14-ամյա Բորիսի օնլայն shop-ն  ու օֆլայն երազանքները

Բիզնեսմենը՝ Հադրութից.

14-ամյա Բորիսի օնլայն shop-ն ու օֆլայն երազանքները

PanARMENIAN.Net - 14-ամյա Բորիսը մոր ու 4 տարեկան եղբոր հետ հրթիռակոծվող Հադրութից Երևան է եկել ու իր ուսերին վերցրել տան տղամարդու պարտականությունները․ տղան առցանց խանութ է հիմնել ու ապրանքներ է վաճառում։

Վանյանների ընտանիքում տան միակ բիզնեսմենի մասին Facebook-ում գրառում է արել բարեկամուհին, 2-3 օրում Բորիսի բիզնես-էջն արդեն մոտ 20,000 հետևորդ ունի ու տասնյակ պատվերներ։

PanARMENIAN.Net ը խոսել է «հրաշագեղ, հարազատ, անկոտրում, հավերժ» բառերով Հադրութը նկարագրող տղայի հետ, ով իր հավաքած Notebook-ի գումարը «գործի մեջ» է դրել՝ գործելու համար ու ով այժմ երազում է՝ պատերազմը վերջանա, հայրը գա, զինվորներ չզոհվեն, իրենց տունն էլ վառված չլինի։

Ինչպե՞ս է առաջացել օնլայն խանութ բացելու միտքը: Հայաստանում ես մտածել, թե վաղուց կար նման գաղափար։ Ինչպե՞ս ես ընտրել անունը, ի՞նչ սկզբունքով ես ընտրել այն ապրանքները, որոնք պետք է վաճառվեն։
Միտքն առաջացել է Երևանում: Հասկացա, որ պետք է գումար աշխատել. հայրիկս սահմանում է, իսկ ես իմ մոր և փոքր եղբոր հետ այստեղ՝ պետք է մի ձև պահել ընտանիքը:

Անվան ընտրության որևէ պատություն չկա, ուղղակի «շոփ» բառին իմաստով մոտ բառեր էինք ավելացնում: Ապրանքներն այս սկզբունքով էի ընտրում՝ եթե դուր գա ինձ, եթե ես դա կառնեի, ուրեմն ուրիշներն էլ կգնեն:

Երևի մարդիկ յուրաքանչյուր որոշում կայացնում են ինչ-որ վերջնական նպատակի հասնելու համար․ ի”նչ նպատակով ես դու որոշել օնլայն բիզնես հիմնել։
Այս պահին նպատակս աշխատածս գումարով ընտանիքս պահելն է: Ուրիշ երազանքներ էլ ունեմ: Տեսնենք՝ թող դեռ պատերազմն ավարտվի, կամաց-կամաց բոլորը կիրականացնեմ:

Facebook-ում շատ բիզնես-էջերի արդեն հավանումներով գերազանցել է քո էջը, իսկ պատվերներ կա՞ն արդեն։ Առաքումն է՞լ ես դու անում։
Պատվերները շատ են։ Արդեն օրական 70 պատվեր է գրանցվում՝ մի օրում ամբողջ առկա ապրանքը վերջացավ, հիմա նոր տեսականի եմ ավելացնում: Առաքումները կատարում է առաքիչը, ես հազիվ հասցնում եմ ապրանք ընտրել, տեղադրել, էջին հետևել, սովորել նաև:

Հիմա ուզում եմ ավելի հետաքրքիր, որակով ու զանազան ապրանքներ դնել էջում: Նաև բարեհամբույր վերաբերվել հաճախորդներին, արագ պատասխանել նրանց նամակներին: Անընդհատ ուսումնասիրում եմ շուկան: Երկար ճանապարհ կա անցնելու:

Քո մասին պատմող հրապարակման մեջ գրված էր, որ հեռախոսիդ համար հավաքած գումարն ես «գործի մեջ դրել»։ Ի՞նչ հեռախոս էիր ուզում գնել։
Իրականում ոչ թե հեռախոս, այլ նոութբուք էի երազում գնել, ու դրա համար էի գումար հավաքում: Բայց, երբ եկա այստեղ, հասկացա, որ այս երազանքս պետք է դեռ մի կողմ դնել, այդ գումարը ծախսել նպատակային: Որոշեցի հավաքածս փողով մի քանի աքսեսուար առնել և ինտերնետ-խանութ բացել:

Տանը բիզնեսով զբաղվող կա՞՝ բացի քեզնից։ Քո կարծիքով ի՞նչ է պետք լավ բիզնեսմեն դառնալու համար։
Մեր տան առաջին բիզնեսմենը ես եմ: Լավ բիզնեսմեն դառնալու համար պետ է շատ աշխատել, միշտ աշխատել, շատ սովորել, հմտություններ ձեռք բերել, միշտ նոր բաներ փնտրել, երբեք չծուլանալ:

Ի՞նչ երազանք ունես (երբ 14 տարեկան արցախցի տղա ես)։
Այս պահին ամենամեծ երազանքս այն է, որ պատերազմը վերջանա, որ հայրս վերադառնա, որ մեր քաջ զինվորները այլևս չզոհվեն, որ մեր Հադրութի տունը վառված չլինի, որ վերադառնանք:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
---