտական ուղին սկսել է 9-րդ դպրոցի ջոկատից, եղել Մարտակերտի հետախուզական ջոկատի փոխհրամանատարը: PanARMENIAN.Net-ն Արցախում զրուցել է հոր ու որդու հետ: Մարատ Պետրոսյան Ապրիլի 2-ն էր, ժամը երեքի կողմերը… միանգամից տասից ավելի ադրբեջանական տանկ էր գալիս մեր կողմը: Արագ ենք կողմնորոշվել ինչ անել, հասկանում էինք, որ պետք է թույլ չտանք առաջ գան: Առաջին կրակոցը վրիպել եմ, երկրորդն արդեն դիպուկ էր: Հետո ամեն ինչ ավելի պարզ ու հստակ էի պատկերացնում: Փորձառություն էր, կարևոր ու անհրաժեշտ փորձառություն: Կարողացա արածս անել, որովհետև երբ սովորելու ժամանակն էր, սովորում էի, պատրաստ էի: Հրամանատարական կազմը բոլոր պայմաններն ապահովել է, որ զինվորը վարժ տիրապետի իր զենքին, իմ դեպքում՝ ֆագոտին: Մյուս դիրքերում ֆագոտով կանգնած տղերքին միայն մի բան կասեմ: Չվախենաք, ամենակարևորը դրանց թվից չվախենաք, հանգիստ ձեր գործն արեք, էն, ինչն էսքան ժամանակ սովորել եք: Մենք այստեղ ենք, «դուխով» ենք, ու թուրքը էդ պիտի 1 րոպե չմոռանա: Մարտական է տրամադրությունը, հարյուր տոկոսանոց, որովհետև կարողացանք այնպես անել, որ թուրքը տանկերը թողնեն, փախչեն, էլ էս կողմի վրա չեն երևում: Խելոքացրինք: Ծառայությունս 8 ամսից եմ ավարտելու, գալու եմ Ստեփանակերտ ու շարունակեմ պարապել, սպորտը կարոտել եմ: Բայց դեռ ոչինչ հստակ չի: Մինչև դա էլ մեր տեղերում զգոն կանգնած ենք, պատրաստ սպասում ենք, որ ամեն անգամ իրենց տեղը ցույց տանք, ով պետք է, թող սա կարդա ու իմանա: Աջից Մարատի հայրն է Ալբերտ Պետրոսյան Կռվից հետո ամուսնացանք ես ու կինս, որոշել էի, որ տղա պիտի ունենամ, ու որ պիտի ֆիզիկապես ուժեղ դաստիարակեմ` հաշվի առնելով տեսածս: Հիմա երեք տղա ունեմ, երեքն էլ սպորտով են զբաղվում՝ կարատե, սամբո, ուշու. Եվրոպայի, Հայաստանի չեմպիոններ են: Մարատը մարզիկին հատուկ հատկանիշներ ունի. ազնիվ է, պայքարող, խելացի: Չեմպիոն է: Առաջին տանկը, որ խփել է, զանգեց տուն, ասաց՝ «պապա, տանկ եմ խփել»: Չպատկերացրի ոնց, դեռ չգիտեինք, որ այս մասշտաբներով գործողություններ են ձեռնարկել թուրքերը: Մտածեցի կատակ է անում, կամ նման մի բան, ասացի խելոք մնա այ տղա, ուշադիր եղի: Երեկոյան զանգեց, թե «պապ մեկն էլ եմ խփել»: Մեկ էլ հաջորդ օրնա զանգում, հիմա էլ թե «պապ էսօր էլ երեք տանկ եմ խփել»: Եկա ընկերոջս մոտ, պատմեցի, որ Մարատը զանգել է, ասել՝ տանկեր է խփել, արի զանգենք ՊԲ, հասկանանք կատակ է անում, թե ինչ: Զանգեց, բա թե «բոլորն արդեն ճանաչում են Մարատին, շնորհավոր, ամեն ասածը ճիշտ է, թուրքի ոչ մի տանկ չի թողնում հետ գնա»: Կռվի ժամանակ, մեր ժամանակ, տանկ կամ ուղղաթիռ խփելն առաջին հերթին բանակի «դուխն» էր բարձրացնում: Նույնն էլ հիմա է, նույն կռիվն է, բան չի փոխվել: Էդ առումով հենց թուրքի տանկի վտանգը չեզոքացնելուց կարևոր է դրանից մեր տղերքի «դուխավորվելը», որ հասկանում են` ուժեղ են, կարողանում են կռվեն: Կինս շատ հուզվեց, հետո ինքն էլ ոգևորվեց, ասումա՝ ինչիա մենակ Մարատը խփում, մենակ մեր Մարատնա, մյուս երեխեքն էլ թող խփեն: Լրագրողներն էլ չեն հասցնում լուրերը թարմացնեն, մեր Մարատը զանգում է, ասում 4-րդ տանկն է խփել, հեռուստացույցով դեռ երկու տանկի մասին են հայտնում»: Էդ օրերից հետո ամբողջ ընտանիքով գնացինք դիրքեր, Մարատին տեսնելու: Իմացանք, որ նույն ուղղությամբ մի տանկ էլ Մարատի ընկերն է խփել: Վտանգավոր օրերը տղերքի ընկերությունն ամրացրին: Ոչ մեկն ինքն իր մասին չի պատում, բոլորը մեկը մեկի մասին են պատմում: Սա շատ կարևոր է: Մերոնք վստահում են իրար, դրա համար կարողանալու են հաղթել: Մեր բանակը գիտե՞ք ինչով է ուժեղ: Մեր երիտասարդներով: Այնքանով ենք ուժեղ, որ դիրքերից ոչ մեկ չի փախել, մնացել են ու կռվել մինչև վերջ: Մեր զոհերից ոչ մեկը թիկունքից խփված չի: Ստեփանակերտ էր եկել, պարգևատրվելու: Մի քանի ժամով տուն էլ եկավ, նստած հաց էինք ուտում, ասացի՝ «Մարատ, 3 օրում ինձ տվեցիր անցար, ես 7 տարում էդքան բան չարեցի, էսքանից հետո ինչ պիտի անեմ, որ ես քեզ անցնեմ»: Անի Ավետյան / PanARMENIAN.Net, լուսանկարները Պետրոսյանների ընտանեկան արխիվից ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |