Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով` տնտեսական ֆրանկոֆոնիայի թեմայով

Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով` տնտեսական ֆրանկոֆոնիայի թեմայով

PanARMENIAN.Net - «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է «Ընդհանուր արժեքներից դեպի ընդհանուր շահ. տնտեսական ֆրանկոֆոնիայի մարտահրավերներն ու ընձեռած հնարավորությունները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանը:

Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանն ասել է. «Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և այսօր գործնական համագործակցություն է հաստատվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: Կարծում եմ` հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև ֆրանկոֆոնիայի հրաշալի ավանդույթները, Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, որը հայ-ֆրանսիական համագործակցության փայլուն օրինակ է, կրթական, գիտական,մշակութային արդյունավետ երկխոսությունը լավ հնարավորություններ են տալիս համագործակցությունը տեղափոխել դեպի տնտեսական դաշտ:

Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական խնդիրների` ինչպես օրինակ փոքր և միջին ձեռներեցներին հուզող խնդիրների, արտահանման հարցերի և տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող հարցերի համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է աշխուժացնել կապերը և խթանել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջև և ընդհանուր արժեքներից անցնել տնտեսական շահերի:

Գիտաժողովը կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի բարձր հովանու ներքո և նպատակ ուներ համալսարանական, գործարար շրջանակներին իրազեկել տնտեսական ֆրանկոֆոնիայի գաղափարի և դրա բազմաթիվ` նորարարական, մարդկային ու սոցիալական դրսևորումների մասին, ինչպես նաև բացահայտել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջև ներդրումներն ու փոխանակումները դյուրացնող միջոցները: Գիտաժողովին մասնակցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պետական այրեր, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---