Տ. Վահրամ քահանա Մելիքյան.Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է, բացի որոշակի հարկատեսակներից29 սեպտեմբերի 2016 PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Ազգային Ժողովում քննարկվում էր Հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանդես եկավ ելույթով` բարձրացնելով հայ եկեղեցին հարկային դաշտ բերելու հարցը: PanARMENIAN.Net-ը այս առնչությամբ զրուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Տեր Հայր, դուք ծանո՞թ եք Հրանտ Բագրատյանի սեպտեմբերի 28-ի ելույթին: Այո, առիթ ունեցա ծանոթանալու Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պրն. Հրանտ Բագրատյանի ելույթին, որը չէր վերաբերում նախագծին և դրա դրույթներին: Ցավալի է, որ պատգամավոր Բագրատյանը հերթական իր այս ելույթով և կեղծ տեսությամբ, թե Հայ եկեղեցու հզորացմամբ իբրև թե երկու անգամ հայոց պետականություն է կործանվել, փաստորեն առաքելություն է ստանձնել պայքարելու հայ եկեղեցու «հզորացման» դեմ` այս անգամ էլ եկեղեցին հարկային դաշտ բերելու ճանապարհով: Պատմությանը նման գնահատական տալը, ըստ իս, անհեթեթություն է: Հարկ եմ համարում հիշեցնել, որ հայ եկեղեցու դիրքորոշումը հայոց պետականության պահպանության և փայփայման հարցում բոլոր ժամանակներում նույնն է եղել. անգամ մեր հիվանդ գառը չփոխել այլոց առողջ առյուծի հետ: Պրն. Բագրատյանը չգիտի՞ արդյոք, թե ինչպե՛ս է հայոց եկեղեցին բոլոր դարերում ազատության տենչն ու ձգտումը, պետականության վերականգնումը հզոր և անկոտրում պահել հայ ժողովրդի հոգում` ամենը անելով այդ վեհ նպատակի իրագործման ու պահպանության համար: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի եկեղեցին այս առաջարկի վերաբերյալ: Ի՞նչ կարծիք ունեք, հնարավո՞ր է Հայաստանում Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարի: Առաքելական սբ եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում հարկեր վճարում է: Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, գործող ազգային հաստատություն է, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում,սակայն, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: Արաբական աշխարհի երկրներում այն ընդհանրապես ազատված է բոլոր հարկերից, օրինակ` անգամ չի վճարում կոմունալ ծառայությունների դիմաց: Գալով գույքահարկին, փաստորեն, մեր հարգելի պատգամավորը պնդում է, որ Մայր տաճարի, Խոր Վիրապի, Սբ Գեղարդավանքի և բազում այլ սրբավայրերի դիմաց եկեղեցին սկսի հարկ վճարել: Կարծում եմ, յուրաքանչյուր հայորդու համար գնահատելի է այս հարցում եկեղեցու և պետության միջև ձևավորված ըմբռնումը: Այո՛, եկեղեցին գույքահարկ չի վճարում և դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ` անկախ կադաստրային արժեքների սահմանման և հաշվառման խնդիրներից նշեմ, որ եկեղեցու գույքն իրականում ազգային հարստություն է, որից օգտվողը նույն ժողովուրդն է: Ներկայացվող թվերն իրականությանը չեն համապատասխանում, որովհետև ոչ բոլոր վանքերն ու եկեղեցիները, մատուռներն ու եկեղեցական շինություններն են վերադարձված եկեղեցուն և համարվում սեփականություն: Խոսք չի գնում այն բազմաթիվ եկեղեցապատկան կալվածքների մասին, որ առ այսօր վերադարձված չեն եկեղեցուն, և եկեղեցին չի էլ բարձրացնում այդ հարցը: Ավելին` երկրի բյուջեով նախատեսվում է գումար եկեղեցու կրթական և մշակութային գործունեության համար, բացի այդ` պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայերի խնամքը հավասարապես եկեղեցու և պետության պարտականությունն է: Սակայն առ այսօր եկեղեցին մեկ դրամ անգամ իսկ չի ակնկալել իշանություններից` նկատի ունենալով երկրի սոցիալական, տնտեսական դժվարին ընթացքը: Ընդհակառակը` եկեղեցին ամեն ջանք գործադրել է գումարներ հայթայթելու և օգտակար լինելու Հայրենիքին: Ըստ այսմ, չեմ կարծում, որ հայ եկեղեցու ծառայությունից ՀՀ օգուտը չափելի է միայն գանձվող հարկերով: Հայ ժողովրդի կյանքում հայոց եկեղեցու ներդրումը, ինչն արձանագրված է նաև Հայրենիքի մայր փաստաթղթում, շատ ավելի մեծ է և կարևոր, քան այն նյութական հարկերը, որ պրն. Բագրատյանը փափագում է գանձել: Պրն. Բագրատյանը նաև համեմատություններ է կատարում այլ երկրների հետ. ասեմ, որ Վրաստանում պետությունը տարբեր ծրագրերով տարեկան 20 մլն ԱՄՆ դոլարի չափ գումար է հատկացնում վրաց եկեղեցուն… Եկեղեցին իր ծառայության մեջ թափանցիկ է, խորհուրդ ենք տալիս պրն. Բագրատյանին լավագույնս ուսումնասիրել հայոց եկեղեցու գործունեությունը և նրա ֆինանսական վիճակը (ինչի մասին առասպելներ են հյուսվում) և թերևս խորհուրդ տալ, թե ինչպե՛ս էլ ավելի հզորացնել հայոց եկեղեցին ի շահ մեր ժողովրդի և Հայրենիքի: Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայաստանում ամեն օր եկեղեցի է կառուցվում, համեմատել է այդ եկեղեցաշինությունը Հունաստանի և Ռուսաստանի հետ: Ո՞րն է եկեղեցու դիրքորոշումն այս հարցում: Եկեղեցիներ կառուցելու իմաստի վերաբերյալ հարցադրումը պրն. Բագրատյանը ոչ ճիշտ վայրում և ոչ համապասխան անձի է ուղղում: Որպեսզի նման հայտարարություններն անպատասխան չմնան և շփոթ չառաջացնեն, հարկ եմ համարում տեղեկացնել, որ եկեղեցաշինությունը երբեք տարերային և հախուռն բնույթ չի կրել և պայմանավորված է իրականում ժողովրդի հոգևոր պահանջներով և եկեղեցական կյանքի կազմակերպման առաքելությամբ: հայոց եկեղեցին նախ վերականգնում է իր պատմական վանքերն ու եկեղեցիները և նաև կառուցում է նորերն այն վայրերում, ուր պատմական սրբավայր չկա, սակայն անհրաժեշտություն է նկատվում: Իրականում կարիքները հսկայական են, և Եկեղեցուն հաջողվել է բավարարել միայն նվազագույն պահանջները: հայոց եկեղեցին, որ մինչև խորհրդային կարգերի հաստատումը ուներ հազարավոր սրբավայրեր և 4000 եկեղեցական, այսօր Հայաստանում և Արցախում ունի ընդամենը 361 գործող վանք, եկեղեցի ու մատուռ և ամբողջ աշխարհում սպասավորող մոտ 800 հոգևորական: Փարատելու համար եկեղեցաշինության վրա ծախսվող գումարներն այլ ծրագրերի նպատակաուղղելու վերաբերյալ մտահոգությունները` հավելեմ, որ այդ գումարները նվիրաբերվում են անհատ բարերարների կողմից և իրականում նպատակային են: Սակայն նշեմ նաև, որ եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իրականացնում է բազում սոցիալական, կրթական ծրագրեր, որոնք ևս ունեն իրենց հովանավորները: Եվ այս առումով միշտ երախտագետ զգացումով պիտի ընդունենք ամեն մի հայորդու ցանկություն և ձգտում իր վաստակից բաժին հանելու եկեղեցաշինության սրբազան գործին: Այնուամենայնիվ հավանական համարո՞ւմ եք օրենքի ընդունումը, որով Եկեղեցին կպարտավորվի հարկեր վճարել: Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ հարկեր վճարվում են, բացառությամբ նշվածների: Կարդացեք նաև. Սուրբ գործը. 7 փաստ եկեղեցիների և հարկերի մասին | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |