Սամվել Մուրադյան.

Վարպետի ձեռագիրը թվայնացնելու համար վարպետների աշխատանք է հարկավոր

PanARMENIAN.Net - Սարքավորումների ձեռքբերումը «Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած միջոցներով թույլ կտա նոր որակով շարունակել Հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի ֆոնդի թվայնացումը: Թվայնացման առանձնահատկությունների եւ Ինտերնետում հին ձեռագրերի հասանելի որոնողական բազա ստեղծելու հնարավորության մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մատենադարանին տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերող «Ավիաինֆոտել» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Սամվել Մուրադյանը:

Պարոն Մուրադյան, դատելով ԶԼՄ-ների հաղորդագրություններից, ֆոնդերի թվայնացման աշխատանքների եռամյա ժամկետում հաջողությամբ թվայնացվել է 1200 գիրք կամ 1 մլն էջ: Ո՞րն է այդ մանրակրկիտ ու աշխատատար գործի յուրահատկությունը:
Մատենադարանի ձեռագրերի թվայնացման շուրջ վերջերս բազում հրապարակումներ են եղել ԶԼՄ-ներում, դրանցից ոչ բոլորն են ճիշտ արտահայտում այդ աշխատանքի էությունն ու նպատակը: Անդրադառնալով որոշ հաղորդագրությունների, կարելի է մտածել, թե Մատենադարանն այն գրադարաններից մեկն է, որտեղ այսօր բուռն տեմպերով թվայնացվում են ֆոնդերը եւ, որ Մատենադարանի ֆոնդի թվայնացման աշխատանքները կարող են գնահատվել թվայնացված գրքերի ու էջերի քանակով: Բանը նրանում է, որ Մատենադարանի ֆոնդը կազմում են միմիայն ձեռագիր աշխատություններ, որոնք հիմնականում նկարազարդ են եւ նկարները կազմում են աշխատության բովանդակության մաս: Առանց այդ նկարների ուսումնասիրության, միայն տեքստերի ուսումնասիրությունը ստացվում է թերի, քանի որ նկարները, բացի գեղագիտական եւ տեխնոլոգիական հետաքրքրություն ներկայացնելուց, կազմում են բովանդակության մաս: Դրանք հիմնականում մանրանկարներ են. արտահայտիչ դիմագծերով մարդու դեմքը, օրինակ, ներկայացված է 0.5 քառակուսի սանտիմետրի մեջ, իսկ աչքի բիբը միլիմետրի մաս է կազմում: Նման մանրանկարների ուսումնասիրության համար օգտվողը պետք է ունենա ընտրված հատվածի միկրոսկոպիկ խոշորացման հնարավորություն: Նման նկարազարդ ձեռագրերի թվայնացման պահանջները բոլորովին տարբեր են տպագիր հրատարակության թվայնացումից: Պետք է ասել, որ տպագիր գրքի թվայնացման հիմնական նպատակը էջի որակյալ պատկեր ստանալն է, որը բավարար կլինի տեքստի մեքենայական ընթերցման եւ մեքենայական կոդերի այն վերածելու համար: Անիմաստ է ստանալ տպագիր տեքստի էջի բազմակի խոշորացված պատկերը, իսկ մեքենայական ընթերցման համար ավելի քան բավարար է տեքստի մեծացումը երկու անգամ: Մատենադարանի ֆոնդի տեքստային բովանդակությունը մեքենայական ընթերցման պրակտիկորեն ենթակա չէ, այս դեպքում էջը հարկավոր է մեծացնել որքան հնարավոր է շատ, քանի որ անիմաստ կլինի դիտել պատկերն առանց այն խոշորացնելու, նույնքան անիմաստ, եթե առանց մանրադիտակի նայենք բրնձի հատիկին, որի վրա փորագրված է ուղտերի քարավանը: Ձեռագրի էջի թվայնացման նվազագույն որակը պետք է թույլ տա գոնե հնգակի խոշորացում:

Որքա՞ն ժամանակ է պահանջվում ձեռագրի մեկ էջի թվայնացման համար:
Մեկ էջի թվայնացման համար, որը վարպետը գրել է, ասենք 5-րդ կամ 11-րդ դարում, ստիպված ենք աշխատել երկու ժամից ավելի: Թվայնացված պատկերները պետք է լինեն այնպիսի որակի, որ հետազոտողը հնարավորություն ունենա տեսնելու նկարի մանրամասները: Ստանդարտ թվայնացման որակով ստացված ձեռագիր էջի պատկերը ունենալը չի վերացնում գիրքը պահոցից հանելու խնդիրը, որը նշանակում է՝ չի վերացնում ձեռագիրը վնասելու վտանգը եւ դրա հետ կապված սահմանափակումները սովորական օգտվողի համար: Բարդությունը կայանում է նրանում, որ ձեռագրի թվայնացման ժամանակ ցանկացած սկաներ, լուսանկարչական ապարատ կամ լուսավորման ցանկացած լամպ չես կարող օգտագործել: Սկանավորման բարդ գործընթացից հետո պատկերը անցնում է նաեւ հատուկ համակարգչային մշակում, որից հետո միայն օգտվողը կարող է աշխատել նրա հետ` վստահ լինելով, որ տեսնում է էջն այնպես, ինչպես կտեսներ այն մանրադիտակով ուսումնասիրելու դեպքում: Եթե տպագրական հաստոցով տպագրված գրքի թվային մշակման համար կարող է օգտագործվել սկանավորման հաստոց, ապա վարպետի ձեռագրի թվայնացումը վարպետների աշխատանք է պահանջում: Նոր հաստոցները Մատենադարանին հարկավոր են ոչ այնքան թվայնացման աշխատանքների արագացման համար, որքան այն նյութերի որակի բարելավման համար, որոնք հետագայում կներկայացվեն ընթերցողին գիրքը հնարավորինս քիչ վնասելու համար, որն արդեն ամեն առիթով չեն հանի պահոցներից:

Ըստ տարբեր աղբյուրների դեռեւս չի թվայնացվել 12 մլն էջ եւ նախատեսվում է նոր սարքավորումներ ձեռք բերել «Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով: Որքանո՞վ դա կարող է արագացնել թվայնացման գործընթացը:
Որքան ինձ հայտնի է, նոր սարքրվորումները շուտով ձեռք կբերվեն: Անշուշտ, երբ խոսք է գնում անսովոր նյութերի հետ անսովոր աշխատանքի մասին, որի հետ մենք բախվում ենք Մատենադարանի ֆոնդերը մշակելիս, ապա սարքավորումների ձեռք բերումը ոչ միայն դրամական միջոցների խնդիր է: Մենք ստիպված ենք ձեռք բերել համալիր սարքավորումների բաղադրիչները տարբեր արտադրողներից եւ բավականին շատ ժամանակ ենք ծախսում դրանց համատեղելիության, օգտագործման արդյունավետության եւ այլ բնութագրերի ուսումնասիրության վրա: Սակայն պետք է վշտացնեմ ձեզ, քանի որ ֆոնդի մշակումն արագացնելու համար, ձեռքբ բերվող սարքավորումները բավարար չեն: Այն համալիր տեխնիկական միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն աշխատանքների արագացման համար, պետք է ներառեն մեքենայական համալիրների կազմակերպում, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել տվյալների հսկայական զանգվածի հավաքումը, պահպանումը եւ մշակումը: Նման զանգվածների հուսալի պահպանությունն ու կառավարումը ինքին բավականին բարդ խնդիր է: Մենք այժմ աշխատում ենք համալիրի առանձին մասերի վրա, որոնք կարող են ապահովել անհրաժեշտ աշխատանքը պատկերների, այն է` սկանավորման, ստուգման եւ խոտանի հայտնաբերման, որոնողական կատալոգներում գրանցման ու զետեղման, կրկնական պատճենահանման տվյալների հետ համակցման, ռեզերվային արխիվացման, օգտվողներին տվյալների տրամադրման կառավարման եւ վերահսկման գործընթացները: Ինչպես տեսնում եք, համալիրը բավականին բարդ է եւ կրթության ու գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի գնահատմամբ` բավականին թանկարժեք: Էջերի մշակման արագության իրական գնահատումը, որը կապահովի պատկերների փնտրումն ու ստացումը օգտվողների կողմից, կարող է արվել նման նախագծի մշակումից հետո:

Ի՞նչ ժամկետում Ինտերնետում հասանելի կլինեն մինչ այժմ թվայնացված բոլոր ձեռագրերը:
Ցանկացած գրադարանային ֆոնդի թվայնացումը միանգամային որոշակի նպատակներ է հետապնդում: Դա որոնողական բազայի ստեղծումն է, որից էջի լուսապատճենը պետք է տրամադրվի օգտվողին, ինչպես ֆոնդի կատալոգիզացման ընդունված կանոնների համաձայն, այնպես էլ լրացուցիչ` գրքի բովանդակության շրջանակներում որոնման դեպքում: Տեքստի բովանդակության որոնման հնարավորությունը թվյանացման անմիջական նվաճումն է եւ ինքին նորույթ է գրադարանային գործում: Բազայի ստեղծման միջոցով, գրադարանը հասնում է օգտվողի սպասարկման բարելավման, տրամադրելով նրան մի նյութ, որն իր որակով գերազանցում է գիրքը, ինչպես որոշակի խոշորացմամբ պատճենահանված ցանկացած էջի պատկերի որակով, այնպես էլ` մեքենայական կոդերի վերածված տեքստերի փնտրման ու ընթերցանության հնարավորության առումով: Իսկ իր եւ սերունդների համար գրադարանն այդպիսով լուծում է ֆոնդը վնասվելուց պահպանելու եւ վիրտուալ արխիվի ստեղծման խնդիրը, եթե հանկարծ գրքերը վնասվեն կամ ոչնչանան տարերային աղետների կամ վթարների արդյունքում: 12-13 մլն էջը բավականին փոքր սովորական գրադարանի ֆոնդ է: Օրինակ, ՀՀ Ազգային գրադարանի ֆոնդը հաշվվում է 12 մլն նմուշ գրքով, ոչ թե էջով: Եթե այդ 12 մլն էջը տպագիր լիներ, դրանց թվայնացումը մեկ ստանդրատ հաստոցի վրա կկատարվեր ժամում 2500 էջ արագությամբ, նշանակում է` կավարտվեր 650 աշխատանքային օրում, այսինքն` 3 տարում: Մատենադարանի դեպքում, ձեռագիրը չպետք է շփվի հաստոցի հետ, չի թույլատրվում օգտագործել պայծառ լույսը, ինչն արվում է սովորական հաստոցների դեպքում: Սկաների պայծառության, զգայունության եւ այլ բնութագրերը պետք է փոխվեն ըստ սկանավորվող պատկերի գրեթե յուրաքանչյուր էջի համար, քանի որ դրանք ոչ միշտ է հարկավոր սկանավորել հաջորդաբար: Համապաստախանաբար, խնդիրներ են առաջանում խոտանված էջերի հաշվառման խնդիրների հետ կապված, ինչը նույնիսկ ժամում մի քանի տասնյակ էջ մշակման արագության դեպքում մեկ հաստոցի վրա գործնականում անհասանելի է, իսկ այդ էջերի զետեղումը գրքի տեքստերը պարունակող որոնողական բազաներում մի առանձին ծանր, աշխատատար գործ է, քանի որ տարբեր բարբառներով գրված ձեռագրերը կարող են հավաքել համակարգչի վրա միայն բարձր կարգի մասնագետները:

Ինչ վերաբերում է www.matenadaran.am կայքէջում մեկ միլիոն էջի զետեղմանը, ապա դա տեղի կունենա էջերի խոտանի հայտնաբերման եւ կրկնակի սկանավորումից հետո միայն, ինչպես նաեւ այն ժամանակ, երբ կավարտվեն ձեռագրերի թվայնացման աշխատանքները: Բարեբախտաբար, ծրագրային միջոցներն ու սարքավորումները բավարար են` օգտվողների կողմից ողջ ֆոնդի հիմնական մասում փնտրումը ապահովելու եւ ըստ պահանջի անհրաժեշտ պատճենները տրամադրելու համար, ինչն էլ ամեն օր կատարում է Մատենադարանն, օգտագործելով արդեն իսկ ներմուծված որոնողական համակարգերը:

Ի՞նչ նոր նախագծեր է մշակել այս փուլում ձեր ընկերությունը:
Ֆրանսիացիներն ասում են` նա բաց թողեց լռելու հիանալի հնարավորությունը: Ցավոք, պատասխանելով ձեր նախորդ հարցերին, ես լռելու հնարավորություն չունեի եւ ստիպված էի շատ խոսել: Այժմ, ես առաջարկում եմ ձեզ այցելել www.menq.am կայքէջը եւ բջջային հեռախոսից` wap.zvartnots.am եւ http://maps.menq.am հասցեները, եւ ես կարծում եմ, որ դա ինձ լռելու հիանալի հնարավորություն կտա :

Զրուցել է Գայանե Միրզոյան

Գայանե Միրզոյան
---