Պեկինում նշել են ՀՀ և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

Պեկինում նշել են ՀՀ և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը

PanARMENIAN.Net - 2012թ. ապրիլի 6-ին Չինաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին ՉԺՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության միության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:

Ողջույնի խոսքով հանդես եկան Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի (ՉԺՀ խորհրդարանի) Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Ձյան Շուշենը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Ելույթ ունենալով հանդիսության մասնակիցների առջև` Ձյան Շուշենը ՉԺՀ կառավարության և չին ժողովրդի անունից իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայաստանի ղեկավարությանը և հայ ժողովրդին: Դեսպան Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ անցած քսան տարիների ընթացքում երկու երկրների կողմից իրականացվել է հսկայական համատեղ աշխատանք, որի արդյունքում արձանագրվել են լուրջ հաջողություններ համագործակցության բոլոր բնագավառներում: Ընդունելության ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը ներկայացրեց և հայկական կողմին հանձնեց 20 տարիների ընթացքում երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ժողովածուն և տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններն ու հիշարժան իրադարձությունները պատկերող ֆոտոալբոմ, որը պատրաստվել էր ՉԺՀ ԱԳՆ կողմից Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---