Արտյոմ Շամցյան.Հայաստանում այնքան հնարավորություն կա` անհամեմատ շատ, քան այլուր 4 ապրիլի 2020 PanARMENIAN.Net - Հայրենադարձ Արտյոմ Շամցյանը, որը բախտի բերումով ապրել և աշխատել է տարբեր երկրներում, հիմնավորվելով Հայաստանում, նոր հնարավորություններ է գտել իր համար։ Աշխատանքի անցնելով Ամերիաբանկում՝ Շամցյանը հասկացել է, որ կարող է դրսևորել իրեն և օգուտ բերել բանկին․ այժմ նա բանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենն է։ Շամցյանը ծնվել է Հայաստանում, բայց վաղ հասակից ճանապարհորդել է, բնակվել տարբեր երկրներում, անգամ երկու տարի դպրոց գնացել Ալժիրում: «Սթրեսը մեծ էր, բայց հիմա հասկանում եմ, որ հենց այդ սթրեսն էր ինձ օգնում հարմարվել նոր միջավայրին: Հիմա ես կարող եմ ոչ միայն հարմարվել, այլև հաջողության հասնել ցանկացած միջավայրում»,- հիշում է նա: Միգուցե այս պատճառով է, որ Արտյոմի պատկերացումները հայրենադարձության մասին մի փոքր այլ են: «Ես սովորաբար չեմ պլանավորում ապագան: Երբ բավականաչափ հասուն էի ինքնուրույն որոշումներ կայացնելու համար, ինքս ինձ հարց էի տալիս` ի՞նչն է ամենալավն ինձ համար տվյալ պահին: Օրինակ, երբ ժամանակը եկավ, հասկացա, որ բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստանը շատ լավ ընտրություն է»,- նշում է մասնագետը: Արտյոմն ավարտել է Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու-Յորք նահանգի Ռոչեսթըր քաղաքում: Նրա գործնական մոտեցման շնորհիվ Հայաստանում բացվել է առաջին աութսորսինգային ընկերություններից մեկը, որտեղ Արտյոմն աշխատել է 2005-2010թթ.: Հետո կյանքի ու աշխատանքի բերմամբ Արտյոմը տեղափոխվել է Ղազախստան, որտեղ համագործակցում էր պետական համակարգի հետ, ղեկավարում էլեկտրոնային կառավարման կենտրոնը: Ղազախստանից հետո Արտյոմը մի քանի տարի բնակվել է Բոստոնում, բայց որտեղ էլ նա լիներ, պահպանում էր կապն արմատների հետ: «Ամեն անգամ, երբ տեղափոխվում էի նոր քաղաք, առաջին բանը հայկական եկեղեցի փնտրելն էր, հայ համայնքի հետ կապ հաստատելը, ու տվյալ քաղաքում բնակվելու ընթացքում գրեթե միշտ շփվում էի հայրենակիցներիս հետ: Օրինակ, Ռոչեսթըրի պես քաղաքում, որտեղ համայնքը փոքր է, քեզ նայում են որպես մի մարդու, որ կարող է պատմել Հայաստանի մասին»,- պատմում է Շամցյանը: Ամերիաբանկի մասին Արտյոմը լսել էր դեռ Բոստոնում: Չնայած, որ արդեն որոշել էր ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել, աշխատանք դեռ չէր փնտրում: Ամեն ինչ եղավ հանպատրաստից, բայց երբ աշխատանքի անցավ Ամերիաբանկում, գործն ընկավ բնական հունի մեջ. Արտյոմը հասկացավ, որ Ամերիաբանկն իր համար ճիշտ կազմակերպությունն է, և ինքն էլ կարող է օգուտ բերել բանկին: Այժմ Արտյոմն Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենն է: Նախքան նրա գալը բանկում ո՛չ նման դեպարտամենտ կար, ո՛չ հաստիք: Արտյոմը կառուցեց բաժինը զրոյից` ի մի բերելով տարբեր ստորաբաժանումներով մեկ ցրված գործառույթները: Նրա գալով Ամերիաբանկում հիմնվեց ինովացիաների և թվայնացման միասնական կենտրոնացված դեպարտամենտ: Սա աննախադեպ քայլ է Հայաստանում` զրոյից ստեղծել ինքնաբավ, ավտոնոմ ֆինանսատեխնոլոգիակական կենտրոն: Ավելին, այդ կենտրոնը սահմանափակված չէ ավտոմատացման ներքին գործընթացներով, այլ ակտիվորեն փնտրում է շուկան հեղափոխող նոր պրոդուկտներ ու ծառայություններ, ինչն ինքնին շատ հետաքրքրիր ու մոտիվացնող է: «Ընդհանուր առմամբ, շատ գոհ եմ աշխատանքիցս, ու մեծ մասամբ դա գործընկերներիս շնորհիվ է: Այստեղ բոլորը հավատում են, որ միասին կարող ենք շատ բան փոխել: Հենց սա էլ կուզեի շեշտել, ու հրավիրել սփյուռքի մեր հայրենակիցների, առհասարակ բոլոր մարդկանց ուշադրությունը սրա վրա` որքան հնարավորություններ կան Հայաստանում, Ամերիաբանկում: Իմ օրինակը նման մասշտաբով աշխատելու մի հնարավորություն է, բայց Հայաստանն այսօր կարիք ունի մարդկանց, որ կզբաղեցնեն նման պատասխանատու պաշտոններ»,-ասել է Շամցյանը: Արտյոմի խոսքով` աշխատանքը պետք է օգուտ բերի ոչ միայն իրեն և բանկին, այլև երկրին, պետությանը. «Այսօր Ամերիաբանկը կարևոր դեր է խաղում Հայաստանի համար բարիք ստեղծելու գործում, ու ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ»: Աշխատանքից դուրս Արտյոմն ակտիվորեն զբաղվում է ընտանիքով ու երեք զավակներով: Նրա խոսքով` Հայաստանը շատ լավ երկիր է` երեխաներին մեծացնելու համար, իսկ այն հնարավորությունները, որ երեխաներն ունեն այստեղ, Հայաստանի մեծ առավելություններից մեկն են․ «Հայաստանում ապրելը լավ է: Այնքան նոր բան է ստեղծվում, այնքան հնարավորություն կա` ինչ-որ բան փոխելու, անհամեմատ ավելի շատ, քան այլուր»: «Եթե ցանկանում եք անձնական հաջողության հասնել և օգտակար լինել երկրին, Հայաստանից լավ վայր չկա: Այստեղ ինչ անում ես, անում ես քո երկրի ու ժողովրդի համար: Այլ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում, ինչ բարձունքների էլ հասնես, չկա բավարարվածության, արժեք ստեղծելու զգացումը»,-ասում է հայրենադարձը: Բոլոր նրանց, ովքեր մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին, Արտյոմը խորհուրդ է տալիս նախ անձամբ այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ երկրին:Մեր դարում հնարավոր է գտնել ցանկացած տեղեկություն, բայց տեղում ամեն ինչ տեսնելն ուրիշ է: Նա նշում է, որ բոլորը միշտ հիանում են Հայաստանի համեղ սնունդով ու գեղատեսիլ բնությամբ, բայց դա ամենը չէ, կան բաներ, որ պարզապես աննկարագրելի են: Ահա այդ յուրահատուկ, աննկարագրելի հատկանիշներն են` միջավայրը, հյուրասիրությունը, որ ձգում են մարդկանց: «Արեք առաջին քայլը: Եկեք Հայաստան ու հաճելիորեն կզարմանաք: Հետո կարող եք որոշել հետագա քայլերը, բայց ձեր որոշումը կլինի հիմնավորված»,- ասել է Շամցյանը: | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |