Կանանց գեղեցկություն նվիրելը դարձել է նախընտրական քարոզչության նոր մեթոդ

Կանանց գեղեցկություն նվիրելը դարձել է նախընտրական քարոզչության նոր մեթոդ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ըստ ինտերնետային հարցման առաջիկա խորհրդարանական ընտրություններում 11% ձայն կհավաքի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը, հույս հայտնելով, որ ընտրություններին կհավաքեն 15%:

«1990-ից ի վեր քարոզչության մեթոդները չեն փոխվել, և բոլոր արատավոր երևույթները, որ սկիզբ առան այդ ժամանակ, դեռ գործում են»,- ասաց Ռուբեն Թովմասյանը, ավելացնելով, որ ժողովուրդն արդեն զզվել է այս համակարգից:

Ռուբեն Թովմասյանը նշում է, որ Հայաստանում սկսել է գործել պուտինյան մեթոդը` նախընտրական քարոզարշավը սկսել մինչև պաշտոնապես քարոզարշավի մեկնարկը: Ըստ նրա, որոշ կուսակցություններ արդեն սկսել են իրենց քարոզարշավը, մեկը մուրաբա բաժանելով, մյուսը ցուցակագրելով, մի երրորդն էլ, որի անունը չցանկացավ նշել ՀԿԿ առաջնորդը, նստել է գեղեցկության սրահում և կուսակցության անունից վճարել սրահում գեղեցկացող կանանց ծախսերը:

Ռուբեն Թովմասյանը նշեց նաև, որ իրենք քարոզարշավը կսկսեն ապրիլի 8-ից, ինչպես որոշված է օրենքով: Իսկ այս ասուլիսը քարոզարշավ չի համարում, քանի որ իրենք չեն խոսում կուսակցության ծրագրերից:

Այնուամենայնիվ, ասուլիսի վերջում ՀԿԿ առաջնորդը ներկայացրեց կուսակցության ծրագրերից 2ը:

 Ուշագրավ
---