Պիտեր Սեմնեբի.Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին19 նոյեմբերի 2007 PanARMENIAN.Net - Եվրամիությունը գնալով ավելի շատ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին: Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ անկայուն ներքաղաքական իրավիճակը Վրաստանում ոչ միանշանակ արձագանք են ստացել ԵՄ-ում եւ, որպես հետեւանք, առանձնակի ուշադրությունն է այն երկրների հանդեպ, որոնք ներգրավված են Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրում: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) վերջին զեկույցը: Ես համաձայն եմ ՄՃԽ-ի հանձնարարականներին հատկապես այն մասով, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի այն առաջարկներին, որոնք այժմ բանակցությունների սեղանին են: Ես նաեւ գտնում եմ, որ պետք չէ օգտագործել Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները հակամարտության կարգավորումը ձգձգելու համար: Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն ազդեցության բոլոր միջոցներն ունի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, սակայն մենք կարող ենք աջակցել միայն հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատմանը: Ենթադրվում է, որ կողմերը չեն օգտագործի ԵՄ-ն որպես ճնշման միջոց հակամարտության կարգավորման համար: Մեր դիրքորոշումը մնում է նույնը` ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի շրջանակներում: Թույլ տալիս եք արդյո՞ք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն ղարաբաղյան հակամարտության գոտում: Քանի դեռ չկա ոչ մի գոնե նախնական համաձայնագիր կողմերի միջեւ, պատերազմի հավանականությունը միշտ պահպանվում է: Իրավիճակը կարող է կայուն թվալ, սակայն միջադեպեր հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լինում են գրեթե ամեն շաբաթ: Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է մարտական գործողությունների պատճառ դառնալ: Պետք է ընդգծեմ, որ ԵՄ-ն չունի միջադեպերին հետեւելու մանդատ եւ մոտ ապագայում չի ունենա: Կարո՞ղ է արդյոք ռազմական բյուջեների աճը պատերազմ հրահրել: Մեզ շատ է մտահոգում Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների աճը: Ադրբեջանն արագ զարգանում է եւ իրեն ուժեղ է զգում, սակայն դա չի նշանակում, որ նա կարող է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով կամ տնտեսական ճնշման միջոցով: Ադրբեջանի այդ հույսերը չափազանցված են, Հայաստանը եւս զարգանում է, եւ բնականաբար, ավելացնում է ռազմական ծախսերը: Իրավիճակն աշխարհում մշտապես փոխվում է, եւ իրավիճակը, որը կայուն էր թվում 1-2 տարի առաջ, այժմ կարող է փոխվել: Ես կարծում եմ, որ այստեղ առիթ կա վերաիմաստավորելու իրավիճակը: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս ներքաղաքական իրավիճակը Վրաստանում: Ես Երեւան եմ ժամանել Թբիլիսիից եւ չէի ցանկանա շահարկել այդ թեման, սակայն իրավիճակն այնտեղ արդեն կայունանում է: Նախագահը նոր վարչապետ է նշանակել, ընդդիմության հետ երկխոսություն է գնում: Սակայն լարվածությունը պահպանվում է եւ երկու կողմերն էլ պետք է զգուշավոր լինեն: Նոյեմբերի 17-ին Կոսովոյում ընտրություններ տեղի ունեցան, որից հետո Խաշիմ Տաչին, որի կուսակցությունը հաղթել է ընտրություններում, հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին կհռչակվի Կոսովոյի անկախությունը Սերբիայից: Ինչի՞ կարող է հանգեցնել այդ քայլը: Ես հուսով եմ, որ Կոսովոյի անկախության հռչակումը ապակայունացնող գործոն չի դառնա Բալկաններում: ԵՄ-ն այդ հարցում ելնում է նրանից, որ Կոսովոյի խնդիրն առանձնահատուկ է: Ի դեպ, դա վերաբերում է բոլոր չլուծված հակամարտություններին: Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն, իր առանձնահատկությունն ունի եւ հարկավոր է գտնել համապատասխան լուծում յուրաքանչյուրի համար առանձին, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը: Կոսովոյի խնդրի լուծումը չպետք է ազդի այլ հակամարտությունների կարգավորման վրա, սակայն, հավանաբար, անխուսափելի է այն, որ Կոսովոն հույսեր եւ մտավախություններ կառաջացնի այլ չլուծված խնդիրների դեպքում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կողմ է ցանկացած հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի տեսակետից: Դուք արդեն խոսել եք ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծման մասին: Ինչպե՞ս են դա պատկերացնում ԵՄ-ում: Ես համոզված եմ, որ կարելի է վստահելի հարաբերություններ հաստատել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ: Ես չգիտեմ, երբ իր վերջնական լուծումը կստանա ղարաբաղյան հարցը, սակայն շատ կարեւոր է, որ ժողովրդները կարողանան նորմալ շփվել մինչ լուծումը, այժմ: Դուք միշտ կողք կողքի եք ապրելու, դա է իրականությունը: Երբ հարեւան ժողովրդները չեն շփվում, ստեղծվում է աննորմալ եւ վտանգավոր իրավիճակ: Լավագույն դեպքում արդեն սերունդ է մեծացել, որ չի ճանաչում միմյանց, վատագույն դեպքում` ստեղծվել է թշնամու կերպար: Եթե դա այդպես է, ապա գնալով ավելի դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել: Նույնը կարող եմ ասել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Իրավիճակը գրեթե նույնն է, սակայն այստեղ կարելի է ավելին անել: Թուրքիան առավել բաց պետք է լինի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա իր կողմից կարող է ընդունել այն թուրքական առաջարկները, որոնք չեն վերաբերում կարեւոր խնդիրներին: Ճիշտ է, շատ ավելի լավ եւ դյուրին կլիներ, եթե Թուրքիան անդամակցեր ԵՄ-ին, այն ժամանակ, Հայաստանը կլիներ եվրոպական մի երկրի հարեւան: Սակայն Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին շատ եւ շատ երկար գործընթաց է, եւ ոչ ոք չգիտի թե երբ այն կավարտվի: | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |