Ալեքսանդր Մաշկեւիչ.

Հայ հանրության եւ սպյուռքի աջակցությունն ավելի կամրապնդի հրեական պետությունը

PanARMENIAN.Net - Հարցազրույց Եվրասիական Հրեական վեհաժողովի (ԵԱՀՎ) նախագահ Ալեքսանդր Մաշկեւիչի հետ
Պարոն Մաշկեւիչ, ինչպե՞ս Դուք կմեկնաբանեիք Իսրայելում տիրող ներկա իրավիճակը:

«Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողության ընթացքում իսրայելցիները տոկունություն եւ համախմբվածություն են ցուցաբերում զինված ահաբեկչության դեմ: Երկրում լավ զարգացած է քաղաքացիական պաշտպանության համակարգը, սակայն ահաբեկիչների հարձակումներից ավելի շատ տուժել են բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ: Իսրայելի հյուսիսը հասու է լիբանանյան տարածքից ռմբակոծման համար, զոհերի թիվը հասել է տասնյակների, իսկ տուժածներինը` հարյուրների: Հրթիռները սկսել են պայթել ոչ միայն հրեական շրջաններում, այլեւ իսրայելցի արաբների տներում, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ քրիստոնյաների համար սուրբ Նազարեթ քաղաքում: Բացի այդ, հարվածի տակ են հայտնվել մարդասիրական նշանակության կառույցներ: Ավերածությունների է ենթարկվել երկաթուղային դեպոն եւ ջրամատակարարման կայանը, որոնք, ի տարբերություն «Հեզբոլլահի», իսրայելցիները ռազմական նպատակներով չեն օգտագործում:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Իսրայելի հյուսիսի բնակիչներին, ովքեր լքել են իրենց տները պատերազմի պատճառով:

Հյուսիսում իրավիճակը ժամանակի ընթացքում կնորմալանա, սակայն պետությունն արդեն հիմա օգնում է առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: Ինչպես հրեական սփյուռքի այլ կազմակերպություններ, այնպես էլ իմ գլխավորած Եվրասիական Հրեական վեհաժողովն ու «ԱՊՀ Կերեն Աեսոդ» հիմնադրամը իրենց մշտական ներդրումն են ունենում մեր հայրենակիցներին օգնելու եւ տեղավորելու գործում: Ստիպված վերաբնակիչներին օպերատիվ կարգով տեղավորում են հյուրանոցներում, կազմակերպում են նրանց սնունդն ու ժամանցը: Գաղթականները պահպանել են իրենց աշխատատեղերը, նրանք ստանում են աշխատավարձ, թոշակ եւ օգնություն: Այսպիսի սոցիալական քաղաքականությունն ամրապնդում է իսրայելցիների հայրենասիրությունը եւ ստեղծված խնդիրները լուծելու ցանկությունը` չդիմելով արտագաղթի:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը եւ մեր երկրի հանրությունն իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման հարցում:

Առաջին հերթին, ուզում եմ նշել Իսրայելի բանակում ծառայող հայերի անձնազոհությունը: Ցավոք սրտի, այս երկու պետությունների գոյությունը պատմականորեն իրենց պատկանող հողերի վրա ցանկալի չէ բազմաթիվ արմատական իսլամիստների համար` աշխարհով մեկ: Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում փոխզիջմանը տեղ չկա, այդ պատճառով հայ հանրության եւ սպյուռքի աջակցությունն ավելի կամրապնդի հրեական պետությունը, որն առաջին գծում է գտնվում մեր ժողովուրդների համար ընդհանուր այդ չարքիքի դեմ պայքարում:

Զրուցել է Արմեն Սաֆարյանը
Արմեն Սաֆարյան
---